Փոթորիկ` մի բաժակ ջրում
«Ճանապարհային քարտեզ» արտահայտությունը փոթորիկ է առաջացրել երկրում: Այն սուղ ինֆորմացիան, որ հաղորդվում է պետական լրատվությամբ, բազում թյուրըմբռնումների, վրդովմունքի ու մերժումի ալիք է առաջացրել: Գրեթե չպատկերացնելով, թե ինչի մասին է խոսքը, աջուձախ զայրացած հայտարարություններ են անում, քննադատում ստորագրողին, չարագուշակ կանխատեսումներ անում:
Հանրության մի մասին համար բավական է լսել թուրքի անունը, եւ ընդվզումը պատրաստ է: Չէ՞ որ այդ անունը մեզանում նույնացվում է թշնամու, օտարի, վնասի ու վտանգի հետ: Շատ քչերն են գիտակցում հարեւանների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը, առավել եւս` բարձրաձայնում այդ մասին: Անգամ այնպիսի, թվում է` տարրական անհրաժեշտություն, ինչպիսին սահմանների բացումն է, մեզանում բուռն քննարկումների տեղիք է տալիս ու մարդկանց մի ծանրակշիռ մասի կողմից մերժվում:
Մենք, փաստորեն, հեծանիվ հորինող ազգ ենք: Մեզ համար տնտեսական առաջընթացի, բարեկեցության, հարմարավետության չափանիշները դեռ հստակ չեն: Մենք չենք օգտվում մարդկության համաշխարհային փորձից, տնտեսագիտության տարրական կանոներն ու ու համակեցության սկզբունքները դեռ հայաստանյան լեռներով չեն անցել ու այս տարածքում չեն արմատավորվել: Բայց դրանում պետք չէ մեղադրել ժողովրդին: Դրա մեղքն իրականում իշխանության վզին է, որը տասնամյակներ շարունակ, իր նեղ կլանային շահերից ելնելով, անմիտ ու վնասակար քարոզչությամբ թունավորել, պղտորել է ժողովրդի հոգին: Նրան տրամադրել ընդդեմ ցանկացած հաշտության ու համաձայնության: Ընդդեմ դրկիցների: Եվ այժմ, երբ եկել է հարեւանություն անելու պահը, քաղում է իր ցանածի պտուղները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել