HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի շտապօգնության ավտոմեքենաները շտապ օգնության կարիք ունեն

23_04-emergencyԱշտարակի քաղաքային հիվանդանոցում նախկինում եղել է 190 մահճակալ, սակայն այժմ մնացել է ընդամենը 75 մահճակալ: Այս փաստը հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Մինասյանը բացատրեց նրանով, որ իրենց դիմող հիվանդներն են նվազել, բացի այդ՝ ծախսերն էլ բավականին շատ են: «Ճիշտ է, պոլիկլինիկայում հիվանդների թիվն ավելացել է, բայց մեզ մոտ հակառակը` նվազել է, ինչը կապված է ընտանեկան բժիշկների շատ լինելով: Նայած, թե որ կողմից ենք մոտենում հարցին, մի կողմից լավ է, որ ընտանեկան բժիշկները շատ են եւ բնակչությանը բժշկական օգնություն է տրվում, իսկ վատ է այն իմաստով, որ սուր պրոցեսները խրոնիկ են դառնում պատշաճ ուշադրություն չդարձնելու առումով: Կլինիկական մոտեցումն ուրիշ է հիվանդությանը: Տնային պայմաններում հետազոտություններ չեն արվում, կամ էլ արվելու դեպքում կիսատ է մնում: Ես չեմ ուզում ընտանեկան բժիշկներին վիրավորեմ, բայց հիվանդների հետազոտությունները կիսատ են մնում, եւ դրա հետեւանքով էլ հիվանդությունը կամ մինչեւ վերջ չի բուժվում, կամ էլ խրոնիկ է դառնում: Օրինակ՝ ներվային սիստեմի հիվանդություններ կան, որ տանն է բուժվում, հիվանդները լիարժեք չեն բուժվում, դեղերն էլ բավականին թանկ են եւ չեն կարողանում դեղատներից գնել: Հիմա հիվանդանոց դիմում են միայն հիվանդության սուր շրջանում, իսկ այդ փուլի բավականին շատ հիվանդություններ պետպատվերի ցանկով են արվում, այնպես որ հիվանդանոցի թանկ լինելու պատճառաբանություններն այնքան էլ տեղին չեն: Վատ սովորություն է արմատացել ժողովրդի մեջ, որ գան հիվանդանոց ինչ-որ դեղեր ընդունեն ու գնան տուն: Չգիտեմ ինչի, բայց ստացիոնար բուժում չեն ուզում»,- Հետքի հետ զրույցում ասաց տիկին Մինասյանը: Վատ է հատկապես հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաների պարկի վիճակը: Շտապօգնության ավտոմեքենաներից մեկը «ԳԱԶԵԼ» է, մեկը՝ «ԵՐԱԶ», իսկ մնացած 2-ը` «ՈՒԱԶ» մակնիշի: Սակայն այդ մեքենաներից «ամենաերիտասարդը» 15 տարվա պատմություն ունի: Այդ մեքենաներով երթեւեկելիս, նույնիսկ առողջ մարդը կհիվանդանա, էլ ուր մնաց ծանր վիճակում գտնվող հիվանդին բարեհաջող տեղ հասցնեն: «Ընդամենը 4 ավտոմեքենա ունենք, եւ ամեն օր մի մեքենա է հերթապահում: Շտապօգնության մի բրիգադ է աշխատում, որը սպասարկում է Աշտարակ քաղաքն ու եւս 30 գյուղական համայնքները: Ամենաահավորն այդ վիճակն է: Եթե, ասենք, կանչ եղավ Բյուրական համայնքից, միեւնույն ժամանակ էլ կանչ է լինում մեկ այլ համայնքից, ասում ենք, որ հիվանդին իրենք բերեն հիվանդանոց, կամ էլ տեղեկացնում ենք, որ շտապօգնության մեքենան դրսում է: Մեքենաները բարվոք վիճակում չեն գտնվում, անընդհատ հինը վերանորոգվում է: Օրը մի ավտոմեքենա է օգտագործվում, որովհետեւ հաճախ են մեքենաները փչանում եւ հնարավոր չի լինում ապահովել նորմալ սպասարկում: Հետո էլ, եթե երկու մեքենա հերթապահեն, հաջորդ օրն էլ մյուս երկուսը, նշանակում է օրը մեջ պետք է բրիգադը 24 ժամ հերթապահություն անի, ինչը հնարավոր չէ: Խոստացել են նոր մեքենաներ տրամադրել, բայց առայժմ չկա»,- ավելացրեց փոխտնօրենը: Օրինակ՝ ԵՐԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենան գրեթե ամբողջությամբ շարքից դուրս էր եկել: Եռակցման միջոցով փոքր-ինչ ամրացրել էին, սակայն դա էլ օգուտ չի տալիս` երկաթն արդեն փտել է եւ ինքն իրեն անջատվում է իրարից: Տիկին Մինասյանի ասելով, շտապօգնության ծառայությանը մարդիկ այնքան էլ հաճախ չեն դիմում, քանի որ «հիմա մի քիչ շատացել են բժշկությամբ զբաղվող մարդիկ: Ես միշտ ասում եմ, որ բոլորը զբաղվում են բժշկությամբ, բացի բժիշկներից: Մարդիկ խոտաբույսեր են խմում, ինչ-որ կապսուլաներ են ընդունում՝ որպես սննդային հավելումներ, դրանք ժամանակավոր էֆեկտ են տալիս, բայց երբեմն էլ լուրջ վնաս են հասցնում առողջությանը»: Անցյալ տարվա առաջին եռամսյակում շտապօգնությանը դիմել է 1141 հիվանդ, իսկ այս տարի գրանցվել է 1000 կանչ, սակայն, Կարինե Մինասյանի փոխանցմամբ, օրվա կտրվածքով կանչերի թիվն ավելացել է: Փոխտնօրենի ասելով, իրենց հաճախ են դիմում սիրտ-անոթային հիվանդները, շատ են ավելացել ուռուցքով հիվանդների թիվը: «Բացի դա, հիվանդություններն ահավոր երիտասարդացել են: Ինֆարկտով հիվանդներ ենք ունեցել 35, 37, 41 տարեկան: Նույնիսկ վերջերս ինֆարկտի դեպք ենք ունեցել 28 տարեկան տղայի մոտ: Թեթեւ անհանգիստ վիճակում նրան ընդունեցինք հիվանդանոց, կարդիոգրամա անելու ընթացքում ցավեր ունեցավ եւ 40 րոպեի ընթացքում այդ տղային կորցրեցինք: Պատճառը մեծ տրոմբն էր, որը հերձումից հետո պարզվեց: Դա հզոր ինֆարկտ էր: Ինֆարկի պատճառները բազմազան են, ամեն ինչն էլ նշանակություն ունի` սնունդը, մարդու վարած կյանքը, ինչքան է քնում, ինչ է ուտում… Ցավոք, հիմա ընտրությունը սահմանափակ է: Տուբերկուլյոզի մասին էլ խոսք չկա, շատ-շատ է այդ հիվանդությունը եւ բավականին երիտասարդացել է: Շատ հիվանդներ ոչ էլ բուժվում են, երբ վիճակները բարդանում է, գալիս են ստուգվելու, տեսնում ենք, որ թոքերում բազմաթիվ խոռոչներով տուբերկուլյոզ է զարգացել: Կոնկրետ հիվանդների ուղեգրերը ես եմ նայում եւ տեսնում եմ, որ հիվանդությունը երիտասարդացել է: 20 տարեկան էլ ենք ունեցել տուբերկուլյոզով հիվանդ: Շատ է հանդիպում հատկապես 23-35 տարեկանների շրջանում: Տուբերկուլյոզն անմիջական կապ ունի կենցաղային պայմանների հետ: Խոնավ, ցուրտ միջավայրում մրսածության հիվանդությունները չեն բուժվում, կամ էլի կիսատ է բուժվում, ու բորբոքումը մնում է օրգանիզմում, սնունդն էլ թերի է լինում ու այդ պայմաններում հիվանդությունը զարգանում է: Մի քիչ էլ դա հիվանդներից է գալիս: Վերջերս 23 տարեկան մի աղջիկ էր մեզ դիմել, ընդհանրապես հետեւողական չէր իր առողջության նկատմամբ եւ բուժումը կիսատ է թողել: Նման հիվանդները հասարակության համար վտանգավոր են, քանի որ հիվանդության տարածողներ են: Նրանք բացիլակիր են ու տարածում են հիվանդությունը թքի, կենցաղային իրերի, բաժակի, ափսեի, գդալի, պատառաքաղի միջոցով: Տուբերկուլյոզով հիվանդները պետք է հատուկ սննդակարգ ընդունեն, բայց այսօր բնակչությունն ի վիճակի չէ հետեւելու այդ սննդակարգին: Շուրջ բոլորը չեն աշխատում, էլ ո՞նց պիտի այդ կարգը պահեն: Ինձ թվում է՝ առաջին քայլը, որ պիտի արվի, մարզային հիվանդանոցների տեխնիկապես հզորացումն է: Դա ավելի մեծ նշանակություն կունենա: Կոնկրետ մեր հիվանդանոցի մասին եմ խոսում, որովհետեւ մենք մասնագետների կարիք չունենք, բայց սարքավորումների կարիք ունենք: Շատ սարքավորումներ կան, որոնք կուզենայինք ունենալ: Լաբորատորիայի վիճակն այն չի, կուզենայի անալիզատորները լավը լիներ, որ բժիշկները ձեռքով չաշխատեին, քանի որ որտեղ մարդկային գործոնը կա, այնտեղ սխալվելու հավանականությունը շատ է: Բայց այս պայմաններում մի քիչ դժվար է պահանջելը»,- հավելեց Կարինե Մինասյանը: Նշենք, որ վերջերս Աշտարակի ծննդատնից 3 բուժքույր ու մեկ կրտսեր բուժաշխատող է աշխատանքից կրճատվել, քանի որ ծննդատանն առայժմ վիրահատություններ չեն արվում: Փոխտնօրենի ասելով՝ վիրահատական սրահի վերանորոգման աշխատանքները կիսատ են մնացել եւ գումարներ չկան, որ շինաշխատանքները շարունակեն: Եթե ծնունդների թիվն էլ համեմատենք նույն եռամսյակային տվյալներով, ապա անցյալ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Աշտարակում ծնվել է 112 երեխա, իսկ այս տարի՝ 114: «Հետքի» հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլաննա Գեւորգյանը փոխանցեց, որ մարզային առողջապահական հաստատությունները նախարարությունից ապակենտրոնացված են: «Աշտարակը մարզպետ ունի, այդ բոլոր խնդիրները պետք է մարզպետը հոգա, մեզ հետ կապ չունեն: Պարզապես հիմա նախարարությունը ծրագիր է իրականացնում, որ շտապօգնության մեքենաներ ձեռք բերենք եւ հատկացնենք ամբողջ հանրապետության բուժհաստատություններին: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ից, այժմ ուսումնասիրություններ ենք անում, թե որ մարզերին ինչ քանակությամբ մեքենաներ են պետք, որ երկրից պետք է բերենք եւ այլն»: Տիկին Գեւորգյանի փոխանցմամբ, ճգնաժամը չի կարող ամբողջությամբ ազդել այդ ծրագրի իրականացման վրա. «բայց կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, ասենք՝ եթե նախատեսել էինք 165 մեքենա ձեռք բերել, հիմա կարող է մի քիչ պակաս կգնենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter