
Ապրիլի 23-ին արթնացանք ու ազգովին նվեր ստացանք հայ-թուրքական համատեղ հայտարարություն եւ ճանապարհային քարտեզ, որոնք, դեռ անհայտ է` ինչպե՞ս են փոփոխելու մեր քաղաքական քարտեզի ուրվագծերը եւ առհասարակ` ինչպե՞ս են տակնիվեր անելու Հայաստանի եւ աշխարհի հայոց առնելիքն ու անելիքը:
Ժամանակին, Տեր-Պետրոսյանի օրոք, երբ քիչ էր մնում ԼՂ հարցի կարգավորման «փուլային» տարբերակին համաձայնեինք, այդ պատճառով, ի վերջո, հրաժարական տվեց առաջին նախագահը:
Ի դեպ, նույն գաղտնապահությունն էր, եւ ոչ ոք, բացի 2-3 հոգուց, պաշտոնապես տեղյակ չէր, թե ի վերջո այդ ի՞նչ է փուլային լուծումը: Բայց ոչ պաշտոնական մակարդակով, այնուամենայնիվ, մամուլում արտահոսք եղել էին, եւ ամեն հետաքրքրված անձ տեղյակ էր, թե ինչո՞ւ հայերիս համար այդ պահին անպատեհ էր լուծման փուլային տարբերակին համաձայնելը:
Իսկ հիմա այն ժամանակից ավելի թունդ մի իրավիճակի ականատեսն ենք կարծես` Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը, գոնե իրենց առաջնորդների մակարդակով, տեղյակ չէ, թե այդ ի՞նչ ճանապարհային քարտեզ է, ի՞նչ խնդիրներ է լուծելու, ի՞նչ ենք տալու, ի՞նչ ստանանք, ե՞րբ: Ակնհայտ է` ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության եւ ամեն հայի ճակատագրի եւ հետագա կեցության վրա անդրադարձներ ունեցող «համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող» այս համաձայնագիրն ու ճանապարհային քարտեզը գաղտնազերծվելուց հետո արդյոք գոհցնելո՞ւ են գաղտնի շրջանակում ներառված հայերից բացի մնացյալ հայերին: Համենայնդեպս, հարգելով դիվանագիտական գաղտնիությունը, միաժամանակ երկրի անվտանգության շահերից ելնելով` կարելի էր «անանուն աղբյուրների» օգնությամբ հայկական մամուլում բացահայտել այս քարտեզի էությունը, որ գոնե մինչեւ անսպասելի «նվերը» հայերս մի բան իմանայինք մեր գլխին գալիքի մասին: Բայց ստացվում է, որ մենք հենց այս պահին էլ պետք է օգտվենք թուրքական աղբյուրներից` ճանապարհային քարտեզի էության մասին ենթադրություններ անելու, իսկ քաղաքական ուժերը` առանց մի բան իմանալու իրենց թեական հայտարարություններն անելու համար:
Իսկ մենք կարող ենք արձանագրել, որ այս` ապրիլի 22-ի «ճանապարհային քարտեզ» անվանվածը կարող է դառնալ հայոց քաղաքական քարտեզի կոնտուրների փոփոխության պատճառ. Թուրքիայի հետ հարաբերությունների գինը, ԼՂ հարցի կարգավորման խնդրում Թուրքիայի նախապայմանային տոգորումները, ողջ հայության տեսլականի փոփոխությունը կարող են շարժել անշարժ թվացող ամեն բան: Ուժերի վերադասավորման եւ կենտրոնացման նոր պատճառներ կան: Երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Թուրքիայի եւ, առհասարակ, մեր տարածաշրջանի վրա ազդեցությունների պատերազմում նաեւ Հայաստանին են փորձում օգտագործել, երբ դրսի 4-5 շերտ կամ ոջղղություն միաժամանակյա բրոունյան շարժում են սկսում, ոչ ոք դեռ չի կարող կանխատեսել` ի՞նչ տեղի կունենա Հայաստանի տնտեսական, քաղաքական հարթություններում եւ բուն ժողովրդի մակարդակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել