HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կառավարության արտագնա նիստը` Շուշիում

Այժմ ավելի իրատեսական է դարձել Շուշի քաղաքի վերականգնման համազգային ծրագրի ընդունումը: Այն պետք է նոր թափ ու ծավալ հաղորդի այստեղ իրականացվող կառուցողական աշխատանքներին: Այս միտքն այսօր կառավարության արտագնա նիստի ընթացքում հնչեցրել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը` ներկայացնելով 2008 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:

Վարչակազմի ղեկավարի խոսքերով, շինարարական նոր ծավալների պահանջ կա նաեւ մյուս բնակավայրերում: Անցած տարի Շուշիի շրջանում կատարվել են 1592.1 մլն դրամի շինարարական աշխատանքներ. ավարտին է հասցվել բազմազավակ ընտանիքների համար 3 տան կառուցումը, վերակառուցվել են Մեծ-շեն գյուղի եւ Շուշիի Լ.Մելիքով փողոցի ջրատարները, մասամբ վերանորոգվել է Թադեւոսի ջրատարը, զգալի միջոցներ են հատկացվել քաղաքի գազիֆիկացումն ավարտելու համար: Շուշիում կառուցվում է զբոսաշրջային բազա, վերականգնվում են տպարանի, Արեւելյան բաղնիքի եւ շուկայի շենքերը: Հաշվետու տարում պետբյուջի միջոցներով մասնակի վերանորոգում է կատարվել շրջանի կրթօջախներում, սակայն գյուղական դպրոցների մեծ մասը կարիք ունի հիմնանորոգման: Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձագանքելով ներկաների մտահոգություններին` վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Շուշին ունենալու է միանգամայն այլ պատկեր, ինչի համար պետության կողմից լուրջ ու հետեւողական ներդրումներ են սկսվել:

«Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ չպետք է հատուկ հույս դնել դրսեկ օգնությունների վրա, պատմական մեր քաղաքը պետք է,  նախեւառաջ, ինքներս վերականգնենք մեր ջանքերով եւ միջոցներով»,- ընդգծել է նա` վստահեցնելով, որ Շուշիում տարեցտարի կավելանան պետական ֆինանսավորման ծավալները:

Վարչապետը հավաստել է, որ գալիք տարվանից կսկսվի ԼՂՀ պետական մի շարք կառույցների տեղափոխումը Շուշի, ինչն էապես կաշխուժացնի քաղաքը: Մոտ ապագայում այստեղ կտեղափոխվեն, մասնավորապես, դատական համակարգի, մշակույթի նախարարության, կրթական ոլորտի առանձին հաստատություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter