
«ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության սեփականատերը փոխվել է: Ներկայումս այդ հեռուստաընկերության սեփականատերը «Հոպար Մեդիա» ՍՊԸ-ն է, որը որոշ տեղեկությունների համաձայն` պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
«Չի» - Սա իսկապես լուրջ առաջընթաց է: Վերջապես մեր հեռուստաընկերությունների անվանումները սկսում են համապատասխանել եթերի բովանդակությանը: Ըստ երեւույթին, շուտով այս ոլորտում այլ ընկերություններ էլ կհայտնվեն, ասենք` «Մեծ ախպեր TV», «Կայֆարիկ Պլյուս», «Պիսկեմ Հոլդինգ», «Թայֆա Գրուպ» եւ այլն:
Տարօրինակն այստեղ միայն այն է, որ Միքայել Մինասյանի ընկերությունը կոչվում է «Հոպար Մեդիա»: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե կոչվեր «Փեսա Մեդիա»: Չնայած` «Հոպար Մեդիա»-ն էլ վատ չէ: Համ էլ` մարդ ես, մեկ էլ տեսար` հետագայում Սաշիկ Սարգսյանի որդիները որոշեցին գնել այս հեռուստաընկերության բաժնետոմսերը. ուրիշ ինչպե՞ս պիտի կոչեն ընկերւթյունը, եթե ոչ հոպարի անունով:
Մի խոսքով` մոտավորապես պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները` «Ինֆորմացիոն անվտանգության հայեցակարգ» ասելով:
Երկուսն էլ նույն վիճակում են
«ՀՅԴ-ին էլ, որպես ավանդական կուսակցության եւ մեր կոալիցիոն գործընկերոջ, մաղթում եմ, որ այնուհանդերձ հաղթահարի 7 տոկոսի շեմը»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Չի» - Անշուշտ, Արմեն Աշոտյանի եւ Դաշնակցության հարատեւ լեզվակռիվը մեր քաղաքական կյանքի ամենալուսավոր կետերից մեկն է: Բայց մեզ հատկապես հետաքրքրում է պրն Աշոտյանի հայտարարության «այնուհանդերձ» բառը: Իհարկե, իսկապես էլ Դաշնակցության համար 7 տոկոսի շեմը հաղթահարելը մեծ հաջողություն կլինի, բայց պրն Աշոտյանի ձեւակերպումը, ամեն դեպքում, ուշագրավ է: Փաստորեն, նա ասում է` չնայած Դաշնակցությունը մեր կոալիցիոն գործընկերն է, բայց հույս ունենանք, որ 7 տոկոսից ավելի ձայն կհավաքի:
Ճիշտ է ասում, որովհետեւ հենց միայն «ՀՀԿ-ի գործընկերոջ» կարգավիճակն այնպես հոզոր բացասական ֆոն է, որ 7 տոկոս հավաքելը հրաշք կլիներ: Այլ հարց է, որ ցանկացած դաշնակցական ճիշտ նույն նախադասությունը կարող էր ասել ՀՀԿ-ի մասին: Եվ պատկերացրեք` առանձնապես սխալված չէր լինի: Այնպես որ, մեկ էլ տեսար` ՀՀԿ-ն նույնպես «այնուհանդերձ» հաղթահարեց 7 տոկոսի շեմը: Չնայած` դժվար կլինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել