HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ըստ Ա.Ղուլյանի՝ Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանին միացնելը ցեղասպանության շարունակությունն էր

Այսօրվա քաղաքական շահարկումների մեջ կարծես թե տիրապետող է դառնում այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի բացումը իբր թե շատ ավելի պետք է հայերին: Այսօր ասել է  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը`Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Միանշանակ այստեղ պետք է լինի փոխշահավետության սկզբունքը, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ: Հայ-թուրքական սահմանի բացումը նույնքան անհրաժեշտ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար:

Քանի որ հայտարարված մոտեցումները հենց այնպիսինն են, որ հայ-թուրքական հաշտեցումը պետք է լինի առանց նախապայմանների, իհարկե դա նաեւ խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդման նոր ջանքերը չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ հայ-թուրքական հաշտեցման վրա»-նշել է Ա.Ղուլյանը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ սահմանը չի բացվի մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի`այն էլ հօգուտ Ադրբեջանի, ԱԺ նախագահի խոսքերով, «չի կարող այն որոշիչ կարծիքը լինել, որը պետք է լինի հայ-թուրքական հաշտեցման հիմքում, այնպես, ինչպես նաեւ չի կարող անմիջական ազդեցություն ունենալ Ղարաբաղի կարգավորման վրա»:

«Իհարկե թուրքական կողմից պաշտոնական մակարդակով վերջերս հնչող կարծիքները եւ տեսակետները, կարծես թե, շատ ավելի հեռացնում են մեզ այն իրողությունից, որը կարող է բերել հայ-թուրքական հաշտեցման, բայց եկեք նաեւ ընդունենք, որ քաղաքականության մեջ դիվանագիտական կամ նախնական այլ վարկածները հետագայում փոխելու հնարքներ ինչպես եղել են նախկինում, այնպես նաեւ կլինեն հետագայում: Պարզապես հայկական դիվանագիտությունը եւ ընդհանրապես հայկական ջանքերը` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում պետք է ունենան միասնական մեկ նպատակ, որ բոլոր կարգի հարցերը պետք է լուծվեն մեր համազգային խնդիրներին համապատասխան»,-ավելացրել է Ա.Ղուլյանը:

Իսկ մեր այն հարցին, թե «Ճանապարհային քարտեզի» ստորագումը, ինչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, Ա.Ղուլյանը պատասխանեց այսպես. «Ճանապարհային քարտեզը» հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը վերաբերող կոնկրետ փաստաթուղթ է: Ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ պետք է ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում, լինի առանձին գործընթաց: Իհարկե այս գործընթացներում կարող են լինել ինչ-որ ընդհանրական պատկերացումներ, բայց մենք պետք է նաեւ կարողանանք առաջ տանել այն գաղափարը, որ ղարաբաղյան խնդրի 20-ական թվականների լուծումը հենց այն տարբերակով, որ Ղարաբաղը դարձավ խորհրդային Ադրբեջանի մի մաս` դա նույնպես ցեղասպանության շարունակությունն էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter