HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ա. Իսկանդարյան. «Կոմպլեմենտարիզմը քմահաճույք չէ, այլ` գոյատևման միջոց»

«Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմ հարարբերություններում, թե գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր քննարկման առարկա դարձավ այն հարցը, թե Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի` Վրաստանում մայիսի 6-ին կայանալիք զորավարժություններին, չի վնասի, արդյոք, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին:

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով պատգամավոր Սեմյոն Բագդասարովը մասնավորապես հայտարարեց, թե տարօրինակ է, որ Հայաստանի զինծառայողները մասնակցություն են ունենալու Ռուսաստանի համար «ոչ բարեկամական» երկրում տեղի ունեցող զինավարժություններին: Ս. Բագդասարովը հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ կողմերն ունեն պարտավորություններ: Ըստ Բագդասարովի` զորավարժությունների անցկացումը ենթադրում է հակառակորդի առկայություն, իսկ Վրաստանի համար հակառակորդ են հանդիսանում Ռուսաստանը, Աբխազիան ու Հարավային Օսիան, որտեղ կանգնած են ռուս զինծառայողները: «Մեծ սխալ է հայկական իշխանությունների կողմից, Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Արևմուտքը երբեք չի պաշտպանել Հայաստանին և այժմ, երբ Հայաստանում ինչ-որ տարօրինակ գործընթացներ են գնում նոր դաշնակիցների փնտրման, այդ թվում` անգամ Թուրքայի, դա մեզ լարում է, մենք չենք կարող չտեսնել այդ վտանգը»,- ասաց ռուս պատգամավորը: Ըստ նրա` ԱՄՆ-ը և Արևմուտքը ցանկանում են Թուրքիայի դիրքերի ուժեղացում տարածաշրջանում` ի վնաս Ռուսաստանի շահերի. «Չի կարելի ճախրել օդում, Թուրքիան երբեք չի դառնա Հայաստանի դաշնակիցը, իսկ Ռուսաստանին կարող եք կորցնել»,- հայտարարեց Ս. Բագդասարովը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հակադարձեց` ասելով, որ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ Հայաստանը հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, որոնք ավելի բարձր մակարդակի վրա չեն, քան Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները և դրանք քննարկվել են ՀԱՊԿ-ում. «Այդ պայմանագրի ոչ մի կետի խախտման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ այնտեղ չէր ասվում, որ Հայաստանը պետք է խզի իր կապերը ՆԱՏՕ-ի հետ»: Բացի այդ, Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ չկա պատերազմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի և ՀԱԿՊ-ի միջեւ, որի պայմաններում Հայաստանը ոչ ճիշտ դիրք է բռնել, բայց Հայաստանն այն երկիրն է, որն ամենաշատը պատերազմ չի ուզում, քանի որ ցանկացած պատերազմից տուժում է Հայաստանը: Արմեն Ռուստամյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը դրական չեզոքություն է պահպանել ռուս-վրացական հարաբերություններում և չի կարող մասնակցել հակառուսական որեւէ ծրագրերում. «Մենք ունենք 2 կիսաբաց սահման և պետք է հաշվի առնենք մինիմում անհրաժեշտությունը, մեր տարածաշրջանը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ, բաժանարար գծերը չեն կարող նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,- ասաց նա: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հիշեցրեց, որ «այդ Ռուսաստանի «ոչ բարեկամական երկրի» միջոցով Հայաստան է մտնում բեռների 75 տոկոսը, այդ թվում` Ռուսաստանից, բացի այդ` Ռուսաստանը այդ «ոչ բարեկամական երկրի տարածքով գազ է տեղափոխում Հայաստան», Հայաստանն այսօր ունի 2 հարևան, որոնց հետ սահմանները փակ են, իսկ մյուս հարևանը Վրաստանն է, որը չափից դուրս բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և Իրանը, որը չափից դուրս բարդ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: «Հայաստանը չունի այլ ելք, Հայաստանը պետք է ապրի այն տարածաշրջանում, որտեղ ապրում է, Հայաստանը Ռուսաստան չէ և պետք է ապրի, չի կարող իրեն պահել այն կերպ, ինչպես Ռուսաստանը, կոմպլեմենտարիզմը քմահաճույք չէ, կոմպլեմենտարիզմը գոյատևման միջոց է, և մենք պետք է դրան համապատասխանենք` ամեն քայլափոխի հաշվի առնելով Ռուսաստանի շահերը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակին, Ալեքսանդր Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ չէր կարող լինել նման գործընթաց` առանց Ռուսաստանի լոււռ համաձայնության: Սեմյոն Բագդասարովն, ի վերջո, հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի այն քաղաքականությունից, որ վարում է ԱՊՀ երկրների նկատմամբ և ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի, քանի որ ԽՍՀՄ-ը Ռուսաստանի շահերի գոտին է: Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի թափանցումը այստեղ պետք է դիտարկվի որպես թշնամական վերաբերմունք. «Թող երկրներն ընտրեն` ում հետ գործ ունենալ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter