Ադրբեջանական ինքնավարությունը փակում է դժգոհողների բերանները
Մեկուսացված ինքնավարության՝ Նախիջեւանի բնակիչների խոսքերով, տեղական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց բողոքները հասնեն Բաքու
«Եթե խնդրի մասին չեն բարձրաձայնում, ապա այն գոյություն չունի». Թուրքիային, Իրանին եւ Հայաստանին սահմանակցող սադրբեջանական անկլավի վիրավորված բնակիչներից մեկի խոսքերով, այսպիսի կարգախոսով են առաջնորդվում Նախիջեւանի ինքնավար հանրապետության իշխանությունները:
«Տեղական բնակչությունը պարզապես զրկված է սեփական ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար կենտրոնական իշխանություններին կամ եվրոպական կառույցներին դիմելու որեւէ հնարավորությունից»,- ասում է նա:
Նրա եւ իր բախտակիցների այս խնդրի պատճառն այն է, որ շրջանը փաստացիորեն կտրված է Ադրբեջանից՝ Հայաստանի հետ ունեցած թշնամանքի պատճառով:
Բաքու հասնելու համար տեղացիները պետք է կամ ինքնաթիռ նստեն կամ Իրանով անցնող ավտոբուսով մեկնեն՝ մեկուսացված կյանք վարելով եւ տեղական իշխանությունների կամքին հանձնվելով:
«Չափազանց դժվար է Նախիջեւանից հեռանալը», - ասում է բողոքողը, - «բայց տեղական կառավարության ընդդիմադիրների խնդիրն ավելի բարդ է. նրանց հետապնդում են... եւ նրանք ոչ մի հնարավորություն չունեն հանրապետությունից դուրս գալու եւ իրենց բողոքները հասցնելու կառավարությանը»:
Իրենց խնդիրների մասին բացեիբաց խոսող տեղացիներին սպառնում է դավաճանի պիտակը, իսկ խնդիրները լուսաբանելու նպատակով այստեղ եկած լրագրողներին մեղադրում են իրենց ոխերիմ թշնամու՝ Հայաստանի օգտին կատարվող լրտեսության մեջ: Այս մասին IWPR-ի թղթակիցը գիտի սեփական փորձից:
Փետրվարին, երբ վերջինս եկել էր Նախիջեւան՝ իր հոդվածի համար նյութ հավաքելու նպատակով, ինքնավարության ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին նրան՝ լրտեսության մեղադրանքով եւ բաց թողել միայն մի քանի ժամ հետո:
Իսկ ահա Նախիջեւանի Բեբեք շրջանի Գահաբ գյուղի բնակիչ 58-ամյա Նովրուզ Ալիեւի բախտն ավելի քիչ բերեց:
Անցյալ տարվա դեկտեմբերին նրան 18 ամսվա ազատազրկման էին դատապարտել՝ անկլավի ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու մեղադրանքով:
Բանտարկյալի հարազատների խոսքերով՝ Նովրուզ Ալիեւի սխալն այն էր եղել, որ նախագահ Իլհամ Ալիեւի անունով նամակ էր գրել, որտեղ բողոքել էր Նախիջեւանի սոցիալական ապահովության նախարար Ազեր Ալեքբերովի դեմ, ով զրկել էր նրան շաքարախտի պատճառով սահմանված անդամալուծության նպաստից:
Նովրուզ Ալիեւը տասը տարի շարունակ ստացել էր այս նպաստը, մինչեւ որ երկու տարի առաջ անհայտ պատճառներով զրկվեց դրանից:
2008-ի հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Նովրուզ Ալիեւին կանչեցին Ահմեդովի գրասենյակ՝ կարգարդրելով հետ վերցնել բողոքը: Երբ վերջինս հրաժարվեց, նրան բանտարկեցին 5 օրով: Ազատվելուց հետո, սակայն, նա մեկ այլ բողոք ուղարկեց նախագահին՝ այս անգամ Ահմեդովի դեմ:
Ալիեւի հարազատները պատմում են, որ նույնիսկ չեն էլ իմացել, այն մասին, որ Ահմեդովը հայց էր ներկայացրել դատարան նրա դեմ: Բայց իրադարձությունները շատ արագ էին զարգանում:
Ինչպես պատմեց նրա ընտանիքի անդամներից մեկը IWPR-ի հետ զրույցում, արդեն դեկտեմբերի 3-ին Ալիեւին պարտադրեցին դատարան ներկայանալ:
«Նովրուզը գնաց այդ օրը եւ երբ երեկոյան չվերադարձավ, սկսեցինք անհանգստանալ: Միայն հաջորդ օրը պարզեցինք, որ նրան դատապարտել էին»,-պատմում է Ալիեւի հարազատներից մեկը:
Անցավ եւս երկու ամիս, մինչեւ Ալիեւի ընտանիքը կարողացավ պարզել, թե նրան որտեղ էին պահում: Ներկայում Նովրուզ Ալիեւը պատիժ է կրում «Բոյուկդուզ» բանտում:
Նախիջեւանի դատարանի նախագահ Հուսեյն Մամեդովի հավաստամամբ՝ իշխանությունները ոչ մի հիմք չունեն ներողություն խնդրելու:
«Ալիեւը բողոք էր ներկայացրել մի շարք պաշտոնական կառույցներին ներքին գործերի նախարարի դեմ՝ նրան անհիմն մեղադրելով քրեական օրենսգրքի 16 հոդվածներով», - նշում է Մամեդովը:
«Ինը հոդված պարունակում են ծանր հանցագործությունների մեղադրանքներ, իսկ մեկը՝ առանձնապես ծանր հանցագործության: Նովրուզ Ալիեւը դատապարտվել է մեկ ու կես տարվա ազատազրկման՝ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար»:
Մամեդովի խոսքերով, Ալիեւին հնարավորություն էր տրվել վճիռը բողոքարկել, սակայն նա հրաժարվել էր դրանից:
«Ծանր հանցագործություն» տերմինը վերագրվում է այն փաստին, որ Ալիեւը բազմիցս բողոքել էր նախագահին, թե Ահմեդովը ատրճանակ էր պահել իր գլխին:
Ենթադրաբար, նախարարը սպառնացել էր գնդակահարել Նովրուզ Ալիեւին, եթե վերջինս հրաժարվեր հետ վերցնել սոցիալական ապահովության նախարարի դեմ իր բողոքը:
IWPR-ի թղթակցին չհաջողվեց ստանալ ոչ գրավոր բողոքի պատճենը, ոչ էլ Ահմեդովի պարզաբանումները:
Նովրուզ Ալիեւի ընտանիքի անդամներն իրենց հերթին անհանգստությամբ են խոսում դեպքի մասին օտարների հետ:
Այնուամենայնիվ, IWPR-ին հաջողվեց խոսել Ալիեւի կնոջ՝ Յասմինի հետ, այն բանից հետո, երբ տեղացիների օգնությամբ գտնվեց նրա տունը:
Թեյի սեղանի շուրջ կինը պատմեց, որ անհանգստանում է ամուսնու համար. չ՞է որ նա արդեն երիտասարդ չէր եւ առողջության հետ խնդիրներ ուներ: Յասմինի կարծիքով, ամուսնուն անարդար կերպով էին դատապարտել:
Շուտով, սակայն, պաշտոնյաները շտապեցին վերջ տալ այս խոսակցությանը: Այն ընդհատվեց հեռախոսազանգով, որին Յասմինը շտապեց պատասխանել: Լսվում էր, թե նա ինչպես էր բացատրում. «Ո'չ, ես չեմ բողոքել, նրանք իրենց կամքով են եկել: Անմիջապես նրանց կուղարկեմ տանից...»
Խոսափողը դնելուց հետո կինը վերադարձավ իր հյուրերի մոտ, սակայն նրա բարեհամբույր եւ հյուրընկալ վերաբերմունքից հետք անգամ չէր մնացել:
Բանտարկությունից հետո առաջին անգամ նրան զանգահարել էր ամուսինը, եւ, հավանաբար գործելով հրամաններին համապատասխան, պատվիրել, որպեսզի կինն ազատվի այցելուներից:
Ավելի շուտ լրագրողները դիմել էին Նախիջեւանի արդարադատության նախարարություն՝ բանտարկյալին տեսնելու թույլտվություն ստանալու նպատակով:
Յասմինին այցելելուց հետո, IWPR-ի թղթակիցն իր գործընկերների հետ շտապեց «Բոյուկդուզ» բանտ, որտեղ պաշտոնյաները նրանց հավատացրին, որ Նովրուզ Ալիեւը հրաժարվել էր նրանց տեսակցել եւ ոչ մի բողոք չուներ:
Բողոքների ճանապարհը դեպի Բակու փակվում է տարբեր միջոցներով՝ այն աստիճանի, որ տեղական փոստատանը հրաժարվում են կենտրոնական կառավարությանն ուղղված նամակներն ուղարկել, բայց որոշ տեղացիներ գտել են իրենց բնորոշմամբ՝ այս տեղեկատվական բլոկադան շրջանցելու ճանապարհը:
Նրանք մեկնել էին Թուրքիա եւ այնտեղից բողոքի նամակներ հղել Բաքու: Ճիշտ այսպես էր վարվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղի բնակիչ, տեսողական խնդիրներ ունեցող 72-ամյա Իսմայիլ Հասանովը:
Նա պատմում է, որ բողոք է ներկայացրել Սադարակի շրջանային իշխանությունների, ոստիկանության, ինչպես նաեւ Նախիջեւանի ներքին գործերի նախարարության դեմ՝ անցյալ տարվա դեկտեմբերի դեպքի կապակցությամբ:
2008-ի դեկտեմբերի 24-ի երեկոյան նրա որդին՝ Էլվին Հասանովը եւ Հեյդարաբադցի մի քանի այլ երիտասարդներ՝ Աֆիգ Վելիեւը, Իլկին Յագուբովը, Էլմադդին Ահմեդովը, Գալիբ Ահմեդլին, Քերեմ Էլդարօղլին եւ Օնալ Վեթենօղլին ձերբակալվել էին եւ բերման ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Իսմայիլ Հասանովը պատմում է, որ երբ մի քանի ձերբակալված երիտասարդների ծնողների հետ գնացել էր ոստիկանության բաժին՝ պարզելու, թե ինչու էին նրանց կալանքի տակ պահում, փոխոստիկանապետ Դագբեյ Ալեքպերովը հայտարարել էր, որ տղաները կոտրել էին տոնածառը զարդարող լույսերը:
Հաջորդ օրը տղաներին բաց էին թողել, բայց մինչ այդ ժամանակավորապես գործող երեկոյան ժամը 18-ի պարեկային ժամ սահմանվեց:
Սակայն ծնողների խոսքերով, տղաներին ձերբակալության ժամանակ ենթարկել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման եւ դրանում մեղավոր էին ոստիկանապետ Ֆարիզ Մամեդովը, նրա տեղակալ Դագբեյ Ալեքպերովը եւ մեկ այլ պաշտոնյա՝ Անալ Ալիեւը:
Այնուհետեւ ծնողները մեկնել էին Թուրքիայի սահման, որպեսզի այնտեղից կարողանային բողոք ուղարկել նախագահ Ալիեւին՝ խնդրելով, որ, նրա հոր՝ Հեյդար Ալիեւի անունը կրող գյուղում անօրինություն սերմանող ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:
Իսմայիլ Հասանովի խոսքերով, սակայն, նախագահին ուղղված նամակն այդպես էլ օգուտ չի բերել: Մյուս ծնողներն ընդհանրապես հետ էին վերցրել իրենց բողոքները՝ տեղի տալով ոստիկանության ճնշմանը:
Հասանովի խոսքերով, ինքն էլ սռացել իր պատիժը. տեղական իշխանությունների պահանջով ներկայանալուց հետո նրան 10 օրով ուղարկել էին հոգեբուժարան:
Սադարակի շրջանային վարչության ներկայացուցիչներից մեկը՝ Աշրաֆ Հասիմովը բոլորովին այլ ձեւով է ներկայացնում այս պատմությունը:
Նրա խոսքերով, Իսմայիլ Հասանովը ոչ թե պաշտոնական պահանջով էր ներկայացել տեղական իշխանությունների գրասենյակ, այլ ինքնակամ էր եկել, ներխուժել վարչության պետի սենյակ եւ փայտով հարվածել նրա գլխին:
«Նա եկել էր ոչ թե տղաների ձերբակալության դեպքը քննարկելու, այլ նոր բնակարան պահանջելու նպատակով», - նշում է Հասիմովը:
Իսմայիլ Հասանովը հերքում է այս ամենը՝ ավելացնելով, որ չի հրաժարվել իր ծրագրից, որով պիտի ստիպի Բաքվին միջամտել մեկուսացված անկլավի գործերին:
Դրանից հետո նա վերադարձավ Թուրքիա՝ այս անգամ նոր բողոքներ ուղարկելու նախագահ Ալիեւին եւ Եվրոպայի Խորհուրդ:
Իսկ թե արդյոք ադրբեջանական կառավարությունը մեծ ուշադրության կարժանացնի Հասանովի եւ նրա նմանների բողոքները, արդեն այլ հարց է:
Խորհրդարանում Նախիջեւանը ներկայացնող պատգամավոր Էլդար Իբրահիմովը արհամարհանքով է ընդունում Իսմայիլ Հասանովի պես մարդկանց ենթադրյալ հետապնդման հետ կապված մամուլում տեղ գտած հրապարակումները:
«Չեմ հավատում թերթերում գրածներին», - IWPR-ի հետ զրույցում ասաց նա, - «Առողջ մարդկանց չեն ուղարկում հոգեբուժարան՝ ինչ-որ պաշտոնական մարմիններին բողոքելու համար: Այս պատմությունները հորինված են ընդդիմության թերթերի կողմից»:
Իբրահիմովն ասում է, որ ամենեւին էլ զարմանալի չէ այն, որ Նախիջեւանում իր իսկ արտահայտությամբ՝ «ուժեղացված անվտանգության ռեժիմ» է գործում:
«Սա կապված է այն փաստի հետ, որ անկլավը սահմանային շրջան է եւ գտնվում Հայաստանի հարեւանությամբ: Ահա թե ինչու իրավապահ մարմինները պետք է չափազանց զգույշ լինեն», - նշում է նա:
Իդրակ Աբբասով, Նախիջեւան: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել