HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները եւ ղարաբաղցիների հանգստությունը

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտարարություններն ու զարգացումները գնալով ավելի ինտենսիվ են դառնում, ավելին` դարձյալ հնչեցվում են այն հայտարարությունները, իբր մոտ ապագայում կարգավորման հարցում բեկում է լինելու, կամ հարցի լուծումը մոտ է: Դրանցից մեկն էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրերս արած հայտարարությունն էր, թե առաջիկա ամիսներին Ղարաբաղի հակամարտությունն ինչ որ լուծում կստանա:

Եւ այս ակտիվությունն ակնհայտորեն պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված` գերտերությունների եւ միջազգային կառույցների «շտապողական» ջանքերով: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն էլ արտահայտելով Միացյալ Նահանգների դիրքորոշում, նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Առաջիկա օրերին էլ դարձյալ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թե Ղարաբաղում բացի նախագահից այս անգամ ում հետ կհանդիպեն նրանք` դեռ հայտնի չէ, բայց որ ղարաբաղյան կարգավորման շուրջ ակտիվություն կա` դա ակնհայտ է:

Եւ այս ամենի ֆոնին Ղարաբաղում զարմանալիորեն հանգիստ են` եւ իշխանությունները, եւ շարքային քաղաքացիները: Բոլորը զբաղված են ներքին խնդիրների լուծմամբ. տնտեսական ճգնաժամին դիմակայելու մասին են մտածում, կամ, ասենք, հանրապետության մի շարք ցանքատարածություններում կրծող վնասատուների բազմացման դեմ պայքարի մասին եւ այլն: Անհանգստացած են եղանակային պայմանների վատթարացմամբ եւ դրա հետեւանքներով:

Ամեն ինչի մասին մտածում են, բացի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, որի շուրջ ավելի շատ խոսում են հենց Ղարաբաղից դուրս: Ղարաբաղցիների հանգստությունը թերեւս կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. կամ մարդիկ գտնում են, որ իրենք իրենց հարցը լուծել են եւ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են խոսում այդ մասին Ղարաբաղից դուրս: Կամ, հարկ չեն համարում մեկ անգամ եւս շեշտել իրենց դիրքորոշումը, չնայած մեկ-մեկ արտահայտում են իրենց դիրքորոշումը: Կամ էլ պարզապես համոզված են, որ միեւնույն է վերջում Ղարաբաղի ժողովրդի խոսքն է որոշիչը լինելու:

Թե որքանով այս փաստարկները կարդարացնեն իրենց` պարզ կլինի հետո, բայց որ զարգացումներն ավելի մեծ խոհեմություն եւ զգոնություն են պահանջում, հարցի լրջության գիտակցում` դա պարզից էլ պարզ է: Չէ, որ հաճախ նման փոստարկները աշխարհաքաղաքական խաղերում պարզապես երկրորդ պլան են մղվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter