HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Երիտասարդները Բարաք Օբամայից պահանջում են վերականգնել արդարությունը

21_04-heritage-manifestatioՈրքան մոտենում է ապրլի 24-ը, այնքան ավելի են ակտիվանում խոսակցությունները այն հարցի շուրջ, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում կարտասանի, արդյոք, ցեղասպանություն բառը: Այսօր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամները երթ էին նախաձեռնել դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Ակցիայի մասնակիցները Բարաք Օբամային հորդորում են կատարել նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և հայրենազրկումը: «Մենք 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ մշեցիների, սասունցիների, վանեցիների, կիլիկիացիների....թոռներս ու ծոռներս, նոր սերնդի ներկայացուցիչներս համբերատար սպասում ենք, թե մեզ երբ է միջազգային իրավունքի տառին համապատասխան հնարավրություն տրվելու վերադառնալ մեզանից բռնազավթված հայրենիք ու վերատիրանալ մեզ պատկանող կալվածքներին` հողերին ու տներին...Անարդարությունը, միջազգային ատյանների կամ հզոր տերությունների անտարբերությունը կարող են մեծացնել կորսված և արհամարհված իրավունքները սեփական միջոցներով վերականգնելու, զորեղ, բայց բիրտ ուժի դեմ ասիմետրիկ ուժ կիրառելու գայթակղությունը, ինչը հղի է բոլորիս համար նոր մարտահրավերներով և ի զորու է սասանել անվտանգության և կայունության հիմքերը ամբողջ աշխարհում»,- ասված է Բարաք Օբամային ուղղված նամակում: Ակցիայի մասնակիցները չգիտեն` կճանաչվի Ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից, թե ոչ, բայց համոզված են, որ լռել չի կարելի: Հետեւաբար, այս ակցիայի միջոցով փորձում են ցույց տալ, որ իրենք հետևողական են այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում. «Պետք է ցույց տանք աշխարհին, որ Հայաստանի երիտասարդությանը հետաքրքրում է արդարության վերականգնումը: Աշխարհի հայաշատ երկրներում նմանատաիպ ակցիաներ լինում են, բայց Հայաստանում բոլոր ակցիաները սահմանափակվում են ապրիլի 23-24-ով, և երբևիցե այդ ակցիների ժամանակ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել Ցեղասպանության ընդունման»,- ասաց Ժառանգության երիտասարդական հարցերի հանձնախմբի համակարգող Դանիել Իոնեսյանը: Երթի դուրս եկած երիտասարդների համար ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը նշանակում է ևս մեկ քայլ դեպի այն, որ Թուրքիան ևս կճանաչի ցեղասպանությունը, «քանի որ գերտերությունների միությունը կստիպի Թուրքիային հրաժարվելու իր շովինիստական քաղաքականությունից»: Երբ երիտասարդները Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 21 երկրների դրոշները պարզած փորձեցին Մարտիրոս Սարյանի արձանի մոտից Մաշտոցի պողոտայով շարժվել դեպի ԱՄՆ դեսպանատուն, ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը` պատճառաբանելով, թե երթն անօրինական է, քանի որ քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն երիտասարդները նախօրոք չեն ստացել: Կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի այն դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցների թիվը չի անցնում 99-ից և չի համարվում զանգվածային միջոցառում, հետևաբար իրենք թույլտվության կարիք չունեն, Կենտրոնի ոստիկանությունից գումարտակի հրամանատար Վարդան Գևորգյանն ասաց. «Մենք չենք թույլատրում, հարյուր հոգուց ավել մարդ կա այստեղ, մեր աչքաչափով 150 հոգի մարդ կա այստեղ, գնացեք բողոքարկեք տարբեր ատյաններ, եթե ոստիկանների գործողություններն անօրինական են»: Երիտասարդները կրկին առարկեցին, որ 55 մարդուց ավել չի լինի և ոստիկաններին առաջարկեցին միասին հաշվել: Ի վերջո, Վարդան Գևորգյանը, շրջելով երիտասարդների միջով, հայտարարեց, որ հեռվից շատ մարդ է երևում. «Կարող է ձեր կուսակցությունով 50 հոգի եք, բայց ձեր կողքից տես ինչքան մարդ է գալիս»: Ոստիկանները և երիտասարդները, այնումենայնիվ, կարողացան համաձայնության գալ և երթը շարոնակվեց: Ակցիայի մասնակիցները, դրոշները պարզած և Հայաստանի հիմնը երգելով, հասան դեսպանատուն և նամակը հանձնեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter