«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին սպառնում է 25 տարվա ազատազրկում
Երեկ Չեխյայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը հայտարարել է Պրահայում հայկական հանցավոր խմբավորման 4 անդամի, այդ թվում` «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի ձերբակալման մասին: Մոտ 50 հայերից կազմված խմբավորման 4 անդամները ձերբակալվել են մարտի 23-ին` «Վոլֆրամ» ոստիկանական օպերացիայի շրջանակում, իսկ 5-րդին ձերբակալել են Սլովենիայում: Վերջինիս ով լինելը, ելնելով նախաքննության շահերից, առայժմ չի հրապարակվում:
«Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ` հանցավոր խումբը մասնագիտացել է լիզինգային խարդախության մեջ, որն իրականացրել է Չեխիայում եւ Ավստրիայում: Բացի այդ, իրավապահները կասկածում են, որ խմբավորման ղեկավարը` «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, մասնակցություն ունի չեխական «Sazka» ընկերության վարորդի սպանության եւ 2007 թ. նոյեմբերին Պրահայում ազգությամբ հայ գործարարի նկատմամբ կատարված մահափորին:
2007-ի նոյեմբերին հայ գործարարին դանակով հարվածել էին Պրահայի փողոցներից մեկում: Հանցագործները դիմել էին փախուստի: Նոյեմբերի 27-ին սպանվել էր «Bentley» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ըստ իրավապահների` վերջինս սպանվել էր սխալմաբ, քանի որ օրեր առաջ մահափորձի ենթարկված հայ բիզնեսմենը վարում էր ճիշտ նույն մակնիշի մեքենա: Հանցագործության անմիջական կատարողներից մեկին ոստիկանները ձերբակալել են 2007 թ. դեկտեմբերին, մյուսին` 2008 թ. նոյեմբերին, իսկ երրորդին մինչ օրս փնտրում են:
«Զապ» մականունով 40-ամյա Անդրանիկ Սողոյանը գյումրեցի է: Իբրեւ «օրենքով գող» 15 տարի առաջ նա «թագադրվել» է Մոսկվայում` «օրենքով գող» Նիկոլ Բարսեղյանի երաշխավորմամբ:
2006 թ. Ա. Սողոյանը մեկ այլ «օրենքով գող» Թեմուր Միրզոեվի հետ ձերբակալվել էր Սոչի քաղաքի «Ռիո» կազինոյում: 2007 թ. ապրիլին դատարանի որոշմամբ Սողոյանն արտաքսվել է Հայաստան` Ռուսաստանի տարածք մուտք գործելու 5 տարվա արգելքով: Նույն թվականին էլ վերջինս մեկնել է Չեխիա:
Չեխիայի դատարանում Անդրանիկ Սողոյանին առաջադրված մեղադրանքի հաստատման դեպքում, նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել