HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը

Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին 94-րդ անգամ կխոնարհվի 20-րդ դարասկզբին Թուրքիայի պետության իրականացրած Հայոց Մեծ Եղեռնի, Հայրենասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մարդկության եւ մարդկայնության դեմ 20-րդ դարի առաջին հանցագործության օր առաջ ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը կարեւորագույն գործոնն է ապագայում որեւէ տեղ եւ երբեւիցե նման եղերագործության թույլ չտալու առումով: Այս հեռանկարի սպասման խորապատկերին, «Ժառանգություն» կուսակցությունը վրդովմունքով ընդունեց Հայոց Ցեղասպանության տարելիցի եւ դրա միջազգային ճանաչման վճռորոշ ալիքի նախաշեմին` ս.թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության ստորագրումը: «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ համատեղ հայտարարության մեջ հիշատակված «շոշափելի առաջընթացը» եւ «փոխադարձ ըմբռնումը» կողմերի միջեւ չէ որ տեղի է ունեցել, քանի որ նման կնճռոտ եւ ցավագին հարցերի լուծման ճանապարհին կողմեր ասելով մենք հասկանում ենք միայն երկու երկրների հասարակությունները, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի` աշխարհով մեկ սփռված իրավահաջորդներին: Հայաստանի իշխանությունները չունեին նման հայտարարություն ստորագրելու ո’չ հանրային լիազորում եւ ո’չ էլ վստահության քվե, եւ ըստ էության, գաղտնիության սկզբունքի չարաշահմամբ հարվածի տակ են դրել հայ ազգային շահերը: Երկու երկրների հասարակություններից գաղտնի պայմաններում բանակցող «երկու կողմերի» ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների «առաջընթացի» վերաբերյալ վստահաբար չեն արտահացոլում առնվազն հայ հասարակության ընկալումները: «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պնդել, որ Թուրքիայի հետ այս վճռորոշ պահին նման «փոխըմբռնում» պարունակող համատեղ հայտարարություն կարելի կլիներ ստորագրել միայն այն դեպքում, եթե վերջինս որպես վստահության ամրապնդման քայլեր. -զղջար սեփական պատմության արյունոտ էջերի համար, ինչպես սկսել են դա անել բազմաթիվ առաջադեմ թուրք քաղաքացիներ, -արժանապատվորեն կրեր Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, վերացներ հայրենասպանության ու հայրենազրկման հետեւանքները, -վերջ դներ ուրացման եւ ուժի քաղաքականությանը, -առանց նախապայմանների հաստատեր դիվանագիտական հարաբերություններ, -վերացներ Հայաստանի սահմանային շրջափակումը, -որդեգրեր համալիր օրակարգ, որը ներառեր անցյալի ու ներկայի բաժանարար բոլոր հարցերը: Թուրքիայի կողմից այս քայլերի բացակայության, ավելին` Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Հայաստանին բռնազավթող ճանաչելու սպառնալիքի պայմաններում Հայաստանի նման  դիրքորոշումը անդառնալի կորուստների կարող է բերել Հայաստանին` ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, որի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նախորդ եւ դրա շարունակությունը հանդիսացող գործող նախագահությունը եւ նրա իշխանությանը մասնակից քաղաքական ուժերի վրա: «Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանություններից պահանջում է անհապաղ գաղտնազերծել եւ երկու երկրների հասարակություններին ներկայացնել «Ճանապարհային քարտեզի» եւ «երկու երկրների հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի» դրույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter