HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պարտավոր է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու պահանջով

Հայտարարություն մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելու, Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման 94-րդ և Ադանայի կոտորածի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանությունը ծրագրվեց դեռ 1880 թ. «Հայկական Հարցը միջազգային դիվանագիտական ասպարեզից հանելու մեկ հիմնական նպատակով: Այդ խնդրին են ծառայել` 1894-1896թթ. Աբդուլ Համիդի կազմակերպած Կիլիկիայի հայության, 1909թ. երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայության, 1915-1918թթ. երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության, 1918-1923թթ. քեմալականների կազմակերպած հայերի կոտորածները, ինչպես նաև` 1918թ. Բաքվի, 1920թ. Շուշիի, 1988-1990թթ. Սումգայիթի և Ադրբեջանի հայության ջարդերն ու կոտորածները: Մարդկության ու հայության դեմ ուղղված այս շարունակական հանցագործությունները` մի օր, մի տեղ կարող էին կասեցվել, եթե դատապարտվեր դրանցից գեթ որևէ մեկը… Ե°վ Հայոց ցեղասպանության, և° մարդկության դեմ իրականացված այլ հանցագործություններ շարունակում են մնալ անթաքույց սպառնալիք, քանի դեռ չեն դատապարտվել: Հայաստանի Հանրապետությունը, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ ներկայացնող ՄԱԿ-ի անդամ երկիր, ավելի քան, վճռական պետք է լինի մարդկության դեմ ծրագրվող յուրաքանչյուր ոտնձգություն կանխարգելելու, մարդկությանը ու հայությանը, արդ և այսուհետ, ցեղասպանություն կոչվող հանցագործությունից ձերբազատելու խնդրում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այլևս չհապաղել և համաձայն` «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին ՀՀ Օրենքի» (22 նոյեմբերի 1988 թ.) և° 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության Հռչակագրի պահանջի` դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, հետևանքները վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու, տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքներ ստեղծելու համար: Հայ-թուրքական հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել: Եղածը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, որը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, առավել ևս եթե այդ բանակցություններին մասնակցում են եվրոպական և այլ գերտերություններ: Պատմությունից մենք լավ ծանոթ ենք Հայկական Հարցի բոլոր տեսակի շահարկումներին, դրանց աղետալի հետևանքներին` նույնպես: Ուստի և իրավունք ունենք չհավատալու բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններով մտահոգ երկրների նոր կոչերին: Առավել ևս, երբ նրանք` որպես ՄԱԿ-ի անդամ և 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա»-ն վավերացրած երկրներ, խուսափում են մարդկությանը սպառնացող խնդիրը միջազգային իրավական հենքով լուծելու, մարդկության դեմ կատարված հանցագործությունը ՄԱԿ-ի միջազգային դատարանի ձեռքով դատապարտելու, հանցագործին պատասխանատվության ենթարկելու միակ օրինական - իրավական ճանապարհից: Երևան 24-ը ապրիլի, 2009 թ. «Վերածնունդի համախմբում» Հայրենասիրական կազմակերպություն «Ուխտ Արարատի», Հ. Ա. Հ. Գ. Բ. ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter