HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունը քոնն է

168-jam2«Ես համամարում եմ, որ այս միջոցառումների ժամանակ (մարտի 1-2-ի իրադարձությունների.-խմբ) Ոստիկանությունը լուրջ խախտումներ է թույլ տվել` անհամաչափության տեսակետից, և դրանց համար առաջնահերթ պատասխանատու է հենց ինքը` Հայկ Հարությունյանը»,-երեկ թերթին տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով Հայկ Հարությունյանի` ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին տված այն պատասխանը, թե մարտի 1-2-ին իրեն որևէ մեկը հրաման չի տվել: «Գիտեմ, թե նա ինչ է ասել Նիկոյանին, բայց գիտեմ, որ գալու է հանձնաժողով, և ինձ հետաքրքրում է, թե այնտեղ նա ինչ կասի,-ասել է Ա. Հարությունյանը` ավելացնելով,-Բայց ես միանշանակ համոզված եմ, որ Ոստիկանությունն անհամաչափ է գործել, և ինքը` որպես այն ժամանակվա ոստիկանապետ, դրա համար պատասխանատու է»: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաև, որ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում ուղիղ հայտարարել են, որ այդ օրը հրաման են ստացել իրենց վերադասներից: Հիշեցնենք, որ այդ պաշտոնյաների թվում էր ՀՀ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգորի Գրիգորյանը, ով ԱԺ-ում հայտարարել էր, թե Ոստիկանության Հատուկ նշանակության զորքերին մարտական զենքով զինվելու հրաման տվել է հենց Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք նաև, որ վերջինս Ս. Նիկոյանին մի քանի անգամ կտրուկ մերժելուց հետո, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ լինելու է ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում և պատասխանելու է հանձնաժողովի անդամների հարցերին: Դեռևս հայտնի չէ` հանձնաժողովի այդ նիստը բաց կլինի լրագրողների համար, թե ոչ: Իհարկե` միամտություն կլինի ակնկալել, որ հանձնաժողովը կփորձի Հայկ Հարությունյանի միջոցով որևէ նոր հանգամանք բացահայտել և ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կընթանա նախապես «պարապած» սցենարով: Սակայն անկախ հանձնաժողովի ցանկությունից և «մարզվածության աստիճանից»` Հայկ Հարությունյանը կարող է հայտնվել անելանելի վիճակում. եթե էլի ասի, որ իրեն որևէ մեկը հրաման չի տվել , ստիպված կլինի գոնե առերևույթ կրել մարտի 1-ի 10 զոհերի մահվան ամբողջ պատասխանատվությունը: Եթե փորձի խուսափել պատասխանատվությունից, ընդամենը պետք է արտասանի Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter