HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում հիշեցին ցեղասպանության զոհերին

genocide1

Հայող ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները Ղարաբաղում սկսվել դեռեւս երեկվանից: Երեկ երեկոյան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ջահերով երթ`ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի: Չնայած տեղացող հորդ անձրեւին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակում, որտեղից էլ մեկնարկել է երթը, հավաքվել էին տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ինչպես նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ:

Սբ.Հակոբ եկեղեցում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությունից հետո, երթի մասնակիցները ջահերով ու դրոշներով ճանապարհվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ այսօր առավոտյան արդեն իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել ԼՂՀ պաշտոնատար անձինք` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, ուսանողներ, դպրոցականներ եւ այլն: Տարեցտարի ավելի բազմամարդ է դառնում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը, ինչը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով, խոսում է մեկ բանի մասին, որ այսօր Հայոց ցեղասպանությունը, ինչպես ԼՂՀ միջազգային ճանաչումը, շարունակում է մնալ մեր ժողովրդի համար այն երկու համազգային կարեւոր խնդիրների առանցքում, որի շուրջ  միասնական, համախմբված ջանքեր են փորձում հաղորդվել` եւ Հայաստանում, եւ Արցախում, եւ Սփյուռքում:

genocide

«Համոզված եմ, որ երկու հայկական հանրապետությունների քաղաքական իշխանությունների կողմից այսօր ձեռնարկված բոլոր քայլերը միտված են հենց այս երկու գլխավոր առանցքային հարցերի իրականացմանը` Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման: Եւ դա լավագույն արտահայտությունը կլինի այսօր նաեւ մեր հասարակական կարծիքի մեջ տիրապետող հիմնական գերակայության»,-լրագրողներին ասել է ԱԺ նախագահը:

Իսկ Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խոսելով 20-րդ դարասկզբի Հայոց Մեծ եղեռնի մասին, շեշտել է, որ դա «ցեղասպանություն էր` ընդդեմ մարդու, կյանքի, կնշանակի` ընդդեմ Աստծու»: «Եթե ճանաչվեր մեր ցեղասպանությունը` միգուցե հետագա ցեղասպանությունները խնայվեին մարդկության համար, բայց արդարությունը, բարոյականությունը միշտ կարիք ունեն իր մարտիկների, իր պաշտպանների: Այս ոգեկոչման պահին, երբ հիշում ենք երկու միլիոն հավատարիմ հայ քրիստոնյաների նահատակությունը` դա հուշում է մեկ բան` մենք պիտի շարունակենք մեր արդար պահանջատիրությունը: Ուշ թե շուտ աշխարհը կճանաչի ցեղասպանությունը: Մենք չպիտի դադարենք դրա պահանջատերը լինելու, եթե դադարենք ազգովի կուրանանք երկու միլիոն հայի թափված արյունը,-նշել է Արցախի թեմի առաջնորդը, ավելացնելով,- պահանջատեր ենք նաեւ մեր ազատագրված հողի, որի համար նորից նահատակներ ենք տվել, պետք  լինի նորից պիտի տանք, պիտի պահանջատեր լինենք, առանց դրա հաղթանակ, ձեռքբերում չկա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter