HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վահրամ Աթանեսյան. «Հայաստանի իշխանությունները չեն գնա հայ-թուրքական հաշտեցման` ի վնաս Լեռնային Ղարաբաղի»

25_04-vatanesyan

Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները մեկնաբանում է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական` վերջին զարգացումները, մասնավորապես` Հայաստանի, Թուրքիայի արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունն ու «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնությունը: Արդյո՞ք, դրանք բխում են հայկական կողմի շահերից:

Պետք է անկեղծ լինել եւ ասել, որ դա ակնկալվում էր: Այստեղ արտառոց ոչինչ չկա: Արտառոցը, հակաբնականը հայ-թուրքական սահմանի փակումն էր, որ եղավ 1993 թվականին:

Եւ այդ `«Եվրոպայի վերջին փակ սահմանի» բացման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, բնականաբար, պետք է դիտարկվեն ոչ միայն մեր, այլեւ` միջազգային ընկալումների եւ ձգտումների համատեքստում: Այդ իսկ պատճառով, խոստովանեմ, ինձ համար անհասկանալի է հարցադրման «դրանք բխու՞մ են հայկական կողմի շահերից» ձեւակերպումը: Որեւէ մեկն այս պահին, կարծում եմ, չպետք է գայթակղություն ունենա, թե ինքն ավելի համապարփակ է ընկալում ազգային շահերը եւ դրանք իրացնելու ավելի մեծ հնարավորություններ կարող է մատնանշել, քան` օրվա գործող իշխանությունը: Եւ որեւէ մեկը չպիտի կարծի, թե իշխանությունը շատ մեծ գոհունակությամբ է գնացել այն ճանապարհով, որն, ահա, հանգեցրել է հայ-թուրքական համատեղ հայտարարության ընդունման իրողությանը: Ոչ, պետք է ընդունել, որ իշխանությունն ավելի լավ գիտի եւ Սեւրի պայմանագրի, եւ մյուս բոլոր զինանոցային կռվանների մասին: Ու եթե դրանք չեն օգտագործվել, ուրեմն` դրանք չէին կարող օգտագործվել: Մեր ազգային գիտակցությունը, հիշողությունը դրա դեմ իրավասու են բողոքել, բայց դիվանագիտության ասպարեզում զգացմունքները երբեք բարի խորհրդատու չեն եղել եւ չեն լինելու: Ցավոք, տվյալ իրավիճակում ավելիին հնարավոր չէ ձգտել: Այսինքն, կա այլընտրանք` թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, ոչինչ չառաջարկել, ոչինչ չստանալ: Սա եւս ճանապարհ է, բայց այդ ճանապարհն արդեն 16 տարի է` մենք անցնում ենք: Եւ Թուրքիան նույնպես անցնում է այդ ճանապարհը: Եւ եթե այդքան ժամանակ անց կողմերը գալիս են  ըմբռնման, որ «փոխադարձ ոչնչացման», մեղմ ասենք` անտեսման քաղաքականությունը չի արդյունավորվում, այսինքն` Թուրքիան, ի հակակշիռ մեր ցանկությունների, չի  «մասնատվում», եւ Հայաստանը` ի հեճուկս թուրք-ադրբեջանական ազգայնականության նկրտումների, շրջափակումից «չի խեղդվում» եւ եթե այդ ամենից կողմերն իրական շահ չեն ստանում, այլ, ընդհակառակը, միայն ինչ-որ բան կորցնում են, ապա ավելի լա՞վ չէ մի կողմ դնել հուզականությունն ու ձեռնամուխ լինել բոլոր վիճելի հարցերի քննարկմանը: Որեւէ ողբերգություն չկա, որ Հայաստանը եւ Թուրքիան մտադրվում են կարգավորել երկկողմ հարաբերությունները: Որեւէ վտանգավոր զարգացում այստեղ չպետք է փնտրվի: Մենք պարտավոր ենք ըմբռնել, որ երկու երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները մի օր պիտի լիովին կարգավորվեն: Եւ եթե այդ գործընթացի «մեկնարկը» տրված է, ապա նշանակում է, որ կողմերի համար պահի ընկալումը հասունացել է:

Հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել Հայաստանում, ոմանք դա ռազմավարական սխալ են համարում, հատկապես, երբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցերը դեռեւս մնում են չլուծված: Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերոնշյալ հայտարարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Եւ ո՞րը պետք է լինի հայկական կողմի առաջիկա անելիքը:

Դա եւս տրամաբանության եւ, իհարկե, քաղաքականության շրջանակներում տեղավորվում է: Նույն կերպ Թուրքիայում եւս իշխանությունները թիրախ են դառնում: Նույնիսկ Ադրբեջանն է փորձում ազդել թուրքական կառավարության վրա: Ամեն ինչ, սակայն, իմ ընկալմամբ, հավասարակշռելի է: «Գործարք» ասվածը պիտի բացառել: Հայաստանի իշխանությունները չեն գնա հայ-թուրքական հաշտեցման` ի վնաս Լեռնային Ղարաբաղի: Ընդհակառակը, կարծում եմ, որ հայ-թուրքական հաշտեցման հիմնական շարժառիթը հենց ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի ակնկալիքն է: Իհարկե` որպես հեռանկար: Հակառակ դեպքում, ինձ թվում է, անիրագործելի կմնա այսպես կոչված  «ճանապարհային քարտեզը»: Մի բան ակնհայտ պիտի արձանագրվի` վերջին 10 տարում առաջին անգամ Հայաստանը ձեռնամուխ  է եղել արտաքին քաղաքական շատ բարդ, բազմաքայլ մի «կոմբինացիայի», որտեղ  հաջողության հասնելու համար հարկավոր է պահպանել սառնասրտություն, ունենալ հեռանկարի իրական ընկալում եւ վայելել հանրային մեծ աջակցություն: Իմ ընկալմամբ` Հայաստանի իշխանությունն ունի եւ սառնասրտություն, եւ հեռանկարի շատ պրագմատիկ ընկալում: Մնում է հանրային լայն աջակցության խնդիրը, որ, կարծում եմ, չի ուշանա, եթե բոլորս ճշմարտությունը վեր դասենք  կուսակցական-խմբակային շահերից եւ էգոիզմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter