HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային սուտ քարտեզ

aravot13Ինչպես եւ սպասվում էր, թուրքական կողմն «արտահոսք» թողեց նախորդ օրը Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրած հայ-թուրքական համատեղ հայտարարության «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ: Այդ «արտահոսքը», ամենայն հավանականությամբ, պարզ ապատեղեկատվություն է: Համենայնդեպս, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը խորհուրդ տվեց նման լուրջ հարցերում հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա: Բայց «ճանապարհային քարտեզի» ներկայացված, ենթադրաբար, կեղծ տարբերակը, միեւնույն է, հետաքրքիր է` իմանալու համար դիմացինիդ ցանկություններն ու ձգտումները: Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ «ճանապարհային քարտեզը» բաղկացած է 5 կետից, որի 1-ին կետով հայկական կողմը ճանաչում է Կարսի պայմանագիրը: «Սաբահը» գտնում է, որ Կարսի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ, ինչը, մեղմ ասած, ճշգրիտ տեղեկատվություն չէ. ԽՍՀՄ-ը, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 1922 թ. դեկտեմբերի 30-ին, իսկ հիշյալ պայմանագիրը ստորագրվել է 1921-ի հոկտեմբերի 13-ին, եւ ստորագրող կողմերից մեկը միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող «Հայկական ԽՍՀ-ն» էր: Այդ իսկ պատճառով, եթե այսօր Հայաստանի Հանրապեսությունն իսկապես ճանաչի Կարսի պայմանագիրը, հետագայում դա կարող է նոր խնդիրներ առաջացնել: Իսկ թե որքանով էր այդ փաստաթուղթը (եւ դրան նախորդող Մոսկովյան պայմանագիրը) մեզ համար անբարենպաստ` այդ մասին գիտի ցանկացած դպրոցական: Հետեւաբար, եթե մենք այսօր հայտարարեինք, որ ճանաչում ենք սույն պայմանագրի դրույթները, դա չպատճառաբանված զիջում կլիներ, եւ հուսանք, որ Հայաստանի ոչ մի կառավարություն նման քայլի չի գնա: Նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաեւ «պատմաբանների հանձնաժողովի» մասին: Վերապահումները կապված են այն հարցի հետ, թե ինչ լիազորություններով են օժտված լինելու այդ պատմաբանները, եւ որն է լինելու նրանց քննարկման բուն առարկան: Հիմա մենք չէինք քննարկի «ճանապարհային քարտեզի» ենթադրական կետերը, եթե այդ փաստաթութը պաշտոնապես հրապարակվեր: Որքան շուտ դա լինի, այնքան լավ: Թե չէ տագնապալից կասկածները (ընդունենք` նաեւ թուրքական քարոզչության հրահրմամբ) բազմանալու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter