HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ումի՞ց է վախենում Աշտարակի քաղաքապետը

23_04-vostikanԱրդեն 10 օր է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների համար քաղաքապետարանի շենք մտնելը դարձել է իսկական փորձություն: Բանն այն է, որ քաղաքապետ Գագիկ Թամազյանի նախաձեռնությամբ քաղաքացիները պետք է քաղաքապետարան մտնեն միայն անձնագրերով: Առաջին հարկում, հենց մուտքի մոտ, նստած են քաղաքապետարանի աշխատակիցն ու 2 ոստիկան, որոնք վերցնելով քաղաքացու անձնագիրը, պահում են իրենց մոտ:

Փոխարենը տալիս են անցագիր, նշելով, թե քաղաքացին ում մոտ է գնում, ապա իրենց ձեռքով բացելով երկաթյա ճաղավանդակներով փոքր դուռը քաղաքացիներին թողնում են վերեւ բարձրանալ: Գործերը վերջացնելուց հետո քաղաքապետարանի պաշտոնյան պետք է անցագրի վրա գրի սենյակից դուրս գալու ժամը եւ ստորագրի: Քաղաքացին պետք է դուրս գալուց անցագիրը ներկայացնի ոստիկաններին, վերցնի իր անձնագիրն ու անմիջապես դուրս գա շենքից: Աշտարակցիներն ընտրել են քաղաքապետ, որպեսզի հանգիստ կարողանան իրենց հուզող հարցերով դիմել նրան, մինչդեռ իրենց իսկ ընտրյալի նախաձեռնությամբ ստորացվում են ոստիկանության ներկայացուցչի տարբեր հարցերից, թե ո՞մ մոտ եք գնում, ի՞նչ հարցով: Բացի դա, ոստիկանները պարտադիր զանգում են այն պաշտոնիային, որի մոտ բարձրանալու է քաղաքացին ու եթե այդ պահին քաղաքապետարանի աշխատակիցը քաղաքացու հետ շփվելու հավես չունենա` կհրահանգի վերեւ չթողնել: Մեր այցելության պահին շատ քաղաքացիներ տեղյակ չէին նորամուծությանը եւ տեղում իմանալով այդ մասին դժհոհություն հայտնեցին ոստիկաններին, սակայն անօգուտ: Աշտարակի քաղաքապետի առաջին տեղակալ Վարդգես Մուրադյանը «Հետքի»  հետ զրույցում ստեղծված վիճակին հետեւյալ պարզաբանումը տվեց.  «Մեր շենքում բացի քաղաքապետարանից էլի կան հիմնարկ ձեռնարկություններ, դրա համար նպատակահարմար էր, որ ներքեւի կանգնողները մարդկանց ուղղություն ցույց տան: Մեզ մոտ եթե մեկը գալիս է, ասենք գույքահարկ մուծելու ու քաղաքապետարանին ծանոթ չի,  մեր 16-17 սենյակների դռները հերթով բացելով ու մեր առօրյա աշխատանքն էլ խանգարելով հասնում է մինչեւ իրա ուզած բաժինը: Դրա համար ներքեւում ինքը գրանցվում է, մեզ ներքեւից զանգում են ու եթե բաժնի պետի մոտ մարդ է 23_04-ancagirլինում ասում են թող սպասի: Ինձ թվում է դրա մեջ վատ բան չկա: Անցագրերը տալիս են, որ իմանան թե ում մոտ է քաղաքացին գալիս, բաժնի պետն էլ անցագրի վրա ստորագրում է, որ իր մոտ է եղել: Բոլոր հիմնարկներում էլ այդ ձեւը կա, քաղաքակիրթ ձեւ է դա: Մարդկանց հո շատ չենք ստիպում կամ նեղացնում»: Սակայն մեր ներկայությամբ ոստիկանները քաղաքապետարան եկած մի տարեց մարդու կոպտեցին, երբ վերջինս փորձում էր ոստիկաններին համոզել, որ անձնագիրը մոռացել է վերցնել ու իր տունն էլ բավականին հեռու է եւ չի կարող նորից ետ գնալ անձնագիրը բերելու համար: Այդպես էլ պապիկին չթողեցին վերեւ բարձրանալ եւ նա բարկացած ձեռնունայն գնաց տուն: Երբ այս մասին փոխանցեցինք փոխքաղաքապետին, նա նշեց, թե «իրանք էլ ուզում են ճշտեն (նկատի ունի ոստիկաններին,-. Բ.), թե այդ մարդիկ ուր են գնում ու ինչ են ուզում: Ստեղ էնքան մարդ ա գալի տարբեր տեսակի, մենք չգիտենք ում հետեւից նայենք, ում հետեւենք, ում ինչ անենք… հիմնականում արվում ա դրա համար: Առաջ, որ մուտքն ազատ էր ում պետք ըլներ, պետք չլներ մի հատ կմտներ քաղաքապետարան նոր կեթար իրա գործերին: Հիմա արդեն ըտենց անհարկի գալու կարիքը չկա, մարդիկ գործ են ունենում նոր գալիս են»,-ավելացրեց Վարդգես Մուրադյանը: Մեր այն հարցին, թե ընտրովի մարմնում նման սահմանափակում մտցնելն արդյո՞ք ճիշտ է, պարոն Մուրադյանն ասաց. «Ախր էս սահմանափակում ասելը չեմ հասկանում: Հլա չի եղել, որ ինչ-որ մեկին չթողնենք գա վերեւ: Եթե հիմնարկ են գալիս թող մարդիկ անձնագրով գան, որովհետեւ քաղաքապետարան գալու հիմնական խնդիրն այն է, որ գալիս են օգնության դիմում գրելու կամ քաղաքաշինության բաժնի հետ հարցեր լուծելու: Այս հարցերով մարդը պետք ա դիմում գրի եւ անձնագրի տվյալները ըսենց թե ընենց պետք ա: Եթե ձեր ասած մարդը անձնագիրը չբերած բարձրանար վերեւ, միեւնույն ա, գնալու ա ու նորից գա, որ անձնագիրը բերի այդ գործողությունն արվի: Դրա համար միանգամից մարդկանց զգուշացնում են, որ անձնագրով գա ու բարձրանա վերեւ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter