HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մեկնաբանի կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ գոյություն չունեն

22_04-h_chaqryan«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որպես այդպիսին, գոյություն չունեն, որովհետեւ դրանք միջպետական բնույթ առ այսօր չեն ստացել, իսկ միջազգային ուժերի` հարաբերությունների կարգավորման նախաձեռնություններն ընդամենը հանգեցրել են չկարգավորվածության»,-այսօր Դաշնակցության կազմակերպած հայ-թուրքական հարաբերության թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը: Նա ներկայացրեց  «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առկա վիճակը եւ հեռանկարը» թեմայով զեկույց: Մեկնաբանը նշեց, որ Հայաստանի հետ երկխոսությունը քաղաքական առաջադրանքի կատարման միջոց է Թուրքիայի համար. «Հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումները, ինչպես ապրիլի 17-ին նշվեց «Զաման» թերթում, սկսվել են 2007 թ. Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Շվեյցարիան շփումների կազմակերպման պատասխանատվությունը հանձն է առել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի առաջարկությամբ»: Զեկուցողը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է Թուրքիայի շահերից, քանի որ հարաբերությունները Թուրքիային թույլ կտան արեւելյան սահմանում ձեռք բերել ոչ անբարյացակամ հարեւան, նաեւ նոր շուկա. «Շնորհիվ Ռուսաստանի հետ զինակցության Հայաստանը ոչ միայն չեզոքացրել է թուրքական ճնշումները, այլեւ գործոն է դարձել Հարավային Կովկասում նաեւ Թուրքիայի համար, սակայն եթե Ռուսաստանի պարագայում այդ գործոնն ունի կառուցողական գործառույթ, ապա Թուրքիայի համար դա ստանում է զսպող, կանխորոշիչ նշանակություն»: Այս հանգամանքով բացատրվեց այն, որ Թուրքիան, համագործակցելով ռազմական բնագավառում Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, չի կարողանում Հարավային Կովկասում ազդեցիկ դիրքեր նվաճել. «Հայաստանը Իրանի համար եւս դարձել է լուրջ գործոն` նպաստելով Անդրկովկասում նրա ազդեցության պահպանմանը: Այս ամենը վկայում է, որ Թուրքիայի որդեգրած հայկական քաղաքականությունը չի նպաստում Մերձավոր եւ Միջին Արեւելքում նրա դիրքերի ամրապնդմանը: Մինչդեռ Թուրքիան տարածաշրջանային  գերտերության հավակնություններ ունի»: Հայաստանի համար էլ հարաբերությունները կարեւոր են, քանի որ կնվազի թուրքական վտանգը, ուստի կփոքրանա ռուս-հայկական դաշինքի դերը. «Կթուլանա նաեւ կախվածությունը ներքաղաքական անկայուն Վրաստանից, որի դարավոր բարեկամությունn ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանի թշնամությունը»: Եթե Թուրքիան առաջնորդվի տարածաշրջանի շահերով եւ հրաժարվի Հայաստանի նկատմամբ իր որդեգրած թշնամական քաղաքականությունից, ապա, ըստ մեկնաբանի, Անդրկովկասում կթուլանա հանրապետությունների բեւեռացումը, տարածաշրջանում կստեղծվի երկարաժամկետ կայունության եւ խաղաղության տվյալներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter