HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարված հողերի տխուր պատկեր. առաջատարը Վայոց Ձորն է

22_04-hoxerԱնցյալ հինգշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հանրապետությունում «հողերի սեփականաշնորհման ոլորտում չարաշահումները համատարած են, եւ շատ հաճախ մարդիկ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով»: Տ. Սարգսյանը փոխվարչապետին հանձնարարեց հարցն ուսումնասիրել շահագրգիռ կողմերի հետ եւ ձեռնարկել միջոցներ, այսուհետ նման գործելակերպի ռիսկերից խուսափելու համար: Այսօր տարածքային կառավարման նախարարությունը ներկայացրել է վերլուծություն` ՀՀ համայնքներում 2008թ. իրականացված հողերի աճուրդային վաճառքների վերաբերյալ:  Ըստ դրա` անցյալ տարվա ընթացքում Հայաստանի 10 մարզերում իրականացվել է հողերի աճուրդով 5690 վաճառք: Ամենշատ վաճառքի դեպքերը արձանագրվել են Կոտայքի մարզում` 1466, իսկ ամենաքիչը Սյունիքում` 208: Քաղաքային համայնքներից ամենաշատը աճուրդներ տեղի են ունեցել Գյումրի քաղաքում` 312 աճուրդ: Համեմատության համար նշենք, որ հանրապետությունում աճուրդներ իրականացված 45 քաղաքային համայնքներում միջինը իրականացվել է 64.9 աճուրդ: Նախորդ տարի Հանրապետության գյուղական համայնքներից աճուրդներ իրականացվել են 318-ում, որոնցում միջինը իրականացվել է 8.8 աճուրդ, իսկ գյուղական համայնքներից ամենաշատ աճուրդներ իրականացվել են Կոտայքի մարզի Գառնի համայնքում` 86 աճուրդ: Իրականացված աճուրդների արդյունքում օտարվել է 4814,8 հա հողատարածք: Ամենաշատ հողատարածքները օտարվել են Կոտայքի մարզում` 1369.8 հա, երկրորդ տեղում Արագածոտնի մարզն է` 1308.9 հա, իսկ ամենաքիչը Շիրակի մարզում` 50.7 հա: Ըստ մարզերի տարածքների օտարված հողատարածությունների ամենամեծ օտարումները տեղի է ունեցել Կոտայքում, որը կազմել է մարզի տարածքի 0.7 %-ը: Երկրորդը Արագածոտնի մարզն է` 0.5 % ցուցանիշով, այնուհետեւ Արմավիրը` 0.4 %-ով: Հանրապետությունում իրականացված աճուրդների արդյունքում օտարված հողերի միջին արժեքը կազմել է կադաստրային արժեքի 102.8 %-ը, այս տեսակետից 100 %-ից բարձր ցուցանիշ գրանցվել է Տավուշի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորի մարզում, որը կազմել է 50.7 %, իսկ երկրորդ տեղում է Արարատի մարզն է 77 %-ով: Օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդների հանված հողերի մեկնարկային արժեքը չի կարող պակաս լինել տվյալ հողի կադաստրային արժեքի 50 %-ից, իսկ սահմանամերձ եւ բարձր լեռնային տարածաշրջանների համար` 30 %-ից, մինչդեռ արձանագրվել են հողերի կադաստրային արժեքի 30 %-ից եւ 50%-ից ցածր օտարման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես Վայոց ձորի երկու եւ Արագածոտնի մարզի 5 համայնքումներում: Ուշագրավ է, որ իրականացաված աճուրդների մոտ 99 %-ում մասնակիցների թիվը եղել է ընդամենը 2 մարդ: Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ նույն մարդը հաղթող է ճանանչվել նույն համայնքում իրականացվող բազմաթիվ աճուրդներում: Իրականացված աճուրդների արդյունքում համայնքների բյուջեներ մուտքագրվել է շուրջ 17,472,673,7 հազար դրամ: Ամենաշատ գումարները մուտքագրվել են Կոտայքի մարզի համայնքների բյուջեներ` շուրջ 8,936,783.2 հազար դրամ, երկրորդ տեղում Արագածոտնի մարզն է` 2,721,272,4 հազար դրամ, իսկ ամենաքիչը` Վայոց ձորի մարզն է` 146,372,1 հազար դրամ: «Տարածքային կառավարման նախարարության կողմից հանձնարարվել է մարզպետարաններին ներկայացնեն տեղեկատվություն 2008թ. ընթացքում հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձեւավորված գումարներով իրականացված ծրագրերի վերաբերյալ: Նախարարությունում միաժամանակ ուսումնասիրվում են նաեւ ցածր արժեքով օտարված հողակտորների շուկայական գները եւ օտարված հողակտորների վերավաճառքի դեպքերը` որոշակի եզրակացության հանգելու նպատակով: Հանձնարարվել է մարզպետներին ձեռնարկել միջոցներ թերությունները վերացնելու եւ ապագայում դրանց կրկնությունը բացառելու համար»,- տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter