
«Գյուլը գալիս է այստեղ, դիմավորում ենք այնպես, ասես մեր քեռին է եկել»,- այսօր ՀՅԴ-ի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց դերասան Սոս Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ թուրքերը եղել են մեր թշնամին, կան եւ կլինեն. «Նրանք մի խնդիր ունեն էս աշխարհում` մեզ վերացնել»:
Դերասանը «դիվանագիտական խաղ» բնութագրեց ներկայիս գործընթացը. «600 հազար օրինակ ֆիլմ են տարածում իրենց երկրում` դպրոցականների մեջ, 12 միլիոն երեխա հակահայկական այդ ֆիլմը տեսել է, դե պատկերացրեք` ինչեր են նկարագրել` հայերն ինչ գազանություններ, եւ այլն, եւ այլն, հիմա այսօր մեզ հետ խաղեր են խաղում: Ընկեր, պարոն Գյուլ, բա էս ինչու ես տարածում, էս ինչ է, վաղվա համար ինչ թուրքեր ես պատրաստում հայերի դեմ: Գիտեք ինչ, դիվանագիտություն խաղալը մեր գործը չի: Մենք՝ հայերս, եթե չենք անգիր անում անցյալը, ապագա չենք ունենա: Էնքան դիվանագիտություն խաղացինք, ասեցինք` այո-ոչ, չգիտեմ, արեւելք, եւ այլն, եւ այլն, Եվրոպա, Ռուսաստան: Մենք չունենք այդ շնորհքը եւ մեզ պետք չի»:
Սոս Սարգսյանն ուզում է հասկանալ, թե ինչ է տալու հայերին սահմանի բացումը: Նա համաձայն չէ նախագահի այն մտքի հետ, թե կշահեն գործարարները. «Սահմանը բացելը մեր վերջի սկիզբն է»:
Դերասանը մեջբերեց սուլթան Համիդի խոսքը, թե ինչքան էլ որ իրենց թշնամին ամուր զենք ունենա, իրենց զենքը փափուկ բարձն է: «Զարմանալի ճիշտ խոսք է, իրենց սազող, իրենց էությանը բռնող: Այո, միշտ փափուկ բարձեր են օգտագործել: Այսօր, իմ խորը համոզմամբ, հաջողվեց թուրքերին մի անգամ էլ աշխարհին խաբել` այ, տեսեք, մենք բարեկամ ենք եւ այլն, ընկեր Օբամա, չասես եղեռն բառը: Չի ասելու, իմ համոզմամբ` Օբաման չի ասելու»,- համոզված է Սոս Սարգսյանը:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այսօր որեւէ փաստաթղթում արձանագրված չէ հայրենիքը վերականգնելու նպատակը. «Ի վերջո, ես ժառանգն եմ այն սերնդի, ով վերապրել է Ցեղասպանություն, ես ժառանգն եմ այն սերնդի, ով մեծ հայրենիք է ունեցել, եւ ես պահանջատեր եմ»:
Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Թուրքիայի նպատակն է Հայաստանի դիմադրողականությունը թուլացնելը, երկիրը դեպի եվրոպական, ամերիկյան, ռուսական արժեքային համակարգ տանելը. «Սա ամենամեծ գործողությունն է, որ ձեռնարկում է Թուրքիան, իսկ մենք սրա դիմաց ինչ ենք դնում, ոչինչ` պետական մակարդակում ոչինչ, հասարակական-քաղաքական մակարդակում` փոխադարձ վիրավորանքներ, եւ այն ուժը, որ փորձում է գոնե որեւէ ձեւով հայի արժանապատվությունը ներկայացնել, չորս կողմից ստանում է հարվածներ, իբր թե դա հեղափոխական է»:
Արծվիկ Մինասյանը խնդրեց, պահանջեց, առաջարկեց բոլորին. «Մենք իրավունք չունենք մեր սերունդների իրավունքը` սեփական երկիր, հայրենիք ունենալու, մատնենք այս կամ այն հատվածական մոտեցումների»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել