Բաց նամակ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին
ՀՀ Նախագահ` պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ` պարոն Հ. Աբրահամյանին
ՀՀ Վարչապետ պարոն Տ. Սարգսյանին
Ռուզաննա Լիպարիտի Ղազարյանից
ԴԻՄՈՒՄ (եթե կուզեք` նաև` ԲԱՑ ՆԱՄԱԿ)
Հարգելի պարոնայք,
Սույնով ես դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ մոր անունից, որպես նրա օրինական լիազոր ներկայացուցիչ, այլ նաև հենց իմ իսկ անունից, և ակնկալում եմ ձեր բոլորի առանձին-առանձին պատասխանը, և ոչ թե այն անձանց պատասխանը` ում նկատմամբ սույն գրությամբ հայտնում եմ իմ բողոքն ու միանշանակ անվստահությունը:
Քանզի` Ձեր պատասխան-արձագանքից կախված կլինի այն վերաբերմունքը, որ ներկայիս իշխանությունների նկատմամբ կունենան, հավատացեք` ոչ քիչ թվով մարդիկ, որոնք միանշանակ հարգում և հենվում են իմ կարծիքի վրա և, միաժամանակ, քաջատեղյակ են նեքոնշվող անցուդարձին:
Հարցը վերաբերվում է բազմաչարչար Դալմայի այգիներին:
Սակայն, մինչ հիմնական խնդրին անցնելը, թույլ տվեք մի փոքր նախաբան.
-հայ ազգի ամենամեծ զավակներից մեկի` Հրաչյա Ներսիսյանի ոչ պակաս մեծապատիվ որդին` Լևոն Ներսիսյանն իրեն տված այն հարցին, թե քեզ բաժին հասած այս նեղ պայմաններում ինչո՞ւ չես թողնում այս երկիրն ու գնում մեկ այլ երկիր, պատասխանել է. «Ես խարիսխ եմ: Ես պետք է մնամ, որ Հայաստան կոչվող այս նավը կանգուն մնա ու չկործանվի: Ու, եթե այս նավի վրայի կռիսները (իմա` առնետները) և, նույնիսկ, նավապետն անգամ թողնեն նավը…, Ե ս - Խ ա ր ի ս խ ս` մնալու եմ…»: Եվ ՄՆԱՑ:
Նա մնաց: Ես էլ, թեև բոլորովին հավակնություն չունեմ համեմատվելու այդ Մեծ մարդու հետ, յուրովի ինքս էլ նման մի խարիսխ եմ (կյանքն է այդպիսին դարձրել), ու, եթե այսպես շարունակվի, ես կասկածում եմ իմ (ու իմ շրջապատից շատ-շատերի) այստեղ մնալու հավանականության մեջ, ու ոչ մի սփյուռքի նախարարության «Տուն Արի» ծրագիր չի համոզի, որ սա ետ դառնալու երկիր է:
Այն, որ ես էլ եմ «խարիսխ», դա ես հիմա հաստատ գիտեմ:
Խարիսխ եմ իմ ընտանիքի անդամների համար, իմ ընկերներից շատերի համար, ինձ ճանաչող բազմաթիվ այլ անձանց համար. որոնք մասնագիտությանս բերումով, նեղն ընկնելու դեպքում` օրվա բոլոր ժամերին վստահաբար դիմում են ինձ:
Նույնիսկ, իմ նախկին բոլոր անմիջական ղեկավարների համար ինքնաբերաբար եղել եմ «խարիսխ»:
Տարօրինակ զուգադիպությամբ նրանք բոլորն արտասահմանյան գործուղումների և տարբեր այլ այցելությունների մեծ հակում ունեին և բոլորովին էլ չէին զսպում իրենց այդ հակումը: Ընդհակառակը, բոլորն էլ բոլոր հնարավորություններն օգտագործում էին` ինչքան հնարավոր է շատ լինել արտասահմանում: Պատկերացրեք` եղել է դեպք, երբ հաջողեցրել են մասնակցել նույնիսկ Հռոմի նախորդ Պապի թաղմանը: Մարդ էլ կա` գնացել է ու մնացել այնտեղ:
Իմ աշխատանքի անցնելուց հետո իմ անմիջական ղեկավարները հանկարծ հիշել են, որ իրենք մի քանի տարվա չօգտագործված արձակուրդ ունեն: Եվ եթե ես տեղում եմ եղել, նրանք հանգիստ խղճով իրենց թույլ են տվել իրենց սրտի ուզածի չափով բացակայել աշխատավայրից, որովհետև վստահ են եղել, որ աշխատավայրում ամեն ինչ կարգին է լինելու, որ գործը չի տուժի, որովհետև ես եմ տեղում եղել: Խարիսխն էլ ինչպե՞ս է լինում:
Բայց, հավատացեք, և հույսով եմ` ինքներդ էլ հասկանում եք, որ ամեն ինչ չափ ու սահման ունի, նույնիսկ` հավատն ու համբերությունը: Եվ եթե այսպես շարունակվի ու վերջնականապես հատնի նաև իմ հավատն առ այն, որ «վերևներում» դեռ մարդ մնացել է ու Հայաստան կոչվող այս նավս լցված չէ միայն առնետներով, այստեղ մնալն անիմաստ է ու բազմակի ցավալի:
Ցավով պիտի նշեմ, որ, քանի որ ներկայումս մեր նավի վերնախավի մի մասին արդեն «սոդոմ»-ն (տես` անգլերեն թարգմանությունը) է տիրում, մնում է, որ ներքևներում էլ «գոմոր»-ը մի քիչ ավելանա (ինչին հաստատ կնպաստեն Հայաստանում պաշտոնապես գրանցված 70-ից ավելի աղանդավորական կազմակերպությունները ու մնացած մանր-մունր բաները, օրինակ. ասենք` ֆինանսական կրիզիսը և այլն), ու Սոդոմ-գոմոր դարձած մեր այս նավն Աստծու հին պատժին, ու եթե ոչ դրան` ապա գոնե մահկանացու մարդու կողմից նավթը վրան լցնելուն ու այրելուն արժանի դառնա:
Հավանաբար լսած կլինեք, որ առնետներից փրկվելու միայն մի ելք կա. դա` այդ առնետներով հանդերձ տարածքի վրա նավթ լցնելն ու հիմնահատակ այրելն է: Այլապես, նման նավի կանգուն մնալն առաջիկա մի 3 սերնդի համար հաստատ կործանարար է(և հոգեբանորեն, և գենետիկորեն):
Հիմա վերադառնամ իմ խնդրին: Խոսքն, ինչպես վերևում նշեցի, վերաբերում է Դալմայի այգիներին ու, մասնավորապես, դրա կապակցությամբ իմ սիրասուն մոր կողմից համապատասխան պաշտոնատար անձանց 2003 թվականից սկսած պարբերաբար դիմումներ գրելուն ու բավարար պատասխաններ չստանալուն:
1991թ. հունիսի 1-ից հայրս կնքել էր հողի վարձակալության պայմանագիր այդ հողի այն ժամանակվա սեփականատեր` Շահումյանի շրջգործկոմի հետ: Այնուհետև վերակնքել էր այդ պայմանագիրը ևս 10 ( տասը) տարի (կամ անժամկետ) ժամանակով` համաձայն ՀՀ կառավարության 09.03.94թ. N108 որոշման (գրանցման համարն է - 392):
Նշված հողատարածքի վարձակալության համար հասանելիք բոլոր վարձավճարները (ըստ ՀՀ նախարարների Խորհրդի 13.06.91թ. N397 որոշման) ամբողջովին կատարվել են: 2005 թ. փետրվարին նույնիսկ վերահաստատվել է այդ տարածքի ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը « Երևան» ՋՕԸ-ի հետ (պայմանագրի պատճենը կցվում է) ` 3 (երեք) տարի ժամկետով:
Մինչև հորս մահվան տարին, այն է` 1997 թվականը, տվյալ տարածքի հետ կապված բոլոր վճարումները կանոնավորապես կատարվել են անձամբ հորս կողմից, այնուհետև (ելնելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածից) վճարումներն ինքս եմ կատարել, նույնպես կանոնավորապես:
Որպես ազնվագույն մարդ հայրս վստահում էր պետությանը, հետևաբար, նաև այդ պետության կառավարության ընդունած որոշումներին, որոնցից մեկը` 1991թ. մարտի 5-ի N166-ը, որը հորս կյանքի վերջին տարում և դրանից էլ դեռ որոշ ժամանակ հետո գործում էր, հավաստիացնում էր և հորս և, երևի նաև` ժողովրդին, թե…-«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել» «միայն» երբ այդ քաղաքացիներին իրենց համաձայնությամբ այլ, համարժեք հողամաս է հատկացվում (տես` նշված որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը):
Ցավալիորեն լավ է, որ հայրս մահացել է մինչև այդ որոշման ուժը կորցնելը և, մանավանդ, մինչև` ՀՀ կառավարության 21.10.2004թ. մինչև իր ուղն ու ծուծը անիրավական, և անգամ Օրհուսի կոնվենցիայի համաձայն արդեն իսկ հակասահմանադրական հանդիսացող N1530-Ն որոշման ու դրա հիման վրա կազմված օրինակելի պայմանագրի, մասնավորապես` դրա 19.2 կետի ընդունումը, որը սահմանում է, որ վարձակալության տրված հողը «իշխանիկ» -ները վարձակալից կարող են վերցնել ոչ թե -միմիայն պետության կամ հանրային գերակա շահի համար, այլ նաև «ցանկացած այլ հիմքերով», օրինակ, ասենք, որևէ պատգամավորի ձեռնարկատիրական գործունեության (օրինակ սուրճի վերափաթեթավորման արտադրամասի) համար զավթած տարածքի ընդլայնման նպատակով` այդ արտադրամասին հարող մյուս տարածքների նկատմամբ ևս մեծապետական նկրտումներ ունենալու ՀԻՄՔ-ով: Ի՞նչ պակաս հիմք է, որ:
Եթե հայրս, մինչ այդ արդեն իսկ ինֆարկտից մահացած չլիներ, հաստատ նորից էր ինֆարկտ ստանալու:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 21.10.2004թ. N1530-Ն որոշման անօրինականությանը, ապա ասեմ, որ այն, իրապես նույնքան, նույն տրամաբանությամբ և նույն հիմքերով ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է, որքան ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N1151-Ն որոշումը, որը ՀՀ կառավարությունն իր իսկ ձեռքով, 5 տարի անց` 2007 թվականի մայիսի 17-ին իր իսկ N611-ն որոշմամբ անվավեր ճանաչեց` իհարկե ոչ կամավոր, այլ` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 18.04.2006թ. NՍԴՈ-630 Որոշումը:
Դեռ մի բան էլ ավելի (տես` ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2008թ. հունիսի 11-ից 13-ը Ռիգայում կայացած նիստի III/6 Որոշումը և այն համեմատիր` ՀՀ Սահմանադրական դատարանի 26.12.2000թ. NՍԴՈ-269 Որոշման, մասնավորապես դրա` 3-րդ կետի և 2-րդ կետի վերջին պարբերության հետ):
Հուսամ, միգուցե, նույն ընթացակարգով մի օր էլ նույն բախտին կարժանանա նաև 21.10.2004թ. N1530-Ն որոշումը:
Փառք աստծո, Հայաստանն արդեն միացել է Եվրոխորհրդին, և դատական նախադեպի ինստիտուտն էլ ներմուծվել է Հայաստան:
Աստված մեծ է, հաստատ տեսնում է Դալմայի այգիների իրական մշակ-այգեգործների 6 տարուց ավելի տևող տառապանք-պայքարը` ի պաշտպանություն իրենց բռնաբարված իրավունքների: Հավատացեք, Աստված լսում է ազնիվ մարդկանց սրտի մորմոքը, և, ա ս ու մ են…, եթե վերջիններս հանկարծ, աստված մի արասցե` որևէ մեկին իսկապես անիծում են, ապա այդ անեծքն անպայման բռնում է: Փորձած բան է: Ու ասում են, որ…, եթե հենց իրենց` մեղավորներին չի կպնում, կպնում է նրանց զավակներին:
Ու կրկին հավատացեք, որ նման ազնիվներից է նաև մայրս` Սոնյա Ղազարյանը, որը հորս մահից հետո, չնայած իր առաջացած տարիքին, հորս կորստյան վիշտը սրտում, շարունակում էր, կարելի է ասել` իր քրտինքով ջրել ու խնամել, երեխայի նման գուրգուրել ու փայփայել, իր խոսքերով ասած` «մեր բաղը», այդ բաղի ամեն մի թուփն ու քոլը: Դույլերով ջուր է կրել բաղի վերևի առվից ու ջրել, որ հանկարծ որևէ թուփ ու տնկի չչորանա, ձեռքերով հսկա քարեր է հանել հողից ու դեն հրել, որ ինքը օր ծերության իրեն` պետական «կվարտիրա»-յում բանտարկված չզգա ու իր ձեռքով աճեցրած ծառ ու թփի տակ մի փոքր վաստակած հանգստություն գտնի:
Երևի չեք պատկերացնի, որ այդ տարածքի թափառական շներն անգամ մինչև վերջերս, հանդիպելիս, ուրախացած լպստում էին մորս ոտքերը, այնքան սովոր էին նրանք եղել, մորս ձեռքից ամեն օր կերակուր ընդունելու պատճառով: Հիմա, ցավոք սրտի, մայրս այդ կողմերը չի գնում (սիրտը չի տալիս), այդ շներն էլ հավանաբար անտեր մնալուց սատկել են: Այդ տարածքում մի մաս կա, որն օձերի բնակատեղի է, մեր ընտանիքի չափահաս գրեթե բոլոր անդամներն այդ տեղը գիտեն, ու պատկերացրեք, որ 1991 թվականից առ այսօր այդ տեղի ոչ մի արարած մեր ընտանիքից ոչ մեկին, փառք Աստծու, չի վնասել:
Հայրս մեզ ասում էր. «Երեխեք ջան, հանգիստ եղեք, դրանք գիտեն, որ դուք իմ երեխաներն եք, ձեզ վնաս չեն տա»: Ու, նորից եմ կրկնում, նա ով զրկել է մորս իր ձեռքերի կոշտուկների շնորհիվ շատերի նախանձի վայր դարձած այդ տարածքից, ու մտադիր է ինքն այդտեղ կառուցապատում իրականացնել, կամ ուտել ու մարսել այդ տարածքն ուրիշին վաճառելուց ստացած «ոսկի»-ն` - չի վայելելու:
Հուսամ, միգուցե մի օր խղճի խայթ են զգալու նաև այն անձինք, ովքեր մինչև այսօր, մեկը մյուսի վրա գցելով, իրենց վրա չեն վերցնում մեր խնդիրը կարգավորելու իրենց պարտավորությունը:
Քանի որ հայրս մահացել էր 1997 թվականին, իսկ պայմանագրերը, որոնց գործողության ժամկետը մինչև 2004թ. հոկտեմբերի 1-ն էր (ըստ պայմանագրի` միգուցե նաև` անժամկետ), բոլորն էլ նրա անունով էին, մենք շարունակելով մեր աշխատանքը հողի վրա ու հորս անունով` կանոնավոր վճարելով բոլոր վարձավճարները, այնուամենայնիվ, բազմիցս բանավոր ու գրավոր դիմել ենք թաղապետարանին` հողի վարձակալության պայմանագիրը ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն, իրավահաջորդության կարգով վերաձևակերպելու խնդրանքով:
Սակայն մինչև 2008 թվականը մենք թաղապետարանից ստացել ենք «ձայն բառբառո հանապատի» պատասխանը:
2004 թվականին անհանգստանալով, որ պայմանագրի ֆիքսած ժամկետը մոտենում է ավարտին, մենք, այս անգամ գրավոր դիմել ենք նաև Երևանի քաղաքապետին` ակնկալելով նրա աջակցությունը` թաղապետարանից մեր դիմումի պատասխանն ստանալու հարցում:
Սակայն, վերջինս ակնհայտորեն տալով խուսափողական պատասխան, ընդամենը մեզ տեղեկացրեց, որ «նախկին շրջգործկոմներն իրավասու են եղել 09.03.1994թ. N108 որոշման հիման վրա հողհատկացումներ կատարել» և ցույց տվեց դատարանի ճանապարհը (նամակի պատճենը կցվում է):
Եվ դա այն դեպքում, երբ այդ որոշման հիման վրա կատարված հողհատկացումների մասին բոլոր տեղեկությունները, բոլոր պայմանագրերը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը քաղաքապետարանի գյուղատնտեսության գծով համապատասխան բաժնում առկա էին: Այդ բաժնի մի քանի աշխատակիցների հետ տարիներ շարունակ ես ինքս հեռախոսով փոխադարձաբար մեր հողի վարձակալության հետ կապված տեղեկություններ եմ փոխանակել:
Հետագայում ես իմացա, որ այդ բաժնի բոլոր հին աշխատողներին, որոնք իրենց իսկ 5 մատի պես անգիր գիտեին Դալմայի այգիների հետ կապված ամեն ինչ ու ամենքին, մանավանդ վարձակալներին, - բոլորին ազատել էին աշխատանքից: Հավանաբար նրա համար, որ դրանից հետո նորերը խղճի խայթ չզգային, երբ ասեին, թե մենք ոչ մի տեղեկություն և հատկապես փաստաթուղթ` որը կհաստատի Դալմայի այգիների վարձակալների իրավունքները, չունենք: Բայց ես համոզված եմ, որ ունեին, և հիմա էլ ունեն, եթե իհարկե, արդարադատության նախարարության նման չեն այրել համապատասխան արխիվները:
Բազմաթիվ հոգնեցուցիչ այցելություններից թաղապետարան ու քաղաքապետարան ոչ մի արդյունքի չհասնելով, մայրս 2005 թվականին կրկին գրավոր դիմում է և թաղապետին և քաղաքապետին:
Այս անգամ արդեն բացի Դալմայի այգու վարձակալության խնդրի կարգավորման հարցից, ներկայացնելով ևս մեկ հարց, որը իրենք իրենց «իրավական պետություն» համարող նորմալ երկրներում, առանց որևէ հակաճառության պետք է որ կարգավորվեր, սակայն պարզվում է, որ ոչ մեր երկրում:
Բանը նրանումն է, որ իմ ծնողներն իրենց բաժին հասած ոչ հեշտ ու բազմաչարչար կյանքում 1949 թվականին նաև բռնադատվել են: 1948-ին, երբ կայացրել են մորս աքսորելու մասին որոշումը, նա եղել է ընդամենը 19 տարեկան, գյուղացի մի աղջիկ, որի աքսորման փաստաթղթերում ինքը հետագայում Սիբիրում իր աչքով է տեսել, որ գրված է եղել «դաշնակ» ու ինքն էլ նույնիսկ չի իմացել ու չի հասկացել` թե դա ի՞նչ է, ու վախեցել է նույնիսկ, որ որևէ մեկին հարցնի: Փառք աստծո, որ հետագայում, ինչքանով որ հնարավոր է եղել` վերականգնվել է արդարությունը:
Սակայն պարզվում է, որ այնքան էլ հեշտ չէ մեր երկրում օգտվել վերականգնված իրավունքներից: Մի՞թե այդքան դժվար է օժանդակել մի կնոջ, որի իրավունքներն ամրագրված են և ՀՀ հողային օրենսգրքով և «Բռնադատվածների մասին» օրենքով:
Մայրս իր դիմումով (պատճենը կցվում է) խնդրել էր նաև հաշվի առնելով իր բռնադատված լինելու, ինչպես նաև ծնողներիս 5(հինգ) երեխաների (2 տղա և 3 աղջիկ)` հորս կողմից բռնադատվածի 1-ին հերթի ժառանգ լինելու հանգամանքը, և հնարավորություն տալ օգտվելու ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ և «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներով իրեն և իր երեխաներին հասանելիք` «համայնքի տարածքից անհատույց սեփականության իրավունքով հողամաս ստանալու» իրավունքից :
Թաղապետարանից ստացել ենք նույն` «ձայն բառբառո հանապատի» պատասխանը:
Իսկ քաղաքապետարանը Դալմայի այգիների բոլոր վարձակալներին ներկայացվող իր հերթական աբսուրդ պատասխանի վերջում (գրության պատճենը կցվում է) ավելացրել էր, որ մեր օրինական իրավունքներից օգտվելու ժամկետը բաց ենք թողել, և բոլորովին էլ չէր ուզեցել մի թեթև նեղություն քաշել ու պարզել, թե ու՞մ մեղքով մենք չենք կարողացել օգտվել այդ մեր իսկ իրավունքներից:
Հիմա, հենց այս օրվա դրությամբ, չգիտե՞մ` մե՞ր բախտից, թե՞ քաղաքապետարանի «չար» բախտից, վերոնշյալ այդ «չարաբաստիկ» ու անիմաստ «ժամկետի» բազմաթիվ վայրիվերումներից հետո, ՀՀ Ազգային Ժողովի օրինաստեղծ ու սպեղանի աշխատանքի շնորհիվ` «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2008թ. հոկտեմբերի 7-ի ՀՕ-161-Ն օրենքով այդ ժամկետն ընդհանրապես հանվել է:
Ու մենք հիմա ու այսուհետ` քանի դեռ ապահովված չենք բնակարանով, ու քանի դեռ ապրում ենք, ցանկացած ժամանակ` այդ օրենքի ուժով կարող ենք օգտվել «անհատույց սեփականության իրավունքով հողամաս ստանալու» մեր իրավունքից :
Հետաքրքիր է, հիմա ի՞նչ էր պատասխանելու քաղաքապետարանը մորս, ինձ, իմ եղբայրներին ու քույրերին, որոնցից 3-ը բնակարանային պայմանների անբավարարության պատճառով, արդեն իսկ լքել են Հայաստանը, ու մայրս չգիտի` հուսա՞, թե՞` չհուսա, որ իր զավակներին ու նրանց սերունդներին իր շուրջ բոլորը կտեսնի:
Երևի Հայաստանին պետք չեն բարձրագույն ու որակյալ կրթությամբ(տնտեսագետ, մանկավարժ, իրավաբան, բանասեր), օրինապահ, օրինապաշտ, օրինակելի, նաև գեղեցիկ, բարի ու ազնիվ մարդիկ: Ազգի «գեն»-ի պահպանության խնդիրը հաստատ ոչ մեկինը չի: Իսկ ես դեռևս այստեղ եմ, քանի որ, ինչպես որ սկզբում ասել էի, ԽԱՐԻՍԽ եմ` օտար ափերում դեգերող հարազատներիս համար:
Եթե հնարավոր լիներ, մի կախարդական փայտիկով կուզենայի հավաքել մեզ նման մարդկանց ու տեղափոխել մեկ այլ վայր, իսկ այստեղ թող մնային միայն Դալմայի այգիների բախտը լուծողները, Դալմայի այգիների վարձակալներին պատասխաններ գրողները ու մեկ էլ այս երկրի դատավորները:
Ու թող կառուցապատեին 3 միլիոնանոց երկրի գրեթե 2 միլիոնին ամեն օր պատսպարող Երևանի սրտի վերևում դեռևս մի փոքր տարածքով մնացած այդ «թոքերը», ու դրանք էլ դառնան ընդամենը Երևանյան ամառային բարկ արևի տակ ճքճքացող տանիքներ, ինչպես որ Երևանի մնացած ամբողջ տարածքն է հիմա վերից երևում ու տեսնեի, թե այդ ժամանակ ի՞նչ գրող ու ցավ են շնչելու, եթե թթվածին արտադրող ոչ մի բավարար տարածք չեն թողնում:
Հետաքրքիր է, Դալմայի այգիները կառուցապատման տակ դնողներից որևէ մեկը գիտի՞, թե ի՞նչ է նշանակում «էնդեմիկ» տեսակ, և, թե ինչպե՞ս են վարվում դրանց հետ իրենց հարգող երկրներում: Միգուցե լսե՞լ են` «որդան կարմիր»-ի կամ էլ խաղողի «դալմա» տեսակի վազերի մասին: Դրանցից երկուսից էլ մեր հողամասում կային, հիմա հաստատ չկան: Դրանց փոխարեն, հենց այդ նույն տեղում բոմժերի ու թմրամոլների թողած ժառանգությունն է: Տարածքն ամբողջովին պատված է կեղտոտ քըրջ ու փալասներով ու մեկանգամյա օգտագործման (բայց հաստատ` ոչ` 1 անգամ օգտագործված) ներարկիչներով:
Ինչևէ, քաղաքապետարանին այլևս իմաստ չունի դիմելը: Եթե որևէ մեկը կցանկանա ուսումնասիրել, ես կարող եմ տրամադրել քաղաքապետարանից ստացված տասնյակ պատասխանների պատճենները, որ ինձ են տրամադրել Դալմայի այգիների վարձակալներից շատ-շատերը: Այդ պատասխանների էությունը նույնն է:
Ի վերջո, ի պատասխան 2003-ից 2008 թվականներին գրած մեր բոլոր դիմումների, հավանաբար` միմիայն շնորհիվ ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանի միջնորդության, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանից 2008 թվականին ես ստացել եմ 4 տողանոց մի պատասխան (պատճենը կցվում է), որով մեզ հայտնում են, որ 1991 թվականից մեզ հատկացված (ու 10 տարուց ավելի մեր ընտանիքի կողմից բարեխղճորեն, բացահայտ ու անընդմեջ տիրապետված) հողատարածքի բախտը լուծելու իրավասուն քաղաքապետարանն է:
Այն դեպքում, երբ քաղաքապետարանին ուղղված մեր ամենաառաջին դիմումին ի պատասխան քաղաքապետարանն ինքը մեզ տեղեկացրել էր, որ այդ «իրավասուն» Շահումյանի շրջգործկոմն է, որ հիմա անունը փոխել ու դարձել է Մալաթիա-Սեբաստիա Թաղապետարան:
Ես չգիտեմ, թե դուք ինչպես կկոչեք այս «մուկն ու կատուն» այս վարքագիծը, որ ցուցաբերում են թաղապետարանն ու քաղաքապետարանը մորս դիմումների հանդեպ, ես ինքս ամենամեղմը, որ կարող եմ ասել. սա - խուժանություն է: Եվ ես չեմ ցանկանում այլևս գործ ունենալ դրանց նմանների հետ, որոնք, իմ կարծիքով խաղում են, ավելի ճիշտ` թքած ունեն ցանկացած երկրի` որպես Պետության, հեղինակության, և/կամ այդ երկրի ընդունած օրենքների, օրինակ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5,7,32, 37 և 46 հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, հողային օրենսգրքի 72-րդ կամ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի վրա:
Միգուցե ժամանակն է, որ ՀՀ Ազգային Ժողովն էլ նեղություն չքաշի նոր օրենքներ ընդունելու համար ու ինքնալուծարվի, երբ եղածներին արդեն վերոնշածս պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, կներեք` «շան տեղ» չեն դնում:
Հիմա այլևս խոսքը Ձերն է պարոնայք,
Ձեզանից է կախված ես կուզենամ մնալ այս երկրում, թե կբարձրացնեմ իմ խարիսխն ու հետս վերցնելով այստեղ մնացած մյուս հարազատներիս, ինքս էլ կլքեմ այն երկիրը, որտեղ իմ սիրելի Համո Սահյանի խոսքերով ասած` միայն «սեփական մոխրում սեփական հոգին խորովել»-ն է լավ ստացվում, իսկ այլ երկրներում` եթե անգամ մեզ «կացնահարեն» էլ, գոնե այդ «կացնի» կոթը մեզանից, այսինքն` իմ ազգից չի լինի, ու ցավն էլ այդ դեպքում, երևի` այնքան էլ ցավալի չի լինի:
Եվ թույլ տվեք, որպես վերջաբան մի բան էլ ավելացնել:
Հարգելի պարոնայք, խոնարհաբար խնդրում եմ, նախ ասել, թե ի՞նչ պետք է անի մեր այս օրվա երկրի սովորական, մահկանացու քաղաքացին, որը 2003թվականից սկսած պարբերաբար դիմում է իր թաղապետին, այնուհետև` նաև` քաղաքապետին, իրեն հուզող, և իր ընտանիքի համար կենսականորեն անհրաժեշտ հարցը կարգավորելու հույսով, սակայն վերջիններս կամ խնդրի լուծումը անամոթաբար մեկը մյուսի վրա են գցում, կամ էլ` ինչն ավելի բնորոշ է իրենց` ընդհանրապես արհամարհում են ու չեն պատասխանում, ոչ բանավոր, ոչ էլ` գրավոր:
Միաժամանակ, կանխավ խնդրում եմ, քաղաքապետարանի պես` ինձ «դատարաններ»-ի ճանապարհը ցույց չտաք: Ես դրանց տեղը, ինչպես նաև ուղն ու ծուծը, ներառյալ` Եվրոդատարանում մեր գրասենյակի աշխատաոճը, լավ գիտեմ: Մեր դատական համակարգի նկատմամբ համատարած անվստահության փաստը չի թաքցնում անգամ մեր երկրի Նախագահը, և համապատասխան առիթների դեպքում հրապարակավ հաստատում է այդ:
Այնպես որ, հարգելիներս, եթե որևէ մեկն ինձ նույնիսկ խորհուրդ կտա դիմել մեր երկրի դատարաններին, ապա ես մաղթում եմ, որ աստված տա, այնպես պատահի, որ այդ խորհուրդ տվողն ինքը, գոնե կամ թեկուզ, ընդամենը` 1 անգամ, արժանանա այդ ՙհաճույք՚-ը վայելելու բախտին:
Բացի այդ, ինձ հետաքրքիր է, թե այդ ո՞ր դատավորի մոտ եք ուզում, որ ես գնամ:
Այն դատավորի, որն իր իսկ արշինով չափելով` ժամանակին հայտարարեց, թե հայ ժողովուրդը դեռ չի հասել այն մակարդակին, որ բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ կոնկրետ դրույթներ ունենա իր օրենսդրության մեջ, և հասավ այն բանին` որ եղած դրույթներն էլ հանվեցին օրենսդրությունից: Թ՞ե` այն դատավորի, որը երեկոյան «փողով» ընդունած իր իսկ որոշումը` հաջորդ իսկ վաղ առավոտյան (ինչպիսի հրթիռային արագություն` հայկական դատական պրակտիկայում) «զանգով» փոխեց, ու անամոթաբար ուղիղ աչքերիս մեջ նայելով հայտարարեց, թե`.- «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՄ»:
Ճիշտ էր ասում, այլընտրանք չուներ: Ես վկա եմ: Այլընտրանքի հետևում` Հայաստանի Հանրապետության խայտառակությունն էր, մեկ էլ` իր բացարձակ անգրագիտության հերթական բացահայտումը` ի լուր աշխարհի: Դրա փոխարեն` իրեն առաջխաղացում էր սպասվում: Թքած` թե Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրություն կա, իսկ վերջինիս մեջ էլ` ՀՈԴՎԱԾ 97, որը հռչակում է, թե Հայաստանում դատավորն անկախ է և ենթարկվում է միայն Uահմանադրությանը և oրենքին: Ի՞նչ զանգ, ի՞նչ փող….:
Գիտե՞ք, եթե նա Հայաստանում միակ այդպիսի դատավորը լիներ, ես կհրապարակեի նրա անունը: Բայց, ցավոք սրտի, նա միակը չի: Ընդհակառակը, դժվար թե մեր երկրում գտնվի մի դատավոր, որ նրա հակառակը լինի: Եթե ՀՀ դատավորների մեջ կա այն քաջը, որը միայն օրենքին է ենթարկվում, թող ձայն հանի: Հետաքրքիր է, ու՞ր են այն դատավորները, որոնք Դալմայի այգիների հարցով դատաքննությունների ընթացքում ղեկավարվել են կամ կղեկավարվեն ՀՀ քաղ. օր-ի 187-րդ հոդվածով: Հեյ, եթե կաք, ձայն հանեք:
Ի դեպ, վերոնշածս «N» դատավորի կապակցությամբ չեմ կարող չնշել, որ ժամանակին ինձ ճանաչող մի շարք փաստաբաններ ինձ շնորհակալություն են հայտնել, միայն այն բանի համար, որ իմ պատճառով վերջինս գոնե մի 2 օրենք` գոնե - կարդաց:
Հարգելի Պարոն Նախագահներ և վարչապետ,
սույն թվականի հունվար ամսին Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց Դալմայի այգիների վարձակալներիս կողմից անցկացված հերթական ակցիայի ժամանակ, մեզ` ակցիայի մասնակիցներիս հավաստիացրեցին (ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, եթե չեմ սխալվում` ոռ Դարբինյան, և քաղաքապետարանի ներկայացուցիչների ներկայությամբ, ՀՀ Նախագահի աշխատակազմի նամակների և դիմումների բաժնում), որ հենց ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարականով, մինչև փետրվարի 15-ը Դալմայի այգիների վարձակալներիս խնդիրները կկարգավորվեն:
Ես չգիտեմ, Դուք հիշում եք, թե ոչ, բայց ես ակամայից հիշեցի իմ մանկության տարիներին դպրոցական ծրագրով անցած մի բանաստեղծություն, որտեղ մահամերձ մայրն իր սովատանջ բալիկներին խոստանում է, որ «հենց արևը ծագի, հաց կբերի ձեր ապին …»: Ես հիմա հատկապես հիշեցի այդ մոր երեխաների հարցապնդումը հաջորդ օրը, թե. «արևն եկավ, անց էլ կացավ, դեռ սոված ենք մենք էսպես, … »: Նույնը, ոնց-որ թե` մեզ հետ է կատարվել. «փետրվարն եկավ, անց էլ կացավ» ու մենք էլի մենակ ենք մեր խնդիրների հետ:
Մենակ թե, հիմա ես մի հարց էլ եմ ուզում Ձեզ տալ. -«Եթե, մեր քաղաքապետարանը Հանրապետության Նախագահի հանձնարարականն էլ չի կատարում, ապա ի՞նչ է լինելու այս երկրի վերջը»:
Հարգանքով` Ռ. Ղազարյան 19 մարտի 2009թ.
Երկրորդ Բաց նամակը
ՀՀ Նախագահին, պատճենը` ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, պատճենը` ՀՀ Վարչապետին
Ռուզաննա Լիպարիտի Ղազարյանից
Հարգելի պարոնայք նախագահներ, վարչապետ և այլք,
Ինչպես արդեն նշել էի ս.թ. մարտի 19-ին պատվիրված կերպով, «ԱՆՁԱՄԲ» մակագրությամբ, ՁԵԶ բոլորիդ ուղարկված իմ 1-ին Բաց նամակում`
այս տարվա հունվարի սկզբին ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների, բողոքների և քաղաքացիների ընդունելության բաժնում, ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները համատեղ մեզ` Դալմայի այգիների իսկական, օրինական վարձակալների հերթական ակցիայի մասնակիցներիս շատ լուրջ դեմքով հավաստիացրեցին, թե ՀՀ նախագահն ԱՆՁԱՄԲ, անմիջական հանձնարարական է տվել Երևանի քաղաքապետարանին, առ այն, որ վերջինս մինչև փետրվարի 15-ը վերջնականապես կարգավորի Դալմայի այգիների բազմաչարչար վարձակալների հարցը:
Երևի ինքներդ էլ գիտակցում եք, որ Դալմայի հարցը ոնց որ «Հայոց հարց»-ն է դարձել:
Հավատացեք, հայ ենք, իսկական, աշխատավոր հայ ժողովրդի մի մաս, եվ ավելի ազնիվ` քան Դուք…….. կարծում եք: Եվ դրա համար, միգուցե, թույլ տաք ՁԵզ օգնության կարգով մի խորհուրդ-միտք հայտնեմ: Քանի որ շուտով Դալմայի այգու հետքն էլ արդեն չի լինի, ի՞նչ եք կարծում, ավելի ճիշտ չի՞ լինի` մեր (վարձակալներս) նկատմամբ կիրառեք այն նույն սկզբունքը, որր հայերի հարցը լուծելու նպատակով կիրառեց Թուրքիան եղեռնը կազմակերպելիս. «ոչ հայ կլինի, ոչ էլ` հայոց հարց»:
Թե չէ, էսպես, դանդաղ իրականացվող «սպիտակ» եղեռնով` ինչ-որ երկար է տևում Դալմայի վարձակալներիս հարցի լուծումը: Սա` այսպես:
Հիմա անդրադառնաք հունվար ամսին մեր հարգարժան նախագահի կողմից անձամբ տրված հանձնարարականի կատարմանը:
Հարգելիներս, հիմա արդեն ոչ միայն փետրվարն է անցել, այլև` մարտը, շուտով ապրիլն էլ կանցնի (տեսեք, հանկարծ ամսի 24-ը բաց չթողնեք, միգուցե ճիշտ պահն է վերոնշածս սկզբունքը կիրառելու):
Ու քանի որ Հանրապետության նախագահի հանձնարականը կատարելու համար 3 (ԵՐԵՔ) ամիս անցել է, ու ոչ մի տեղաշարժ չի եղել, ստիպված եմ կրկին հիշել իմ 1-ին Բաց նամակի վերջում նշածս բանաստեղծության տողերը.«Երբ կբացվի ծեգն արևի, հաց կբերի ձեզ ապին»,
իսկ հաջորդ օրը. «արևն եկավ, անց էլ կացավ, դեռ սոված ենք մենք էսպես,
Սուտ ես ասում, սուտլիկ նանի, վեր կաց նանի, հաց տուր մեզ… »:
Հիմա մեր հերթն է ասելու. «փետրվարն եկավ, անց էլ կացավ», ու մենակ ենք էլի մենք մեր խնդիրների հետ, ու ո՞նց չասենք` -
«Սուտ ես ասում սուտլիկ /ն./»
փետրվարն եկավ, անց էլ կացավ (դեռ մի բան էլ` ավելի):
Կրկին անգամ ու կրկնակի ցավով հարց եմ ուզում տալ այն նախագահին, (որին, ի դեպ, ինչպես մեկ օր երգչուհի Նունե Եսայանը հեռուստացուցով հայտարարեց, թե` քանի որ. «ես եմ ընտրել, ես էլ կգնամ նրանից կպահանջեմ իմ հարցերի պատասխանը), և որին ես էլ եմ ընտրել, և որն ԱՆՁԱՄԲ, ԱՆՄԻՋԱԿԱՆ (սրանք բառացիորեն մեզ փոխանցված բառերն են) հանձնարարական է տալիս իր ենթականերին, ու… հիմա չգիտեմ.
ա) տեղյակ չէ, որ իր ենթականերն իր հանձնարարականն արհամարհում ու չեն կատարում,
բ) տեղյակ է, որ իր ենթականերն իր հանձնարարականը չեն կատարում, ու ոչ մի միջոց չի՞ ձեռնարկում, թե՞.
գ) ընդհանրապես ոչ մի հանձնարարական էլ չի տվել, բայց իր ենթականերն իրենց կարող են թույլ տալ` խաղալ նախագահի անվան հետ ու վերջինիս անունից ինչ ուզենան, այն էլ հայտարարեն:
Բոլոր 3 դեպքերում էլ շատ ցավալի եզրակացություններ են մեջտեղ գալիս: Զոր օրինակ. - այն նախագահը (կամ ցանկացած ղեկավար, իսկ ողջ հանրապետության նախագահն` առավել ևս), որը.
ա) տեղյակ չէ, թե ինչպե՞ս են իր հանձնարարականները կատարվում, ապաշնորհ է, և արժանի չէ իր զբաղեցրած պաշտոնին,
բ) տեղյակ է, որ իր ենթակաները թքած ունեն իր հանձնարարականների վրա, ապա` կրկին` ապաշնորհ է, և արժանի չէ այդ պաշտոնն զբաղեցնել,
գ) իսկ, եթե ինքը հանձնարարական չի տվել, բայց իր անունից իր ենթականերն այդքան շռայլ խոստումներ են տալիս, ուրեմն, նա երիցս ապաշնորհ է, և` էլի արժանի չէ այդ պաշտոնը զբաղեցնելուն:
Հիմա կրկին խոսքը Ձերն է: Գոնե Ձեր մտքում, ինքներդ Ձեզ խոստովանեք, թե իրականում վերը նշվածներից ո՞րն եք: Իսկ ես, այսքանից հետո ընդամենը կասեմ, որ դրանցից որն էլ որ ընտրելու լինեք (թեկուզ` Ձեր մտքում),
ե զ ր ա կ ա ց ու թ յ ու նը մեկն է.«Ողբամ զքեզ Հայաստան, որ թագավորդ…» այդպիսին է…:
P.S. Քանզի` ինչպես սույն, այնպես էլ իմ նախորդ Ձեզ ուղղված նամակը, «ԲԱՑ»է, տեղեկացնում եմ, որ այն շատ շուտով կտեղակայվի համապատասխան ինտերնետային կայքերում և, դրանց էլեկտրոնային տարբերակը կստանաք ոչ միայն Դուք` Ձեր էլեկտրոնային փոստերով, այլև հանրությունը, այդ թվում` և մեր երկրի և Օրհուսի Կոնվենցիային միացած երկրների հանրությունը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության հետևանքներով իսկապես մտահոգ միջազգային բոլոր կազմակերպություններն ու անհատ անձինք:
Հարգանքներով`
Ռ. Ղազարյան
10 ապրիլի 2009թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել