Կապանում բողոքի ցույցը շարունակվում է
Առողջության համար վտանգավոր աշխատանքի դիմաց` Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրինության սահմանած նոր` ավելի ցածր աշխատավարձից եւ հորատապայթեցման աշխատանքների նորմաների բարձրացումից դժգոհ հանքի աշխատակիցների ապրիլի 22-ից սկսած բողոքի ցույցը շարունակվեց նաև ապրիլի 23-ին: Ըստ բողոքավորների, առավոտյան ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան ասել է, որ ովքեր չեն ուզում աշխատել, թող դիմումները գրեն ու ազատվեն աշխատանքից: Հանքագործներից ոչ ոք սակայն մինչև օրվա վերջը դիմում չէր ներկայացրել տնօրինությանը:
Աշխատանքային օրվա վերջում փորձեցինք տեղեկություն ստանալ «ԴԻնո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության ղեկավարությունից: Համայնքի ու հանրության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը նախ տեղեկացրեց, որ Ռ. Ֆալետան նման հայտարարություն չի արել. «Բանակցությունները տնօրինության ու հանքագործների միջև շարունակվում են: Այդ իսկ պատճառով տնօրինությունը կոնկրետ դեռ չի կարող ոչինչ ասել»,-ասաց Ռ. Տեր-Մարտիրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել