HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում պետբյուջեից բոլոր ծախսերը կկատարվեն խնայողաբար

Երեկ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը կառավարության նիստում 2008թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելուց հետո լրագրողներին նույնպես ծանոթացրեց հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական որոշ ցուցանիշներին:

Նրա հավաստմամբ, չնայած 2008 թվականի տարեվերջի համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությանը` տնտեսական աճը հանրապետությունում կազմել է 14.3 տոկոս:

Համախառը ներքին արդյունքը կազմել է 87.1 մլրդ դրամ (2007թ.` 70.8 մլրդ դրամ): Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 623.1 հազ. դրամ կամ 2036.5 ԱՄՆ դոլար: Ֆինանսների նախարարը լրագրողներին հայտնել է, որ անցած տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշները տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ էին ենթադրում, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր գործը արեց:

Այնուամենայնիվ, ճգնաժամի պայմաններում Ղարաբաղում շարունակվում են իրականացնել նախատեսված ծրագրերը` ձգտելով հնարավորինս թույլ չտալ ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսում: Այս մասին երեկ կառավարության նիստում խոսել է նաեւ վարչապետ Արա Հարությունյանը` նշելով, որ ճգնաժամը բացասական մեծ ազդեցություն չունի հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վրա, այնուհանդերձ, անցանկալի հետեւանքներ արդեն գրանցվել են 2009թ. առաջին եռամսյակում: Նա ընդգծել է, որ իրավիճակը թելադրում է պետբյուջեից բոլոր ծախսերը կատարել առավելագույնս խնայողաբար:

Գործադիր իշխանության ղեկավարը միաժամանակ վստահեցրել է, որ այս տարի եւս պետության կողմից սոցիալական բոլոր վճարումները կկատարվեն:

Ծավալուն ներդրումները կշարունակվեն հատկապես գյուղատնտեսության եւ շինարարության բնագավառներում: Սպարտակ Թեւոսյանը լրագրողների խնդրանքով նաեւ անդրադարձել է նյութական պահուստի ձեւավորմանը: Նրա տեղեկացմամբ, արդեն ստեղծվել է համապատասխան պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը կզբաղվի կազմակերպչական աշխատանքներով: Պահուստի մի զգալի մասը, ֆինանսների նախարարի խոսքերով, կազմելու են բենզինն ու դիզվառելիքը, պարենային ապրանքները եւ այլն: Դեղորայքի մասով լրիվությամբ ապահովված ենք, ասաց նախարարը, քանի որ դեղերի պահուստի ձեւավորման գործընթացը սկսվել է դեռեւս տարիներ առաջ: Ս.Թեւոսյանի տեղեկացմամբ` որոշակի տնտեսումներ են անում նաեւ պետական մեքենաների օգտագործման մասով: Այդ նպատակով նախատեսված գումարները ֆինանսավորվում են 70-85 տոկոսով, հայտնել է նախարարը:

Ի դեպ, այս հարցին կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ անդրադարձել է նաեւ վարչապետը, որն արտահայտելով իր դժգոհությունը պետական մեքենաների ոչ նպատակային օգտագործման փաստերի առթիվ, շեշտել է, որ այսուհետ վերահսկողություն է սահմանվելու եւ խախտում կատարողները պատժվելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter