HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Փոփոխությունների փաթեթ` հարկային օրենսդրության ոլորտում

Այսօր գործադրի նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց նոր հարկային օրենսդրության մեջ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ներառում է հինգ օրենսդրական փոփոխություն: Առաջին փոփոխությունը վերաբերում է «Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ենթադրում է երկու սկզբունքային փոփոխություն. «Առաջարկվում է սպիրտային խմիչքների համար նախատեսել բացթողման գինը կամ ներմուծման մաքսային արժեքը, որը չի կարող պակաս լինել 1 լ համար 3500 դրամից` 100 տոկոս սպիրտի վերահաշվարկով»: Այսինքն` սահմանվում է ներքին շեմ, որից պակաս գնի դեպքում հնարավորություն չի ընձեռվում կատարել իրացում եւ ներմուծում. «Սա քայլ է, որը պայմանավորված է որակի ապահովման, նաեւ ստվերի դեմ պայքարի: Սա կոշտ վարչարարական մեթոդ է, բայց այսօրվա դրությամբ ոլորտը կարգավորելու համար առաջարկում ենք կիրառել այս մեթոդը»: Կարգը խախտելու պարագայում նախատեսվում է տուգանք` նախատեսված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով: Նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս որոշումն ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր, նաեւ անորակ օղին է շուկայից դուրս մղելու: Այս գործիքի կիրառումը ժամանակավոր բնույթ է կրելու: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ակցիզային պահեստների ձեւավորմանը, որը նոր գաղափար է. «Սրանք վերաբերելու են ենթաակցիզային ապրանքներին եւ պայմանավորված են ներմուծվող ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մասով հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության անհրաժեշտությամբ: Գտնվել է նպատակահարմար, որպեսզի հսկողությունը իրականացվի արտադրողների եւ ներմուծողների մոտ»: Վարչապետը նշեց, որ որոշումը ոգեւորությամբ չեն ընդունի ծխախոտ եւ ոգելից խմիչք արտադրողները, սակայն կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ոլորտները դեռեւս մնում են ռիսկային. «Այս մեթոդները նպատակ ունեն ապահովելու մեր բյուջեի մուտքային մասը, եւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ստվերից դուրս, պետք է ողջունեն այս նախաձեռնությունը»: Առաջարկվեց փոփոխություններ «Հարկերի եւ շահութահարքի մասին» ՀՀ օրենքում: Փոփոխությունները վերաբերում են փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին. «Առաջարկվում է փաստաթղթերով չհիմնավորված վճարված 11 տոկոսը ներառել համախառն եկամտի մեջ, ինչպես նաեւ նախատեսվող 20 տոկոս տուգանքի դրույթը կասեցնել: Սա կբարելավի փոքր եւ միջին ձեռնարկատերերի վիճակը»: Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջարկը մեծ մեղմացում է եւ լուրջ զիջում. «Ձեռներեցների հետ հանդիպումների ժամանակ երկկողմ դժգոհություն կա. խոշոր բիզնեսը բողոքում է փոքրից, որ փոքրը հրաժարվում է ընդունել ապրանքները փաստաթղթերով, փոքր բիզնեսն էլ բողոքում է խոշորից, որ երբ վերջինս ապրանքների իրացման համար հրաժարվում է տրամադրել փաստաթուղթ»:  Որոշմամբ, փաստորեն, փոքր բիզնեսին հնարավորություն է տրվում նվազեցնել համախառն եկամուտը: Զիջումը նախատեսվում է կիրառել երկու տարի ժամկետով: Վարչապետը կարծում է, որ փուլ առ փուլ պետք է վերականգնվի վստահությունը ոչ միայն հարկային մարմինների նկատմամբ, այլ տնտեսվարող սուբյեկտների միջեւ: Չորրորդ փոփոխությամբ նախատեսվում է ներդնել հարկային ներկայացուցչի ինստիտուտ, ինչը եւս նոր գաղափար է եւ նախատեսված է բարելավել հարկային վարչարարությունը: «Այս ինստիտուտը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ հսկողություն իրականացնել հարկման առումով»,- ասաց ֆինանսների նախարարը: Վարչապետը էլ նշեց, որ այս կետն էլ խոշոր բիզնեսի կողմից միանշանակ չի ընդունվի, սակայն այս ռեժիմը թույլ կտա հեշտացնել հարաբերությունները հարկային մարմինների հետ. «Այստեղ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր, սակայն ֆիքսված է, որ կիրառվելու է ռոտացիոն համակարգ հարկային ներկայացուցչի մասով»: Վարչապետը նաեւ նշեց, որ հիմնական քննադատույունը, որ ուղղված է կառավարությանը այն է, որ վերջինս չի կարողանում ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Բացը շտկելու համար էլ կատարվում են փոփոխությունները: Վերջին փոփոխությունը նախատեսվում է կատարել «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխության նախատեսվում է ձեւավորել հատուկ հարկային հաշիվներ. «Մենք կարծում ենք, որ բարձրացվելու է հարկային հաշիվների` որպես ֆինանսական փաստաթղթի կեղծումներից պաշտպանվածության հարցը»,- նշեց Տ. Դավթյանը: Վարչապետը նկատեց, որ ստանձնել են պարտավորություն. 2010 թ. հունվարի մեկից հետո, եթե պետությունը ուշացնի ԱԱՀ-ի վերադարձը, դրա համար կվճարի տուգանքներ մասնավոր հատվածին. «Եթե մենք ուշացնում ենք, մասնավոր հատվածը կրում է վնասներ, մենք առաջին անգամ այսպիսի լուրջ բեռ ենք վերցնում»: Տիգրան Սարգսյանը ասաց, որ հաճախ են հարկային մարմիններին ներկայացվում ԱԱՀ-ի կեղծ փաստաթղթեր. «Սա լուրջ միջոցառում է եւ անհրաժեշտ է, որ ձեռնարկությունները համագործակցեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter