HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում կազմակերպված խորհրդաժողովը բանաձև է ընդունել

javakhk-mapԱպրիլի 21-ին Ախալքալաքում կայացավ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից կազմակերպված «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովը: Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանում գործող տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների և միությունների ղեկավարներ, շրջանների մունիցիպալիտետների պատգամավորներ, դպրոցների տնօրեններ որոնց մեծամասնությունը հանդես եկան տևական զեկույցներով, ինչպես նաև տեղական, վրացական ու հայկական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էին ստացել նաև երկրի տեղական և կենտրոնական իշխանության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցներ, ովքեր, դեռևս անհայտ պատճառներով, չէին ներկայացել միջոցառմանը, սակայն տեղական պաշտոնյաներից ոմանք խորհրդաժողովին չմասնակցելու տարբեր պատճառաբանություններով կանխավ հայցել էին կազմակերպիչների ներողամտությունը: Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից կազմակերպված խորհրդաժողովի անցկացումը ծրագրված էր դեռևս ապրիլի սկզբներին, սակայն ապրիլի 5-ին հայտնի էր դարձել, որ խորհրդարանի պատգամավորները` աշխատանքի բերումով, իշխանությունների եւ նրանց ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները` ապրիլի 9-ին երկրում հայտարարված գործողություններին նախապատրաստվելու կապակցությամբ, նախանշված օրը չեն կարողանալու մասնակցել խորհրդաժողովին: Խորհրդաժողովը ապրիլի 9-ից հետո անցկացնելու խնդրանքով Խորհրդին էին դիմել նաեւ երկրի պետանվտանգության եւ ներքին գործերի ծառայությունների բարձրաստիճան ղեկավարները: Խորհրդի արտահերթ նիստը քննության էր առել առաջացած իրավիճակը եւ որոշել խորհրդաժողովի անցկացումը հետաձգել որոշակի ժամանակով: «Խնդրում եմ ներկայիս հանդիպումը ոչ մի ձևով մեր երկրի մայրաքաղաքում` Թբիլիսիում և Վրաստանի մյուս շրջաններում, ապրիլի 9-ից սկսված գործողությունների հետ չկապել: Խորհրդաժողովն անկախ է դրանցից, որովհետև մենք ունենք այնպիսի ազգային խնդիր, որը կապ չունի ոչ ընդդիմության խոստումների, ոչ պետության, կառավարության, իշխանությունների ծրագրերի հետ: Այն, ինչի շուրջ մենք այսօր խոսելու ենք, հուզում է Վրաստանի հարավային շրջանների` սկսած Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայ բնակչությանը, անկախ նրանից, թե ինչ է կատարվում Թբիլիսիում կամ հանրապետության մյուս բնակավայրերում»,- հայտարարեց «Ակունք» միության նախագահ, համանուն ամսաթերթի խմբագիր Մելս Թորոսյանը: Նա ասաց, որ իրենք, հաշվի առնելով տարածաշրջանի հայ բնակչության կարծիքը, չեզոք են մնալու ներկայումս երկրում տարվող գործընթացների նկատմամբ` սրանով իսկ իրենց բողոքն արտահայտելով: Խոսնակի կարծիքով, ջավախահայերի նման պահելաձևը բողոքի արտահայտման մի յուրօրինակ ձև է, որի մասին պետք է նաև իմանան միջազգային կառույցները, թե ինչու մի հոծ ազգաբնակչություն չի մասնակցում երկրում ընթացող գործընթացներին: Մ. Թորոսյանը նկատեց, որ այս հարցի հիմնական պատճառն այն է, որ հաշվի առնելով վերջին 20 տարիների փորձը` ջավախահայերը հույս չունեն որ իրենց ձայնը, իրենց խոսքը կարող է ազդել ինչ-որ գործընթացների վրա: «Ակունք» միության ղեկավարի կարծիքով, պետք է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում Վրաստանի քաղաքացիները կունենան համահավասար պայմաններ: Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ օրենքների ու պարտականությունների կատարումը, որը Վրաստանը պարտավորվել է կատարել Եվրախորհրդի առջև, գնալով ձգձգվում է, ու սրա պատճառը նաև այն է, որ ջավախահայությունը միասնական չէ և նպատակաուղղված պայքար չի մղում. «Խոստովանում ենք, որ մենք միասնական չենք մեր ազգային շահերը պաշտպանելու հարցում»: «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն իր լայնածավալ ելույթի ընթացքում, վերլուծելով տարիների ընթացքում Վրաստանի քաղաքական անցուդարձը, նկատեց, որ ջավախահայությունը միշտ էլ հավատարիմ է եղել Վրաստանին և իր մասնակցությունն է ունեցել հատկապես անկախ Վրաստանի կայացման գործում: Անդրադառնալով Սամցխե-Ջավախքին հուզող հիմնախնդիրներին, նա վկայեց, որ դրանց մի մասն արհեստականորեն են ստեղծվել դեռևս 19-րդ դարից` հաջորդող իշխանությունների հետ միասին և առանձնակի սուր բնույթ են ստացել հատկապես «Վրաստանը միայն վրացիների համար» կարգախոսի հրապարակ գալու հետո` շարունակվելով մինչև օրս: Պատմական ակնարկի շրջանակում նա ներկայացրեց Ջավախք նահանգի ձևավորումը, անդրադարձավ տարածաշրջանի ինքնավարության պահանջին` միևնույն ժամանակ փաստելով այս խնդրի նկատմամբ Վրաստանի իշխանությունների անտարբեր կեցվածքի մասին. «Ջավախքը Սփյուռք չէ… Այո, Ջավախքը Սփյուռք չէ… սա մեր պատմական հայրենիքն է: Սա մենք ասել ենք դեռևս դարասկզբին: Դարերից եկող մեր իրավունքն է ապրել և արարել այս հողի վրա»,-հայտարարեց Վալերի Արաբյանը` նշելով, որ չնայած սրան, իրենք միշտ էլ հանդես են եկել Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին: Նա հավելեց, որ ջավախահայը պետք է դիտարկվի որպես այս երկրի լիարժեք քաղաքացի, սակայն դա չի կարող իրական լինել, երբ Ջավախքն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի: Վ. Արաբյանը նշեց, որ, ցավոք, ներկայումս տեղացիներն ականատես են լինում վրացական իշխանությունների կողմից դրսևորվող ժողովրդագրական արհեստական փոփոխությունների, վերջին շրջանում ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվում են ձերբակալություններ, որը թե նրանց, և թե ժողովրդի շրջանում վախ ներարկելու միտում ունի: Արաբյանի տեսակետով, նաև այս հանգամանքն է տեղաբնակներին ստիպում արտագաղթել, որովհետև ապահով չեն զգում, և որպես օրինակ բերվեց նաև վրաց-թուրքական սահմանի խոցելի լինելը, ինչի հետևանքով վերջերս Ջավախքում պարբերաբար անասնագողություններ են տեղի ունենում, որոնց հետքերը տանում են մինչև հիշյալ գոտի: «Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Դավիթ Ռստակյանն իր խոսքում հիմնականում անդրադարձավ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունեության ու դրա հետ կապված հիմնախնդիրներին: Խորհրդաժողովի մասնակից Արթուր Գաբրիելյանը ևս, ներկայացնելով Ջավախքի տասնյակ տարիների պատմությունը, մասնավորապես անդրադարձավ տարածաշրջանի կրթամշակութային խնդիրների բարձրաձայնմանը, մասնավորապես` հուշարձանների վրացականացման գործընթացին, հայկական դպրոցների տնօրենների ատեստավորում անցնելու պարտադրմանը, վրացերենի չիմացությանը և դրա հնարավոր բացասական հետևանքներին, հայ աշակերտին մատուցվող հայոց պատմության խեղաթյուրված փաստերին և այլն: «Ա-ինֆո» լրատվական գործակալության տնօրեն, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Արտակ Գաբրիելյանն իր ելույթում նշեց, որ թեև տարիներ շարունակ ջավախահայերին հուզող տարբեր հիմնախնդիրներ պարբերաբար բարձրաձայնվում են, բայց դրանց կարգավորման ուղղությամբ դեռևս շոշափելի արդյունք չի արձանագրվել: Նա նշեց, որ թեև վրացական իշխանությունների կողմից երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների կատարման առնչությամբ որոշ քայլեր տարվել են, բայց դրանք լիարժեք չեն: ՏԻՄ-ի գործունեության առնչությամբ, Արտակ Գաբրիելյանը նշեց, որ դրա կառավարումը խափանված է, քանզի խտրականություն է կիրառվում հայ բնակչության նկատմամբ, պետական կառույցներում կամ այլուր ազգային փոքրամասնությունները ներկայացված են նվազագույն թվաքանակով կամ ընդհանրապես բացակայում են և այլն: Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ շեշտվեց հատկապես աշխատատեղերի բացակայության, արտագաղթի, տնտեսության բնագավառում առկա վատթար վիճակը, նաև այն, որ կառավարության կողմից չեն իրականացվում այս բնագավառի թշվառությունը հնարավորինս ապաքինող ոչ կարճաժամկետ, ոչ էլ հեռանկարային ծրագրեր: Կրթամշակութային հիմնախնդիրներից առաջնայինը, ըստ Ա. Գաբրիելյանի, լեզվի հարցն է, այսինքն` հայերենի տարածաշրջանային լեզվի կարգավիճակի տրամադրումը: Այս առնչությամբ խոսնակն առաջարկեց տարածաշրջանի դատավարական, գործավարական և այլ գործընթացներ իրականացնել հայերենով, քանզի այս տարբերակն առավել քան մատչելի է տեղի հասարակությանը: Սակայն միևնույն ժամանակ ասվեց, որ Վրաստանի կենտրոնական իշխանություններին տրամադրվելիք անհրաժեշտ փաստաթղթերը կտրվեն վրացերենով: Խորհրդաժողովին առաջարկվեց Ջավախքին ինքնավարություն տրամադրել, որը սակայն չպետք է ստանա հակավրացական բնույթ և քաղաքական ենթատեքստ: «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն ու «Ջավախքի մտավորականության միության» նախագահ Ազատ Շիպակցյանը նույնպես հանդես եկան ելույթով: Նրանցից առաջինն առաջարկեց Ջավախքի հիմնախնդիրների լուծմանը հասնելու համար նույնպես կոշտ քաղաքականություն որդեգրել, ինչպես նաև չհամաձայնեց այն կարծիքին, որ ջավախահայերը չեզոք պետք է մնան ներկայիս իրավիճակում` պնդելով հակառակը, որ նրանք նույնպես Վրաստանի քաղաքացիներ են և իրավունք ունեն ազատորեն մասնակցություն ցուցաբերել երկրի ապագայի որոշմանը: Ազատ Շիպակցյանը տարածաշրջանի հիմնախնդիրների չլուծմանն անդրադառնալով` փաստեց, որ այս հարցում կա նաև իրենց մեղավորությունը, այսինքն այն, որ իրենք բավականաչափ միասնական ու համախմբված չեն գործել, բայց «եթե ժողովուրդը միասին ու միասնական լինի, եթե մի բռունցքի նման լինի», շատ հարցեր կլուծվեն: Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Ստեփան Հակոբյանը նշեց, որ ջավախահայերի իրավունքների պաշտպանությունն ու հիմնախնդիրների բարձրաձայնումը ոչ մի հակապետական արարք չէ և վախենալու խնդիր էլ չկա, քանզի ջավախահայերն իրավունք ունեն իրենց խնդիրները հասցնել իշխանություններին: Նա ասաց, որ տարածաշրջանի հիմնահարցերը պետք է լուծեն տեղաբնակները ու դրա համար պետք է ակտիվ լինել, իսկ օգնության ձեռք մեկնողներին էլ չմերժել, այլ` հնարավորություն տալ: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Նաիրի Մնացականյանն իր խոսքում շեշտեց ջավախահայ երիտասարդության ներկայիս ապրելակերպի և նրան հուզող առաջնային հիմնախնդիրների մասին: Ըստ նրա` տեղի երիտասարդության համար այժմ լուրջ խնդիր է վրացերենի չիմացությունը, ինչի պատճառով տեղում պատշաճ աշխատանք գտնելու հավանականությունը շատ փոքր է: Ն. Մնացականյանի խոսքերով, հատկապես վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է երիտասարդների` այս կամ այն կերպ առնչությունը ոստիկանության հետ, որոնցից շատերն ունեն պայմանական դատվածություն: Սրան գումարվում է նաև տեղում գործող վրացական բուհերի` տեղաբնակներին լիարժեք բարձրագույն կրթություն չապահովելը: Ն. Մնացականյանի կարծիքով, հենց այս խնդիրներն էլ մյուսների «ուղեկցությամբ» դարձել են արտագաղթի պատճառ և տարածաշրջանը հասցրել ծանր վիճակի: Խորհրդաժողովի ընթացքում իրենց կարծիքն արտահայտեցին նաև «Երիտասարդների Կամուրջ» հասարակական կազմակերպության անդամ Վլադիմիր Շահբազյանը, Վրաստանի Հայ օգնության միության (ՎՀՕՄ) ատենապետուհի Գայանե Երեմյանը, «Արշալույս» թերթի թղթակից Գևորգ Այվազյանը, մանկավարժ Վահան Բերակչյանը, ովքեր նույնպես կողմ արտահայտվեցին տարածաշրջանի հիմնախնդիրները տեղաբնակների օգնությամբ լուծելու առաջարկի հետ և «Ազավրեթ» կազմակերպության ներկայացուցիչ Արմենակ Թամամյանը, ով վրացական իշխանություններին քննադատելու հետ մեկտեղ, առաջարկեց մեղավորներ փնտրել նաև իրենց` ջավախահայերի շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից դեռևս սույն թվականի ապրիլի 7-ին մշակված հատուկ բանաձևը, որում ձևակերպվում են խորհրդաժողովի անցկացման նպատակները, տարածաշրջանի հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդի մտահոգություններն ու առաջարկները: Այնուհետև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ուսումնական գծով ղեկավար Կարինե Թադևոսյանն ընթերցեց բանաձևը: Բանաձև Ընդունված է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների կազմակերպած «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովի կողմից: 21 ապրիլի 2009 թ., ք. Ախալքալաք Խորհրդաժողովը նպատակ ունենալով` - նպաստելու Վրաստանի պետականության ամրապնդմանը, ժողովրդավարական դրույթների լիիրավ ներդրմանն ու կիրառմանը, - օժանդակելու Վրաստանի պետական կառուցվածքի ամենանպաստավոր ձևի մշակման եւ ճշտման գործընթացներին, - մասնակցելու տեղական ինքնակառավարման և կառավարման ձևերի վերակազմավորմանն ու զարգացմանը, - մասնակցելու պետաիրավական բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի ինտեգրացմանը, ազգային խտրականության տարրեր պարունակող գործողությունների վերացմանը, - Սամցխե-Ջավախքում խնդիրների համապարփակ լուծման միջոցով նպաստելու Վրաստանում ներքին ինտեգրացման օբյեկտիվ գործընթացի կայացմանը, երկրում բնակվող տարբեր ազգերի փոխհանդուրժողականության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանմանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, - նպաստելու հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված բոլոր գործընթացներին: Խորհրդաժողովը փաստում է, որ` - Վրաստանի գործող Սահմանադրությունը նախատեսում է դաշնային պետության կառուցվածք` երկպալատ խորհրդարանով կազմված` Հանրապետության Խորհուրդից եւ Ծերակույտից. վերջինիս անդամները կընտրվեն Վրաստանի բաղկացուցիչ ինքնավարություններից եւ տարածքային միավորներից: Միաժամանակ, գործող Սահմանադրության մեջ երկրի պետական կառուցվածքի մասին ամբողջական սահմանման բացակայությունը ուղղակիորեն խոչընդոտում է երկրում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման ընթացքին, - Վրաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման վերաբերյալ դրույթները իրականում չեն բավարարում ներկայացվող պահանջներին և կիրառվում են ոչ լիարժեք, - տեղական ինքնակառավարման և կառավարման առկա համակարգում չի հարգվում ազգերի իրավահավասարության սկզբունքը, Խորհրդաժողովը մտահոգված լինելով, որ` - Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանն ու երկրում ժողովրդավարության զարգացմանը, որը կարող է ի չիք դարձնել պետությանն իրենց հավատարմությունը բազմիցս ապացուցած ազգերի և ազգությունների,այդ թվում նաև հայերիս, քաղաքակիրթ գործելաոճը, - Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կարող է դառնալ ծառացած տարաբնույթ խնդիրների քննարկման և լուծման ոչ քաղաքակիրթ մեթոդների անուղղակի խրախուսման միջոց, - իրավահավասարության սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքականության բացակայությունը կարող է անդառնալի հարված հասցնել հասարակության մեջ ազգային փոքրամասնությունների ինտեգրացման ձգտումներին, - խնդիրների լուծման ոչ ամբողջական ձևերը կամ ձգձգումները կարող են առաջացնել նոր և անցանկալի լարվածություն, Խորհրդաժողովը անհրաժեշտ է համարում Վրաստանի իշխանությունների եւ Խորհրդարանի կողմից հետեւյալ քայլերի իրագործումը` ա/ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և գերիշխանությունը վերականգնելու ու պահպանելու, որպես կայուն և ժողովրդավար զարգացման երաշխիք` առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու նպատակով որպես Վրաստանի պետական կառուցվածք` Սահմանադրության մեջ լրամշակել պետական դաշնային (ֆեդերալ) կառուցվածքի բաժինը: Վրաստանի դաշնային պետական կառուցվածքր կկազմվի կենտրոնական իշխանությունից և դաշնային-տարածքային միավորներից: բ/ Վրաստանի պետական դաշնային կառույցում կենտրոնական իշխանություններին վերապահել Վրաստանի Սահմանադրության հոդված 3-ի առաջին կետի ենթակետերով սահմանված բոլոր լիազորությունները. գ/ Դաշնային-տարածքային միավորների եւ ինքնավարությունների կազմության հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ, համախումբ ապրող ազգությունների էթնիկական ինքնության պահպանման և զարգացման համար ներկայացվող պահանջները. դ/ Սամցխե-Ջավախքը, իր ներկա սահմաններով և սահմանակից Քվեմո Քարթլիի առավելաբար հայաբնակ բնակավայրերով` օժտել ինքնավար սուբյեկտի (դաշնային-տարածքային միավոր) կարգավիճակով. ե/ Դաշնային-տարածքային միավորներին եւ ինքնավարություններին ընձեռել ինքնակառավարման լայն իրավասություններ` ներառյալ սեփական սահմանադրություն և խորհրդարան ունենալը, բնակչության կողմից ինքնակառավարման և կառավարման բոլոր մարմինների ազատ ընտրության իրավունքը` կրթության, մշակույթի, սոցիալ-տնտեսական քաղաքականության, հասարակական կարգի պահպանության, տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության իրավասությունները: Հարկ է նշել, որ հավաքի բոլոր մասնակիցները միաձայն քվեարկությամբ կողմ եղան բանաձևում առաջադրված կետերին և իրենց համաձայնությունը հայտնեցին բանաձևը Վրաստանի խորհրդարանին տրամադրելուն: Խորհրդաժողովի ավարտին, Ա-ինֆո լրատվական գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանն ամփոփելով հանդիպումը` կոչ արեց հետևել առաջարկվող բանաձևի իրագործման աշխատանքներին, և հույս հայտնեց, որ վրացական իշխանություններն ի վերջո կզգան, որ առաջարկվող բանաձևը լավագույնը և հիմնական ելքն է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և հիշյալ հիմնախնդիրների լուծման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter