Ալավերդու հիվանդանոցն այս տարի էլ չի վերանորոգվի
Ալավերդու Առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն այսօր «Հետքին» հայտնեց , որ ՀՀ կառավարության կողմից կասեցվել է Ալավերդու Առողջապահական կենտրոնի 2009թ. վերանորոգման համար նախատեսված 75 մլն. դրամի հատկացումը: Կառավարության կողմից 31 մլն. դրամ նվազեցվել է նաև կենտրոնի բյուջեն, նախատեսված 337 մլն. դրամի դիմաց, այսուհետ այն կկազմի 306 մլն. դրամ: Սա կարելի է կապել պետբյուջեում ճգնաժամի հետևանքով ստեղծված ծանր վիճակի հետ: Մինչդեռ կենտրոնը գտնվում է հակասանիտարական վիճակում, քաքայված են սանհանգույցները, վթարային վիճակում է հայտնվել շենքի տանիքը, հարմարավետ չեն հիվանդասենյակները:
Կենտրոնը ապահովված չէ բժշկական որակյալ կադրերով: Ալավերդու բնակչությունը տեղում որակյալ բուժօգնություն չստանալով, շարունակում են դեգերել մարզկենտրոնի և մայրաքաղաքի բուժհաստատություններում: Առողջապահական կենտրոնում տեղեկացրին, որ վերջին ամիսներին Ալավերդիում ավելացել են չարորակ ուռուցքային և տուբերկույոզով հիվանդների թիվը:
Կենտրոնի ուռուցքաբան Ա. Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «2009թ. հունվարի 1-ի դրությամբ Ալավերդու առողջապահական կենտրոնում հաշվառված են եղել չարորակ ուռուցքով 283 հիվանդ, 2009թ. առաջին եռամսյակում նրանց թիվը ավելացել է ևս 21-ով: 2008թ.-ի ընթացքում Ալավերդիում մահացել են չարորակ ուռուցքով 54 հիվանդ, 2009թ.-ի առաջին եռամսյակում հաշվառվածներից մահացել են ևս 14-ը:
Տարածաշրջանում նկատվում է չարորակ ուռուցքներով հիվանդների աճ: Դա կապում ենք մեր աշխատանքի հետ: Այսօր լավացել է հիվանդների հայտնաբերումը: Միայն մեկ շաբաթվա ընթացքում մեր կողմից 5-6 ուղեգիր է տրվել և հիվանդներ է ուղարկվել Երևան` համապատասխան հետազոտության, որոնք բոլորն էլ հաստատվել են: Հարցականով ուղարկում ենք էնտեղից պատասխանը գալիս է, տուբերկուլյոզ է գալիս ուրախանում ենք, եթե գալիս է հաստատված ուռուցք, բնականաբար վատ ենք տանում:
Մենք ուռուցքները, ցավոք սրտի, հայտնաբերում ենք այն ժամանակ, երբ էլի ուշացած է: Հիմնականում մեզ մոտ ֆլյուրոգրաֆ անցնում են աշխատանքի ընդունվողները, 18 տարեկան զինակոչիկները, սննդի ոլորտում աշխատողները: Ֆլյուրոգրաֆ ստուգումից դուրս են մնում այն մարդիկ, ովքեր չեն աշխատում, որովհետև նրանց ոչ ոք չի պարտադրում: Կարծում ենք Ալավերդու պղնձաձուլական գործարանը կարող է հովանավոր կանգնել այս մարդկանց ստուգման համար: Խնդիրը կայանում է գիտեք նրանում, որ մեր կողմից հայտնաբերված ուռուցքային հիվանդները մեկ տարվա մեջ մահանում են»:
Կենտրոնի տուբկաբինետի վարիչ Մարտուհի Մելիքյանն էլ հաղորդեց, որ «Ալավերդիում վերջին 5 տարիներին տարեկան գրանցվում է առաջին անգամ տուբերկուլյոզով հիվանդացած 50 մարդ: Առաջներում այդ թիվ եղել է 30: Վերջին հինգ տարիներին առաջին անգամ տուբերկույոզով հիվանդացած 240 մարդ է դիսպանսեր հսկողության տակ վերցրված մեր կողմից, որը ուրիշ մարզերի հետ համեմատած շատ է: Խրոնիկ տուբերկուլյոզներին, որոնք արդեն մի քանի տարի հիվանդ են, հանում ենք հաշվառումից, նրանք այս թվի մեջ չեն մտնում: Իհարկե, բնական է, որ գործազրկության ստեղծված իրավիճակում տոբերկույոզով հիվանդները տարածաշրջանում պետք է ավելանային: Տուբերկուլյոզը ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացման հետ պետք է անընդհատ աճի: Կարևոր է այն, որ ժողովուրդը գիտի անվճար է բուժումը և դիմում է, հիվանդների մեջ շատ կան ուշացած դեպքեր, որոնք բժշկի չեն դիմել, կարծելով, թե բուժումը փողով է: Տարեկան տուբերկուլյոզով հիվանդների 1-2 մահ է լինում: Տուբերկուլյոզով հիվանդների շատ լավ մարտավարություն կա Հայաստանում, բուժումը պետպատվերով է, նույնիսկ թույլ են տալիս այն հիվանդները, որ ԲԿ + չեն,շրջապատի համար վարակիչ չեն, տեղում բուժվել: Նման կարգի հիվանդներին մենք բուժում ենք տեղում, դեղորայքը անվճար: Բացի այդ տուբերկուլյոզով ծանր հիվանդներին Ալավերդու քաղաքապետարանի կողմից տրվում է որոշակի սնունդ»:
Մարտուհի Մելիքյանը հայտնեց, որ շրջապատի համար վտանգավոր հիվանդներին բուժման ենք ուղարկում Վանաձոր և Աբովյան քաղաքների տուբկենտրոններ: Ներկայումս այս կենտրոններում նրա գործուղմամբ բուժվում են 5 հիվանդ:
«Եթե այդ հիվանդներին հանդիպեք, անմիջապես կնկատեք, որ նրանք սոցիալապես անապահով մարդիկ են: Մեր պրոբլեմը նրանում է, որ բուժումից հետո տուբերկուլյոզի բակտերիաները կայուն են դառնում և այլևս դեղորայքային ազդեցության չեն ենթարկվում: Դրանք խրոնիկ հիվանդներն են, դեղորայքային փոփոխություններ են անհրաժեշտ, որն ամբողջ աշխարհում է պրոբլեմ է: Հիմա Աբովյանի տուբկենտրոնում կա մի բաժանմունք, որտեղ բուժում են խրոնիկ տուբուերկուլյոզը, այստեղ մի մարդու բուժման համար պահանջվում է շուրջ 15 հազար դոլար, որը սոցիալապես անապահով հիվանդների համար բնականաբար անմատչելի է: Տուբերկուլյոզով մեզ մոտ հիմնականում հիվանդանում են տղամարդիկ, կարելի է ասել 70%-ը»,- ասաց Մ.Մելիքյանը:
Ալավերդիում ամենօրյա է դարձել մարդկանց իֆանկտների և ինսուլտների արձանագրումը: Այս հիվանդներից շատերը իրենց սոցիալական ծանր վիճակի պատճառով, ով ինչպես կարող է բուժում է ստանում են տանը, որը կարճ ժամանակ անց ճակատագրական է դառնում նրանց համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել