HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեներալ Հայկազ Բաղմանյանի որդու գազալցակայանն աշխատում է առանց հաշվիչ դրամարկղային մեքենայի

hoxaktor

2007 թվականի ամռանը «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ եւ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի միջեւ կայացվել է բանավոր համաձայնություն պանրագործարանի մի մասում կառուցել գազալցակայան եւ համատեղ շահագործել: Գազալցակայանի կառուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք է բերել պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը, որից հետո նրա ու ՍՊԸ-ի միջեւ պետք է կնքվեր համապատասխան պայմանագիր կառուցման եւ շահագործման կարգի  վերաբերյալ: Պանրագործարանի տնօրենի կողմից հատկացվել է տարածքն ու ենթակայանը, իսկ  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն պետք է սարքավորումները տրամադրեր:

«Գազալցակայանի կառուցման ավարտից հետո շահագործումը պետք է իրականացվեր 70/30 հարաբերությամբ` 70 տոկոս շահութաբաժինը պետք է ստանար  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ , իսկ 30 տոկոսը` մեր ընկերությունը: Գազալցակայանի կառուցման ժամանակ օգտագործվել է նաեւ պանրագործարանի տարածքում եղած շինանյութն ու էլեկտրական սարքավորումները: Գազալցակայանի կառուցումն ավարտվել է 2007 թվականի դեկտեմբերին եւ առ այսօր շահագործվում է, շահույթ ստանում, զբաղեցնում է մեր ընկերության տարածքից 0.64 հեկտար, սակայն մեր ընկերությունն անմասն է այդ շահույթից:  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ տնօրեն Վլադիր Բաղմանյանը հրաժարվում է մեր ընկերության հետ պայմանագիր կնքել»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Թաթուլ Բաղդասարյանը:«Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ն գրանցված է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ՀՀ պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժնում: Նրա ասելով, իր ընկերությանը պատկանող տարածքում ավտոգազալիցքավորման ճնշակայան կառուցելու համար ունեն բոլոր փաստաթղթերը, որից էլ օգտվելով  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն, անօրինական կարգով բռնազավթել է ճնշակայանը, սկսել նրա շահագործումը եւ առ այսօր պարզապես անտեսում է այդ անօրինականություններին վերջ տալու իրենց բազմաթիվ պահանջները:

Տեղեկացնենք, որ մեզ մոտ են գտնվում  «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին «ՀայՌուսգազարդի» եւ այլ իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունների պատճեները, որտեղ խոսք չկա «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի մասին: Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի կողմից տրված 11.07.2007 թվականի համար 159 ճարտարապետահատակագծային առաջադրանքում նույնպես բացակայում է այս ՍՊԸ-ն եւ որպես ավտոգազալիցքավորման ճնշակայանի կառուցապատող ներկայացված է «Մարտունու պանրագործարանը»: Նշենք, որ գազալցակայանը պատկանում է ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի որդուն` Պավել Բաղմանյանին:

Նշված գազալցակայանը գործում է առանց հաշվիչ դրամարկղային մեքենայի, չի վճարում նաեւ զբաղեցրած հողի հարկը: Պանրագործարանի տնօրենն այդ հարցով բազմիցս դիմել է հարկային տեսչությանը, սակայն ապարդյուն: Նախագահ Սերժ Սաչգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը , Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ցանկացած առիթով ասում է, թե բոլորը պիտի գործեն հարկային դաշտում եւ հավասար են լինելու օրենքի առջեւ, սակայն մինչ օրս հարկային տեսուչների աչքի առջեւ գործում է ՍՊԸ, որը խախտում է օրենքի դրույթն ու մնում անպատիժ: Պետեկամուտների կոմիտեի մարտունու ստորաբաժանման պետ Կամո Հակոբյանն էլ փաստեց, որ մինչ օրս գազալցակայանում ՀԴՄ տեղադրված չէ:

«Այս պահին գազալցակայանում ստուգումներ են արվում եւ ՀԴՄ չունենալու փաստն արդեն արձանագրվել է, բայց «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն ինձ մոտ հարկատու է եւ հարկերը վճարում է»,-նշեց Կ. Հակոբյանը: Ավելացնենք, որ ՀԴՄ չունենալու համար «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին նախորդ տարվա դեկտեմբերին մեկ անգամ տուգանել են, սակայն դրանից հետո էլ արդեն 4 ամիս գազալցակայանը գործում է առանչ ՀԴՄ-ի, մինչդեռ հասարակ քաղաքացու դեպքում վաղուց գործունեությունը կկասեցնեին:

«Այս հարցին օրինական եւ խաղաղ լուծում տալու համար դիմել եմ նաեւ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին, քանի որ նրա որդին հանդիսանում է «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ մեծ բաժնետեր: Նա խոստացավ, մեր նախապես ձեռք բերված համաձայնությանը օրինական ընթացք տալ, սակայն իր խոստումը չկատարեց, հավանաբար գերադասելով միայնակ տիրանալ գազալցակայանի գործունեությունից ստացվող շահույթին».-ավելացրեց Թաթուլ Բաղդասարյանը:

Իրենց ընկերությանը «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից պատճառված վնասը դադարեցնելու, ինչպես նաեւ դժբախտ պատահարներից խուսափելու համար Թ. Բաղդասարյանը դեռեւս 2008 թվականի  հունիսի 16-ին, ապա հունիսի 23-ին թիվ ԵՊ 6/8 եւ ԵՊ 6/7 գրություններով դիմել է էլեկտրական ցանցերի «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Ս. Գամբուրյանին` պահանջելով իրենց պատկանող էլեկտրական տրանսֆորմատորը  լարումից հանել եւ դադարեցնել էլեկտրամատակարարումը, սակայն առ այսօր սեփականատիրոջ գրությունները արձագանք չեն գտել: Ավելին, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» իրացման տնօրեն Ա. Թոխունցը 13.10.2008 թվականին գրությամբ պահանջել է Ս. Գամբուրյանից դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը մինչեւ նրա կողմից վերականգնման մասին գրավոր պահանջը: Այդ գրությունն էլ չի կատարվել եւ մինչեւ հիմա շարունակվում է էլեկտրամատակարարումը, որի արդյունքում պանրագործարանի հաշվին միլիոնավոր դրամների պարտքեր են գոյանում  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի պատճառով:

Թաթուլ Բաղդասարյանի բազմաթիվ գրություններին դրական չի արձագանքում նաեւ «ՀայՌուսգազարդը» եւ չի դադարեցնում գազամատակարարումը: Թ. Բաղդասարյանը բազմիցս նամակներով դիմել է նաեւ պպետական այլ մարմիններին` երկրի նախագահին, վարչապետին, արդարասատության նախարարությանը, սակայն անօգուտ: «Հարգելի պարոն նախագահ, դիմում եմ ձեզ, ակնկալելով իմ կողմից բարձրացված այս հարցը կարժանանա անհրաժեշտ ուշադրության եւ ձեր հսկողությամբ կստանա օրինական լուծում»,- Թ. Բաղդասարյանը մեր միջոցով դիմում է Սերժ Սարգսյանին: Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող պանրագործարանը` շուրջ 6 հեկտար հողատարածքով, որից 3.7 հեկտարը սեփականության իրավունքով, իսկ 2.3 հեկտարը` վարձակալական: Այդպես է գրված ընկերությանը տրված անշարժ գույքի վկայականում, որը տվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու ստորաբաժանումը, սակայն օրերս Թաթուլ Բաղդասարյանը պարզել է, որ նույն կոմիտեում «Մարտունու պանրագործարանին» սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը անհասկանալիորեն գրված է 2.3 հեկտար, իսկ մնացած հողամասը պատկանում է Մարտունու քաղաքապետարանին: Այս տվյալներն ամբողջովին հակասում է 30.10.1993 թվականին տրված սեփականության վկայականի տվյալներին: Այս առնչությամբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու ստորաբաժանման պետ Վրույր Վարդանյանն ասաց, թե իրոք անճշտությունն առկա է եւ խնդրել է Թ. Բաղդասարյանին իրենց մոտ տանել սեփականության վկայականի բնօրինակը:

«Իրոք, սեփականության իրավունքը Թաթուլ Բաղդասարյանին տրվել է կառավարության որոշմամբ, ուսումնասիրություններ ենք անում եւ այդ մասին լրացուցիչ ձեզ կտեղեկացնենք»,-ավելացրեց Վ. Վարդանյանը:

Նշենք, որ մեզ հետ հեռախոսազրույցում Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էլ ասաց, թե  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն օրինական է գործում, սակայն երբ նրան փոխանցեցինք, որ մեզ մոտ է գտնվում թույլտվությունների փաթեթը, որտեղ բացակայում է ՍՊԸ-ի անունը եւ թույլտվությունները տրված են «Մարտունու պանրագործարանին» մի պահ լռեց, այնուհետեւ նշեց, թե մեր հարցերին կպատասխանի միայն գրավոր:

Քաղաքապետի հետ զրույցից րոպեներ անց իմ բջջային հեռախոսին փակ հեռախոսահամարից զանգահարեց մարտունեցի Սամվել անունով ներկայացած մի տղամարդ: Նրա ասելով, իբր իմ հեռախոսահամարը իրեն տվել է լրագրողների շրջապատում հայտնի ոմն Կարեն: Երբ ասացի, որ նման ծանոթ չունեմ, ասաց, թե դա կարեւոր չի: Սկզբում հանդես եկավ տուժողի դերում, ասելով, որ «հարկայիններից բողոք ունեմ, ուզում եմ իրանց մասին բան գրես, որ նախագահն իմանա, թե ինչ է կատարվում», ապա հետաքրքրվեց, թե ես որ լրատվամիջոցից եմ եւ որտեղ է խմբագրության հասցեն: Խոստացավ գալ, բայց այդպես էլ չեկավ: Սա պատահականություն չէր, պարզապես Մարտունու քաղաքապետը ուրիշի միջոցով փորձում էր ինձ «սթափեցնել»:

Թաթուլ Բաղդասարյանը դիմել է նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը: «Հետքի» հետ զրույցում վերահսկողական ծառայության առաջին բաժնի վարիչ Արծրուն Թորոսյանը փոխանցեց, որ երեկվա դրությամբ իրենք 5 ուղղություններով նամակներ են ուղարկել այն կառույցներին, որոնց դիմել եւ արձագանք չէր ստացել Թ. Բաղդասարյանը: «Պատասխան դեռ չենք ստացել, երբ դրանք ստանամ մանրամասն կներկայացնեմ»,-ասաց պարոն Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter