
Երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է այն լուրը, որ նախօրեին երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Սարգսյանի ու Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները, որոնք կոպտորեն խախտել են երթևեկության կանոնները: Ալիկ Սարգսյանը պատմել է հետևյալը.«Խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջև, ժողովրդի աչքի առջև, օրը ցերեկով` 7:40-ին երեկոյան: Երեք «ջիփ» մակնիշի մեքենաներ, բարձր տրամադրությամբ, հյուրերին ցույց տալու համար, թե իրենք հնարավորություն ունեն, լսել են համապատասխան երգը` «Սա Երևանն է, այստեղ մենք տանն ենք», էս երեք մեքենաները` բարձր արագությամբ, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կարմիր լույսի տակով անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, ժողովուրդը բոլորը դա նկատում է: Բնականաբար, ես արագ արձագանքում եմ, մեր խմբերը` ճանապարհային ոստիկանության ընկերները, (Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) 6-րդ վարչության համապատասխան ծառայությունները ընդամենը հաշվված րոպեների` 6 րոպեի ընթացքում, 7 րոպեում, հայտնաբերել ենք բոլորին, իրենց արժանի ձևերով բոլորին բերման ենք ենթարկել 6-րդ վարչություն: Բնականաբար, խախտման վերաբերյալ վարորդները իրենց պատիժը կրում են, ավելին` մեքենաների ուղևորներով էլ ենք զբաղվում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել