HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Ռուստամյան. «Չպետք է թույլ տալ, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան հակադրի Հայաստանի եւ Սփյուռքի շահերը»

20_03-a_rustamyan«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է իրագործվի այնպիսի տրամաբանությամբ, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը չտուժի կատարած որեւէ անհեռատես քայլի պատճառով»,-այսօր ՀՅԴ-ի կազմակերպած հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ Ռուստամյանի` Թուրքիան համայն իր ժողովրդի առաջնորդվելու վառ օրինակ է. «Թուրքիան երբեւէ չի կատարի որեւէ քայլ, որը չի բխում իր ազգային նպատակներից կամ կարող է վտանգել դրանց իրականացման հեռանկարը»: Թուրքիայի մարտավարական զիջումների սահմանները, ըստ բանախոսի, որոշվում են վերը նշվածով եւ հենց վտանգ է առաջանում, նրանց չի կաշկանդում որեւէ պայմանավորվածություն: «Այս ֆոնի վրա ակնհայտ է, որ Թուրքիային պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացը, այլ ոչ թե դրա գաղափարական արդյունքը, եւ պետք է ընդունել, որ այսպիսի մարտավարությամբ նրան առայժմ քիչ բան չի հաջողվել»,-ասաց Ռուստամյանը եւ մատնանշեց հաջողությունները` միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի վերնախավի մոտ տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց գոյություն ունի, որը կառուցողական ընթացքի մեջ է. «Երկրորդ` հայտ ներկայացնել հանդես գալու որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության նպատակահարմար կողմ, երրորդ` հայտ ներկայացնել ստանձնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական դերը»: Վտանգավոր համարելով Թուրքիայի այս ձեռքբերումները` ԳՄ ներկայացուցիչը  խորհուրդ է տալիս թույլ չտալ  Թուրքիային խորացնելու «իր երկդիմի մարտավարությունը», որը ուղղված է ընդդեմ Հայաստանի:  Որպեսզի Հայաստանը հասնի ասածին, պետք է իր մարտավարությունը կառուցի համապատասխան բանաձեւերով եւ հետապնդի հետեւյալ խնդիրների լուծումը. «Բացահայտի, որ Թուրքիայի նպատակը ոչ այնքան կարգավորումն է, որը նրա ծրագրերի մեջ չի մտնում, այլ այդ գործընթացը որպես միջոց օգտագործելը` մի կողմից միջազգային ճնշումները չեզոքացնելու, իսկ մյուս կողմից` Հայաստանից անհամաչափ զիջումներ կորզելու շնորհիվ` թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական շահերը սպասարկելու համար»: Հայաստանը պետք է թույլ չտա, որ հարաբերությունների կարգավորումը թուրքական դիվանագիտությունը ներկայացնի ոչ թե որպես միջազգային պարտավորություն, այլ որպես իր կողմից բարի կամքի դրսեւորում եւ վերածվի լծակի Հայաստանից զիջումներ կորզելու համար, նաեւ. «Չպետք է թույլ տալ, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանա թուրքական կողմի ներկայացվող նախապայմանների  կիրառման տրամաբանությամբ: Նաեւ չպետք է թույլ տալ, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան հակադրի Հայաստանի եւ Սփյուռքի շահերը»: Արմեն Ռուստամյանը, ամփոփելով իրավիճակը, պնդեց, որ Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, այլ հասկանալով դրանց խոցելությունը փոխում է դրանց վերջնագրային բնույթը` դարձնելով դրանք քողարկված. «Սահմանը կբացվի եւ Թուրքիայի նախապայմանները կկորցնեն իրենց ազդեցությունը, եթե ապացուցենք, որ ընդունակ ենք փակ սահմաններով էլ լուծումներ գտնել մեր համազգային շահերը չզիջելու, սեփական ռեսուրսը գոյացնելու, անվտանգության համակարգը հզորացնելու եւ այլընտրանքային հնարավորություններ հայթայթելու ուղղությամբ»: Հակառակ դեպքում բանախոսը գտնում է, որ մեր հակառակորդի մոտ ամրապնդվելու է մեր մոտալուտ կապիտուլացիայի անխուսափելիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter