HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հրապարակվեց 2008 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԱԺ-ի կողմից հաստատված բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներն ապահովվել են Հայաստանի 2008 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմում է 1800 էջ, որտեղ ներկայացված է նախորդ տարավ բյուջեի իրականացումը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տվյալները ներկայացրեց համառոտ` ըստ ծավալների, ծախսերի եւ եկամուտների. «Եկամուտների ծավալը կազմել է 785 մլրդ 355 մլն դրամ եւ ծախսերի մասով 810 մլրդ 574 մլն դրամ: Բյուջեի դեֆիցիտը կազմել է 25 մլրդ 219 մլն դրամ»: Նախարարը նախորդ տարվա բյուջեի կատարողականը բնութագրող համարեց հետեւյալ ցուցանիշները. «Եկամուտների մասով հաստատվել էր 746 մլրդ դրամ ընդհանուր եկամուտներ, սակայն տարվա ընթացքում կատարվել էին ճշգրտումներ եւ ընդհանուր ծավալը հասցվել էր մինչեւ 803. 6 մլրդ դրամ: Փաստացի կատարողականը, որ մենք ունեցանք տարվա վերջում 785 մլրդ դրամ է, որը կազմում է ԱԺ-ի հաստատած ծրագրի 105 տոկոսը, իսկ ճշգրտված ծրագրով` 97.7 տոկոս»: Թերակատարումը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում չստացված դրամաշնորհներով, հիմնականում «Հազարամյակների մարտահրավերների» նախատեսած գումարների չստացման հետեւանքով. «Եթե մենք նայենք սեփական եկամուտների կտրվածքով, ապա այստեղ ունենք լուրջ գերակատարում` ապահովել ենք նախատեսված 771 մլրդ դիմաց, 770 մլրդ կատարողական, ինչը ճշգրտված ծրագրից 0.7 տոկոսով ավել է»: Հարկերի եւ տուրքերի մասնաբաժնով ճշգրտված ծրագրով  նախատեսված էր հավաքագրել 619 մլրդ դրամ, բայց հավաքագրել են 621 մլրդ դրամ, ինչը 0.2 կետով ավել է նախատեսվածից. «Նաեւ ապահովվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության սահմանված չափաքանակը, որը կազմում է 17 տոկոս, եւ մենք այստեղ ունեցանք 17.02 տոկոս, ապահովել ենք եկամուտների կատարողականը»: Ծախսերի մասով ԱԺ-ի կողմից հաստատվել էր 822 մլրդ դրամ, տարեվերջին արձանագրվեց 810 մլրդ կատարողական. «Այսինքն ունեցանք խնայողություններ, ինչը օգնում է բյուջեն կատարելու առումով: Իսկ բյուջեի դեֆիցիտը կազմել է 25.2 մլրդ դրամ, ճշգրտված ծրագրով նախատեսված 56 մլրդ դրամի դիմաց, այսինքն ունենք ՀՆԱ-ի նկատմամաբ 0.48 տոկոս դեֆիցիտ, որը բավականին ցածր ցուցանիշ է»: Նախարարը այս տարվա բյուջեի կատարման, նաեւ նոր վարկային ռեսուրսների ներգրավման  առումով կարեւորեց արտաքին պարտքի ցուցանիշը` 1 մլրդ 577 մլն դոլարին համարժեք դրամ, նաեւ` ներքին պարտքի ցուցանիշը, որը կազմել է 328 մլն դոլար. «Առաջինը կազմում է ՀՆԱ-ի 13.2 տոկոս, երկրորդը` 2.7 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է համարվում եւ լավ ստարտային պայմաններ է ստեղծում այս տարի լրացուցիչ վարկային ռեսուրսներ գրավելու առումով: Մենք մեծ ռիսկեր չունենք այդ առումով»: Տիգրան Դավթյանը նշեց, որ ԱԺ-ի կողմից հաստատված բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները ապահովել են: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2008 թ. բյուջեի կատարողականը հնարավորություն տվեց կառավարությանը ձեւավորել պահուստներ 2009 թ. համար, որպեսզի մարտահրավերների նկատմամբ ավելանա դիմադրողականությունը. «Մենք, ըստ էության, եկամտային մասով ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեից 39 մլրդ ավել եկամուտ ենք հավաքագրել, ինչպես նաեւ միասնական հաշվում կուտակել էինք շուրջ 77 մլրդ դրամ, բնականաբար, այդ միջոցներն այս տարի մենք օգտագործում ենք, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մեր սոցիալական պարտավորությունները, որպեսզի մեր քաղաքացիները չզգան ճգնաժամի բացասական ազդեցությունը»: Վարչապետը կանխատեսեց, որ 2009 թ. բարդ տարի է լինելու, մասնավորապես 2-րդ կիսամյակում. «ՀՆԱ-ի ցուցանիշը, որը հրապարակվեց Ազգային վիճակագրական ծառայության կողմից, վկայում է, որ անկման միտումներն առկա են: Համաշխարհային տնտեսության ցուցանիշները եւս մեկ անգամ վերանայվեցին, դրանք տանում են դեպի վատթարացում»: Եթե կանխատեսվում էր, որ 2008 թ. 4-րդ եռամսյակում կլինի տնտեսական անկման վերջին փուլը, ապա, ըստ նոր ցուցանիշների, անկումը շարունակվելու է 2009 թ. ընթացքում: Ըստ կանխատեսումների` 4-րդ եռամսյակում կնկատվեն կայունացման միտումներ. «Այդ բոլոր ազդեցությունները մենք զգում ենք, մանավանդ մասնավոր ներդրումների նվազման միջոցով եւ տրանսֆերտների նվազման, ինչը ազդում է հատկապես շինարարության վրա»: Կառավարությունը հաստատեց հաշվետվությունը, որը մինչեւ մայիսի 1-ը պետք է ներկայացվի Ազգային ժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter