HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գ.Բաղունց. «Ցեղասպանության եւ ԼՂՀ ճանաչման հարցում յուրաքանչյուր սկզբունքային զիջում հավասարազոր է ազգի կործանման»

Երեկ Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանն ընդգծեց, որ ցեղասպանության փաստն անառարկելի ու անհերքելի իրողություն է յուրաքանչյուր հայի համար, եւ անընդունելի է փաստի շուրջ նույնիսկ քննարկումների անցկացումը:

Նրա կարծիքով, ցեղասպանության ճանաչման ձեւ է այն, որ ամեն տարի ապրիլի 24-ին Միացյալ նահանգների նախագահը ուղերձով դիմում է իր ազգությամբ հայ քաղաքացիներին: Դրանով, ըստ պատգամավորի, Միացյալ նահանգների կառավարությունն ընդունում է, որ իր քաղաքացիների նախնիները Օսմանյան կայսրությունում կորցրել են իրենց հայրենիքը:

«Մենք հետամուտ ենք լինելու որպեսզի մոտ ապագայում ընդգծենք նաեւ այն իրողությունը, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել նաեւ արեւելյան Անդրկովկասում` 1918-20թթ., երբ այստեղ ներխուժել է թուրքական էքսպեդիցիոն կորպուսը եւ ոչնչից ստեղծել Ադրբեջան կոչվող պետություն` դրանով խախտելով արեւելյան Անդրկովկասի նախաբնիկ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու իրավունքը: Եւ պետք է շեշտենք, որ մենք իրավահաջորդն ենք ցեղասպանության ենթարկված այդ ժողովրդի եւ ներկայացնում ենք նրանց շահերը: Այդ ցեղասպանությունը պետք է  դատապարտենք օրենքով եւ հետամուտ լինենք,որ միջազգային դիտորդների, կառույցների համար ըմբռնելի լինի այդ իրողությունը»,-նշել է Վահրամ Աթանեսյանը:

«Շարժում 88» կուսակցության անդամ Գագիկ Բաղունցը  խոսելով վերջին զարգացումների մասին, կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման եւ դրանց հետեւանքների շուրջ քննարկումների անցկացումը: Նա միաժամանակ շեշտել է, որ ցեղասպանության եւ ԼՂՀ ճանաչման հարցում յուրաքանչյուր սկզբունքային զիջում հավասարազոր է ազգի կործանման, ինչը, ըստ նրա, պետք է գիտակցի ցանկացած հայ` սկսած շարքային մարդուց մինչեւ նախագահ:

Իսկ «Բարոյական վերածնունդ» կուսակցության նախագահ, Մուրադ Պետրոսյանը ընդգծել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների եւ առկա մարտահրավերների պայմաններում խիստ անհրաժեշտ է կազմակերպված հայություն ունենալը: Հենց կազմակերպված հայկական համայնքի առկայությամբ է, ըստ նրա, պայմանավորված օրինակ Միացյալ նահանգների նախագահի ամեն տարի հայերին ուղերձով դիմելը:

«Կազմակերպվածության մեջ է հենց կայանում մեր ուժը, դա էլ մեր նավթն է»,-ավելացրել է Մուրադ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter