HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անաշխատանք են մնացել նաեւ կույրերը

Հայաստանի կույրերի միավորման «Էջմիածնի ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում մնացորդային տեսողություն ունեցող 67 աշխատակիցներ զրկվել են աշխատանքից: Ձեռնարկությունը  վերելակաշինության մեջ օգտագործվող դետալներ էին արտադրում Մոսկվայի Կարաչևսկու անվան գործարանի համար: Հենց վերջինս էր ընկերության հիմնական պատվիրատուն:  Անցած տարվա դեկտեմբերին` ռուսական ռուբլու անկման պատճառով  գործարանը դադարեցրել է պատվերները: «Էջմիածնի ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի ղեկավարությունն էլ, ստիպված աշխատողներից շատերին ժամանակավորապես ազատել է աշխատանքից, իսկ մի մասին` ուղարկել արձակուրդ: «Ձեռնարկությունում այս պահին 19 մարդ է աշխատում, որոնք կապ չունեն արտադրության հետ: Նրանք վարչական աշխատողներ են ու պահակներ»,-ասաց ձեռնարկության տնօրեն Վաչագան Սողոյանը: Ըստ նրա` Մոսկվայում  չեն աշխատում նաև այն շինարարական կազմակերպությունները, որոնք գործընկերային հարաբերությունների մեջ էին իրենց հիմնական պատվիրատուի` վերելակներ արտադրող ընկերության հետ: Շղթայական այդ ռեակցիան էլ հասել է իրենց և օրվա ապրուստից զրկել 67 հաշմանդամի: Վերջիններս, չնայած չափազանց դժգոհ լինելով  վարձատրության չափից, այնուամենայնիվ գոհ էին, որ գոնե աշխատանք ունեին: Ձեռնարկությունում  ժամավարձային աշխատողները ստանում էին 25.000 դրամ, իսկ գործարքային պայմանագրով աշխատողները ստանում էին  ժամը` 200 դրամ: Աշխատողներից մեկը` երիտասարդ տարիքում դժբախտ պատահարից  տեսողությունը կորցրած Էդիկը ասաց, որ երբ աշխատում  էին, ամեն աշխատավարձ ստանալիս նեղվում, դժգոհում էին, որ ստացածը փողը տուն չհասցրած` վերջանում է: «Իսկ հիմա, երբ աշխատանքն էլ կորցրեցինք, արդեն երանի ենք տալիս էդ օրերին: Ոչինչ, թող փողը քիչ լիներ, բայց մենք անգործ չնստեինք: Հիմա մեզ ո՞վ աշխատանք կտա... ըսկի ձեռ ու ոտով, առողջ մարդիկ գործ չունեն, մեր նմաններն ո՞ւմ են պետք... »,- ասաց 55-ամյա Էդիկը: Աշխատանքից դուրս մանցածները  նեղվում են, որ այսուհետ ստիպված են լինելու «գլուխները ծռել» արտասահմանում ապրող հարազատներին, որոնց վիճակն ի տարբերություն իրենց բարվոք է այնքանով, որ տեսողության խնդիր չունեն: «Ճիշտ է, ճգնաժամը նրանց վրա ավելի է ազդել, քան մեր, բայց նրանք գոնե մի որոշ ժամանակ չաշխատելու համար կվարձատրվեն: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է կախ ընկնենք նրանց վզով, բայց արյունակիցներ ենք. անտարբեր մնալ չեն կարողանում: Ինձ շատ վատ եմ զգում, որ ապավինում եմ բարեկամիս օգնությանը, բայց ի՞նչ անեմ, երբ կույր եմ, նույնիսկ բեռնակրության համար եմ անընդունակ: Եթե  մի քիչ տեսնեի` տարիքիս չէի նայի. կգնայի շուկայում բեռնակիր կդառնայի»,- ասաց  Աշոտ Սահակյանը: Նա ասաց, որ իր հաշմանդամության թոշակը նույնիսկ դեղերին չի բավականացնում: Ձեռնարկությունը մասնագիտացված է նաև էլեկտրասարքավորումների արտադրության մեջ: Նախկինում ներքին շուկան ողողված էր կույրերի արտադրած սարքերով:  «Չինական արտադրանքը շուկայում գրավեց մեր տեղը, որովհետև էժան է: Իսկ գնորդը նախապատվությունը տվեց ոչ թե որակին, ինչը բացայակում է չինականի պարագայում, այլ` գնին և դիզայնին: Եթե մեր արտադրած վարդակի միայն ինքնարժեքը 40 դրամ է, գոնե 50-ով պետք է վաճառվի՞... իսկ այդ գնով գնորրդը երկու հատ չինականը կգնի: Դրա համար էլ չդիմացանք ու դուրս մղվեցինք»,-ասաց ձեռնարկության տնօրեն Վաչագան Սողոյանը: Նա վստահեցրեց, որ, եթե այս պահին էլ էլեկտրասարքավորումների մեծաքանակ պատվեր ունենան` կվերականգնի աշխատանքից ազատածներին ու կաշխատեն ողջ հզորությամբ: Սակայն հույսը չի դնում տեղական շուկայի վրա. դրսից է պատվերներ ակնկալում: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter