
Երեկ հրապարակվեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, և պարզվեց, որ գրեթե բոլոր տնտեսվարողները էապես նվազեցրել են վճարվող հարկերը: Իրենք հակված են բացատրել սույն տխուր հանգամանքը համաշխարհային ճգնաժամով, ինչին կտրականապես համամիտ չենք:
Խղճում ենք, իհարկե, համաշխարհային ճգնաժամի ճիրաններում շունչը փչող Արևմուտքին: Բայց անհնար է չուրախանալ, որ մեզանում ոչ մի նման բան տեղի չի ունենում: Հայոց աշխարհում միանշանակորեն այն ճգնաժամը չէ, ինչ մնացյալ աշխարհում: Իսկ եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա մեզանում ընդհանրապես ճգնաժամ չկա: Մենք միայն վեհանձնությունից ու համերաշխության զգացումից ենք ձևացնում, թե հայտնվել ենք դժվարին կացության մեջ: Որպեսզի մնացածներն այնքան էլ չտառապեն նախանձից: Ինչ արած, վեհանձնությունը հայկական հոգու առեղծվածն է:
Դուրս եկեք փողոց, հարցրեք անցորդներին: Համարձակորեն հարցրեք նրանց. «Տեսե՞լ եք արդյոք հայոց աշխարհում ճգնաժամ: Լա՞վ եք ապրում, հայրենակիցներ: Ճնշո՞ւմ են արդյոք ձեզ կարիքն ու քաղաքական անազատությունը»:
Առավել քան վստահ ենք, որ համաքաղաքացիները բոլորն էլ մի մարդու պես ազնվորեն ու անկողմնակալ կպատասխանեն. «Մենք ապրում ենք ազատ, երջանիկ, լիության ու բարօրության մեջ: Իսկ եթե կա մի բան, որ անհանգստացնում է ապա դա միայն ինչ-որ ճգնաժամի մասին ձեր խոսքերն են, որոնք անհաջող կատակ են թվում: Հավանաբար, իսկապես ուզում էիք կատակել, այնպես չէ՞»:
Ճիշտ է, «կոռուպցիա» բառը հազվադեպ, բայց հանդիպում է: Թեև բուն կոռուպցիան մեզանում նույնպես, իհարկե, գոյություն չունի, սակայն դա չի նշանակում, թե դրա դեմ չպետք է պայքարել: Կասեք` պարադոքս է, օքսյումորոն, իսկ մենք կպատասխանենք` ինովացիա, Հայաստանի ուրույն ուղի:
Իսկ ինչ վերաբերվում է ճգնաժամին...Երբեմն թվում է, թե Հայաստանը երբեք դուրս չի գա այն միակ ճգնաժամից, որից պետք է իսկապես վախենալ: Ինքնուրույնացման ճգնաժամից, երբ ինքդ էլ չգիտես, թե ով ես և ինչու ես:
Ոչինչ աչքաթող չի արվի
«Միայն երեկ փաստահավաք խմբից ստացել եմ առաջին և առայժմ միակ, սակայն ծավալուն փաստաթուղթ: Անմիջապես էլ մեր հանձնաժողովի փարձագետները ձեռնամուխ են եղել այդ փաստաթուղթն ուսումնասիրելու աշխատանքին: Հավաստիացնում եմ, որ որևէ փաստ, որևէ հանգամանք, որևէ արժեքավոր նյութ մենք աչքաթող չենք անի և կօգտագործենք մեր վերջնական եզրակացությունը պատրաստելու ընթացքում:
Դեռ ամբողջովին չգիտեմ ու չեմ էլ կարող ասել, թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը: Եթե մեզ ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք մեր փաստերի հետ համադրելու արդյունքում թույլ կտան գեթ մեկ առաջընթաց քայլ կատարել, ինչ-որ նոր փաստ ավելացնել, օրինակ, մահվան հանգամանքները պարզելու խնդրին, ապա միայն շնորհակալ կլինենք: Համենայն դեպս, փաստահավաք խումբը համագործակության առաջին քայլը կատարել է, և մենք գնահատում ու ողջունում ենք նրանց այդ դրսևորումը»,- արձանագրում է Սամվել Նիկոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել