HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիլիկիա 1909 թ.: Հնարավոր էր արդյո՞ք կանխազգալ ցեղասպանության սպառնալիքը

Իվ Տերնոն

1909 թ. ապրիլին 25000-ից 30000 հայեր կոտորվել են Կիլիկիայում հազվադեպ դաժանության պայմաններում: Օսմանյան սահմանադրության վերահաստատման տարելիցին նախորդած այս իրադարձությունը հայկական համայնքները և միջազգային հասարակական կարծիքը չեն կանխազգացել իբրև օսմանյան հայերի ոչնչացման համար սպառնալիք: XX դարում իրականացված այլ ցեղասպանությունների համեմատությամբ` ո՞ր պահին է հնարավոր իբրև թիրախ ընտրված խմբի համար կանխազգալ սպանությունները կամ խտրականության վրա խարսխված սպանությունները` իբրև իր բնաջնջման համար երկյուղ ներշնչող ահազանգներ: Իմաստ հաղորդելու համար 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի` ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի ձևակերպումին, հնարավոր էր արդյո՞ք կանխարգելումը:

Այս հարցերի պատասխանը պահանջում է խուսափել ցանկացած ժամանակավրիպումից և ուսումնասիրել 1909-1911 թթ. փաստաթղթերը (վկայությունները կամ արխիվային), մի ժամանակաշրջանի, երբ ազգությունները կարծում էին, թե երիտթուրքերը վճռել էին Օսմանյան կայսրությունը վերածել ժողովրդավարական և ժամանակակից պետության, տպավորություն, որի ստեղծմանը Միություն և առաջադիմություն կոմիտեն (ՄԱԿ) մեծ նշանակություն էր տալիս:

Կիլիկիայի կոտորածների նախնական ընկալումը

Կիլիկիայի կոտորածները տեղի են ունեցել յուրօրինակ հենքի վրա: Ժողովրդավարությունը հաստատված է, մամուլն ազատորեն արտահայտվելու հնարավորություն ունի, օսմանահպատակները` քրիստոնյա փոքրամասնությունների անդամները կամ հրեաները, կարծում են, որ կարող են ունենալ միևնույն իրավունքներն, ինչ մահմեդականները: Իրականում, նահանգներում, ոչինչ չի փոխվել: Կիլիկայում` հարուստ մի տարածաշրջանում, որտեղ հայերը հիմնական փոքրամասնությունն են կազմում, Ադանայի երիտթուրքական կոմիտեն 1908 թ. հոկտեմբերին հասնում է քրիստոնյաներին համակրելու մեջ մեղադրվող վալիի պաշտոնանկությանը: Նրան փոխարինող Ջևադ բեյը նրանց նկատմամբ բացահայտորեն թշնամաբար է տրամադրված: Ունենալով ՄԱԿ-ի տեղական ներկայացուցիչների աջակցությունը` նա տարածում է հայկական անկախ պետության ստեղծման նպատակ հետապնդող հայկական դավադրությանը վերաբերող կեղծ ասեկոսեներ: Դրանք տարածվում են ամբողջ Կիլիկիայում: 1908-1909 թթ. ձմռանը միջադեպերը բազմապատկվում են, սպանվում են բազմաթիվ հայեր: Ապրիլի 14-ից 16-ը, օգտագործելով մի երիտասարդ հայի կողմից երկու թուրքի սպանությունը, որն անձամբ էր իրականացրել արդարադատությունը, քանզի օրինական ճանապարհով դրան հասնել հնարավոր չէր, մահմեդական բնակչությունը` կանոնավոր զինվորների և պահեստայինների օժանդակությամբ, Ադանայում կողոպտում է, հրկիզում և կոտորում: Հոջաները քարոզում են սրբազան պատերազմ և ամբոխին դրդում կենդանի չթողնել ոչ մի հայի: Օսմանյան իշխանությունները, ինչպես նաև Ֆրանսիայի հյուպատոսը, մնում են լռակյաց: Ադանայի հայերը դիրքավորվում են իրենց թաղամասերում և դիմադրում, ինչը խոչընդոտում է ավերածությունների ծավալմանը: Բանակցություններից և երաշխիք ստանալուց հետո նրանք վայր են դնում զենքերը: Կոտորածներն Ադանայում դադարում են, սակայն, կողոպուտը և հրդեհները շարունակվում են: Անգլիական և ֆրանսիական ռազմանավերը խարիսխ են ձգում Մերսինում ապրիլի 18-ին, որոնց հետևում են այլ տերությունների նավեր: Ծովայիններն իրենց միջամտությունը սահմանափակում են դիտարկումների հանգող առաքելությունների շրջանակում: Ադանայի իրադարձություններին իրազեկ օսմանյան խորհրդարանն ապրիլի 17-ին մի պատվիրակություն է ուղարկում Մահմուդ Շևքեթ փաշայի մոտ, որը Չաթալջիում պատրաստվում է ճնշել Կոստանդնուպոլսում ամսի 13-ին բռնկված հակահեղափոխությունը: Մարշալը Կիլիկիա է ուղարկում 850 զինվոր Դամասկոսում և Բեյրութում տեղակայված Մակեդոնիայի բանակից: Ապրիլի 25-ին, կիրակի օրը, Ադանա ժամանելուն պես` նրանց դիմավորում են կրակոցներով: Ըստ ասեկոսեների` մեղավորը հայերն են: Կանոնավոր բանակն այդ ժամանակ միանում է մահմեդական ամբոխին` կոտորելու համար անզեն քրիստոնյաներին` ոչ միայն հայերին, այլև քաղդեացիներին, հակոբիկներին, ասորի կաթոլիկներին և հույներին: Ըստ անգլիացի վկաներից մեկի` Հ. Չարլզ Վուդի, «երբևէ որևէ քաղաք օղակի մեջ չի սեղմվել այնպիսի կանոնավորությամբ, ինչպես Ադանան 1909 թ.: Նավթն անկաշկանդորեն օգտագործվել է հրի ճարակ դարձնելու համար տները» (1) : Բռնություններն Ադանայում ավարտվում են ապրիլի 27-ին, հայկական թաղամասը վերածվում է մոխրի և ավերակների: Կիլիկիայի հարուստ հարթավայրում հարյուրավոր ագարակներ, գլխավորապես հայկական, ամայացվում են, և հայերը սպանվում են հազարավոր թուրք կամ քուրդ բանվորների կողմից, որոնք ապրիլին իջել էին [սարերից] բամբակի բերքի համար: Ապրիլի 16-ից ի վեր կոտորածները ծավալվում են ամբողջ Կիլիկիայում և այդ նահանգի հարակից տարածքներում: Բազմաթիվ քաղաքներում տեղական իշխանությունները և (կամ) թուրք երևելիները պաշտպանում են հայերին: Կոստանդնուպոլսում Թևֆիկ փաշայի կառավարությունը, որը նշանակվել էր ապրիլի 18-ին, գահընկեց է արվում ամսի 26-ին` կարգ ու կանոնի վերականգնումից և Աբդուլ Համիդի պաշտոնանկությունից հետո: Ապրիլի 16-ի և 26-ի միջև Կիլիկիայի գործը տնօրինում է ներքին գործերի նախարարության խորհրդական Ադիլ բեյը: Նա Ադանայի վալիին հրամայում է «վերականգնել կարգն ու կանոնը» և հովանավորել օտարերկրացիներին, ինչը Ջևադ բեյին հնարավորություն է ընձեռում ազատորեն արձակելու սպանությունների և կողոպուտի կարգադրություններ: Կոտորածներից հետո Բարձր Դուռը ջանում է թուլացնել միջազգային հասարակական կարծիքի վրա թողած դրանց ազդեցությունը: Նա նվազեցնում է զոհերի թվաքանակը և ժխտում «սահմանադրական» զինվորների մասնակցությունը սպանություններին: Ադիլ բեյի կողմից ապակողմնորոշված օսմանյան խորհրդարանն սկսում է այս գործով զբաղվել միայն մայիսի 2-ին: Ադանայում հաստատվում է ռազմական դատարան, որի կազմում ընդգրկված բազմաթիվ սպաներ մասնակցել են կոտորածներին: Դատարանը սատարում է հայկական հեղափոխական շարժման թեզն ու կախում վեց հայի և ինը թուրքի (2) : Կոտորածներին ներկա գտնվող օտարերկրացիների վկայությունների հրապարակումը միջազգային մամուլում պարտադրում է Դռանն ընկրկել և արագացնել քննիչ հանձնաժողովների կազմավորումը(3) : Երկու բարձրաստիճան դատավորներ` Ֆայիկ բեյը և Հարություն Միստիչյանը, հանձնում են համատեղ տեղեկագիր, որը հրապարակվում է հուլիսի 10-ին: Երկու երիտթուրք պատգամավորներ, մի նախկին դատավոր` Հակոբ Պապիկյանը և մի դատախազ` Յուսուֆ Քեմալը, հունիսին իրականացնում են իրենց հետաքննություններն առանձին-առանձին: Նրանց տեղեկագրերը չեն հրապարակվում, սակայն, թուրքական մամուլին տված հարցազրույցներում Պապիկյանը հասկացնում է, որ իրենց հետևությունները չեն համընկնում: Նա հավաստում է, որ սահմանադրության վերահաստատումից ի վեր համիդյան հետադիմությունը ծրագրում էր կոտորածներ, որ եթե կենտրոնական իշխանությունը չի մասնակցել, ապա դարձել է դրանց պատճառը, որ տեղական իշխանությունները ներգրավված են, և որ հայերն ասեկոսեների միջոցով տարածվող մեղադրանքների հետ առնչություն չունեն ու կատարելապես անմեղ են(4) : Ֆայիկ-Մոստիչյանի տեղեկագիրը և Պապիկյանի մերկացումները բավական են եղել համոզելու ՄԱԿ-ին շրջադարձ կատարելու համար. Ադանայում նշանակվում է նոր վալի, ձևավորվում է նոր ռազմական դատարան: Նա ձերբակալում է հանձնաժողովի մատնացույց արած պատասխանատուներին` վալիին, վիլայեթի զինվորական հրամանատարին, Ադանայում ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցչին, «Իթթիդալ» լրագրի սեփականատիրոջը` Իհսան Ֆիկրիին, որը դրդել է սպանության, մի երևելու, մի մութասարիֆի և ոստիկանության մի կոմիսարի: Ռազմական դատարանը նրանց դատապարտում է միայն թեթև պատիժների: Փոխարենը, նոր վալի Ջեմալ բեյը կախել է տալիս ավելի քան հարյուր մարդասպանի(5) : Օգոստոսի 11-ին մեծ վեզիրը հրապարակում է մի շրջաբերական, որը հայերին զերծ է պահում նրանց վրա բարդվող բոլոր մեղադրանքներից. «Անառարկելիորեն հաստատված է, որ հայ ազգությունը չի սահմանազատվել Օսմանյան կայսրության հանդեպ մշտապես դրսևորած չեզոքությունից»(6) : Օգոստոսի 12-ին Արդարադատության նախարարը հրապարակայնորեն հայտարարում է. «Հայերը որևէ պատասխանատվություն չեն կրում այս իրադարձությունների պատճառների համար»:

Կիլիկիայի կոտորածների կողմից առաջադրված հարցրեր

Ռայմոնդ ևորգյանը լույս է սփռել ՄԱԿ-ին` Օսմանյան կայսրության փոքրամասնություններին ներկայացնող կուսակցություններից և կազմակերպություններից, ի սկզբանե տարանջատող թյուրիմացության վրա: Երիտթուրքերի համար դա նշանակում է «երկրի միավորում թուրքիզմի և նորացված իսլամի դրոշի ներքո, ժամանակակից պետության հնոցում անջատողականության անհետացում»,  այն դեպքում, երբ նրանց մեծամասնության համար` որոնց նախկինում բնորոշում էին իբրև «դհիմի»*, մասնավորապես հայերի, դա նշանակում էր ՙհավասարության կարգավիճակի ձեռք բերում [...], ավելի աշխարհիկ ժողովրդական հասարակության կազմավորում»(7) : Իր կազմավորումից ի վեր թեպետ ՄԱկ-ը քողարկվում է օսմանիզմի դիմակի ներքո, այդուհանդերձ, թուրքական ազգայնամոլական, արմատական և այլատյաց շարժում է: Սահմանադրության վերահաստատումից հետո հայերը կարծում են, թե կարող են օգտվել իրենց իրավունքներից, ինչը նրանց դեմ է տրամադրում մահմեդականներին, որոնք միշտ պատրաստ էին տարածել Աբդուլ Համիդի օրոք արարողակարգի վերածված` հայկական ապստամբությանը վերաբերող ասեկոսեները: 1909 թ. օգոստոսին, այդուհանդերձ, հաստատվում է, որ այդ ասեկոսեները հիմնազուրկ էին: Փոխարենը, օսմանյան մամուլը շարունակում է մեկնաբանել Կիլիկիայի իրադարձություններն ինչպես համիդյան վարչակարգի վերջին պայթյուն, այն դեպքում, երբ չկա որևէ վկայություն կոտորածներում Աբդուլ Համիդի ներգարվվածության մասին: ՄԱԿ-ը ջանում է համոզել, որ ինքը ցանկանում էր փրկել հայերին, որ «սահմանադրական» զինվորները դարձել են սադրանքի զոհեր, և որ կառավարությունն անկեղծորեն ցանկանում է ճշգրտել փաստերի իսկությունն ու ապահովել անկողմնակալ արդարադատություն, այն դեպքում, երբ ունի մեկ առավելություն, այն է` խուսափել հասարակական խայտառակությունից: Հայկական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հիմնվելով իրենց հասած առաջին տեղեկությունների վրա և նշելով Կոստանդնուպոլսի ու Ադանայի իրադարձությունների համընկնումը, դեռևս ընդունում են համիդյան հետադիմության տեսությունը: Այլք` ավելի պայծառատեսները, հավաստում են, որ կոտորածները ձեռնտու են երիտթուրքերին, որոնք այս կերպ խոչընդոտել են կայսրության ամենահարուստ նահանգներից մեկում հայերի տնտեսական զարգացմանը (համոզմունք, որն ամրապնդվել է կոտորածների երկրորդ ալիքին զինվորների մասնակցությամբ), և որ բազմազգ նավատորմի ժամանումը Մերսին չի կասեցրել այս կոտորածները: Ադանայի եպիսկոպոս Նորին սրբազնություն Մուշեղը, որը վալիի կողմից զրպարտվել է և մեղադրվել ապստամբության գլուխն անցնելու համար, կոտորածների պահին Եգիպտոսում էր: Ֆրանսիական մամուլում նա մերկացնում է այս մեքենայությունները: 1909 թ. լույս ընծայված փոքրածավալ մի աշխատությունում նա իր անհանգստությունն է հայտնում տերությունների միամտության առիթով. «Կառավարությունների բարեհաճությունը երիտթուքերի հանդեպ հասնում է ծայրահեղ աստիճանի: Արդյո±ք նրանք ակամայից կարծում են, որ երիտթուրքերը կկարողանան հաջողությամբ պսակել անկում ապրող Թուրքիայի բարենորոգման և վերածնության ահռելի գործը: Սակայն, ինչպիսին որ լինի նրանց համոզմունքն այս առիթով, իրենք` հայերը, հենց նոր ձեռք են բերել դառն ու արյունալի փորձ, որը նրանց կտրականապես տարանջատել է փայլատակող լավատեսությունից, որով նրանք արբեցել էին և խաբվել սահմանադրության հաստատմանը հաջորդած ինն ամիսների ընթացքում»(8) : Հայկական կազմակերպություններն ունեցել են անմիջական նպատակներ. ապաստանել որբերին և նրանց պահել համայնքում, վնասների դիմաց ստանալ փոխհատուցում և փրկվածների ունեցվածքի վերադարձ: 1909 թ. ամռան ընթացքում հայ պատգամավորները բանակցում են ՄԱԿ-ի և կառավարության հետ: րիգոր Զոհրապը հավատ է ընծայում Հիլմի փաշայի անկեղծությանը. «Չի կարելի վիճարկել մեր հանդեպ ժամանակակից կառավարության բարեհաճ վերբերմունքը, քանզի մենք շատ լավ գիտենք, որ հինգ ամիս առաջ գոյություն ուներ Ադանայի կոտորածներն ամբողջ Հայաստանում տարածվելու ականատեսը դառնալու իրական վտանգ...»(9) : Հայկական մամուլն ավելի հստակ է և ՄԱԿ-ի մտադրությունների առիթով հարց է տալիս. «Մեր մէջ, ժամանակէ մ’ի վեր,– 1909 թ. սեպտեմբերի 20-ին գրում է Բյուզանդ Քեչյանը ստամբուլյան «Բյուզանդիոն» օրաթերթի առաջնորդող հոդվածում,– յոռետեսութեան ընթացիկ ձեւ մը այն է որ կ’ըսուի թէ Օսմ[անեան] Քօմիթէն, եթէ ինք չէր կազմակերպիչը, գէթ հակառակ ալ չէր Ատանայի Հայոց ջարդին, յորմէ սրտովին գոհ մնաց մեծապէս:– Շատ կարեւոր է այս խնդրոյն լուսաբանումը, որովհետեւ անուրանալի է որ Օսմ[անեան] Քօմիթէն այսօրուան կառավարութիւնն է երկրին, և անոր ընթացքը, ուղղութիւնը, դիտումները կենսական նշանակութիւն ունին Հայ ժովորդին նկատմամբ: [...] Բայց, մենք, մեր մասին ... չենք կրցած համոզուիլ թէ Օսմ[անեան] Քօմիթէն հայերը ջարդել տալ ուզած ըլլայ»(10) : Հայկական լիազոր անձինք գիտակցում են, որ իրենց պահանջների համար գոյություն ունի մի սահման, որի հատումը կարող է հանգեցնել նոր կոտորածների: Սեպտեմբերի 6-ին Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) ՄԱԿ-ի հետ ստորագրում է մի համաձայնագիր: Երկու կուսակցությունը պարտավորովում են «աշխատել համատեղ` ի նպաստ առաջադիմության, սահմանադրության և միության» և ստեղծում են խառը հանձնաժողովներ` հայերին առնչվող հարցերը քննարկելու համար: «Հնչակյան» կուսակցությունը դառնում է ընդդիմադիր, իսկ «Ռամկավար» կուսակցությունը, պահպանելով սերտ հարաբերությունները երիտթուրքերի հետ, մերկացնում է այս համաձայնագիրը: 1911 թ. ՄԱԿ-ը ավելի քան լի է հետադիմական տարրերով: Հիլմիի կառավարության անկումը և նրա փոխարինումը Հաքի բեյի կողմից, որը 1909 թ. ապրիլին տարածել էր հայկական ապստամբությանը վերաբերող ասեկոսեներ, ցույց է տալիս, որ հայերն այլևս չեն կարող հարցերով դիմել Դռանը: Կարելի է արդյո՞ք այն փաստագրական նյութի հիման վրա, որն այսօր ունենք մեր տրամադրության տակ, ձևակերպել ՄԱԿ-ի կենտրոնական կոմիտեի, որի նստավայրը Սալոնիկում էր, Կիլիկիայի կոտորածներում ներգրավված լինելու վարկածը: Այս հարցը կարող է օրինականորեն ձևակերպվել, որովհետև 1909 թ. ապրիլին կենտրոնական ՄԱԿ-ը իր արտագնա բանագնացների և տեղական ակումբների միջոցով հսկում էր պետական կառավարման մարմինները: Իրոք որ, մինչև մարտ նա նշանառության տակ էր վերցրել ալբանացիներին` անջատողականության մեջ մեղադրվող մահմեդականների, որոնք իր ընդհատակյա հավատարիմ դաշնակիցներին էին: Այս հիման վրա Եվրոպան չէր կարող երիտթուրքերին կասկածել քրիստոնյաներին հալածելու մեջ: Իրականում, ՄԱԿ-ը արդեն ծրագրում էր երկրի թրքացումը: Այս հեռանկարում Կիլիկիայի տնտեսական զարգացման ընթացքը, զարգացում, որը պայմանավորված էր հայերի գործունեությամբ, կարող էր նրան դրդել «խոչընդոտելու այդ զարգացմանը մի տարածաշրջանում, որը 1895-1896 թթ. համիդյան կոտորածների ընթացքում մասամբ խնայվել էր»(11):

Կոտորածների մասնակից սպաների ծառայողական առաջընթացը, կարգ ու կանոնը պահպանած պաշտոնյաների փոխարինումը կամ պաշտոնանկությունը հաստատում են այս վարկածը: Այդուհանդերձ, դրանք մեր տրամադրության տակ եղած միակ մասնիկներն են, որոնք հիմք են տալիս առաջադրելու այս վարկածը: Կարելի է միայն պնդել, որ խթանելով մահմեդական բնակչության կրոնական մոլեռանդությունն ու ատելությունը` պետության և ՄԱԿ-ի տեղական մարմինները կազմակերպել են կոտորածի առաջին ալիքը, որ ներքին գործերի նախարարության խորհրդականը ոչինչ չի արել` դրանով իսկ նրանց խոչընդոտելու համար և, որ կարգ ու կանոնը վերահաստատելու համար ուղարկված բանակը շատ արագ տեղի է տվել նվազագույն սադրանքի առջև` սպանելու համար նրանց, ում պաշտպանելու համար եկել էր:

Կիլիկիայի կոտորածները: 1915 թ. ցեղասպանության նախերգա՞նք

Իրադարձությունների լույսի ներքո կարելի է հավաստել, որ 1909 թ. զանգվածային բռնությունը հատել է սովորական սահմանը. մի տարածաշրջան մատնվել է անիշխանության, քրիստոնյա քաղաքացիները, նախ և առաջ հայերը, սպանվել են առանց տարիքի և սեռի խտրականության: Կարելի է, այսպիսով, եզրահանգել, որ խոսքը վերաբերում է ցեղասպանային ձեռնարկումի` տեղական մակարդակով: Հայ ազգության բնաջնջումն արդյո՞ք այն ժամանակ ըմբռնելի էր զոհերի կողմից: Մարդասպաններն արդյո՞ք ծրագրել էին կոտորածներն իբրև ապագա ոչնչացման փորձարկման միջոց: Այս երկակի հարցին հարկ է ժխտական պատասխան: 1909 թ. չկար ոչ մի նախադեպ այն բանի, ինչը XX դարում հառնել է իբրև ցեղասպանություն` պետության կողմից իր քաղաքացիների խմբի կանխամտածված բնաջնջում: Հետագա իրադարձությունները վերաճելով հարաբերական սպառնալիքից կենսական սպառնալիքի` ՄԱԿ-ին մղեցին փոփոխելու իր ծրագիրը: Ցեղասպան այս գործընթացի փուլերը լավ բացահայտված են. Բալկանյան պատերազմները հանգեցնում են Եվրոպայում օսմանյան գրեթե բոլոր տարածքների կորստին և Անատոլիայում թուրքերի նահանջին, այս հիշաչարությունը խանդավառում է երիտթուրքերի գաղափարախոսությունը և դրդում անցում կատարելու դեպի պանթուրքիզմ, նահանջը դեպի Ասիա` հայերին նախանշում է իբրև թուրքերի ծավալման գլխավոր խոչընդոտի, տերությունների հովանավորությունը, որն առարկայական է դառնում 1914 թ. փետրվարի 8-ի համաձայնագրով, անհետանում է Օսմանյան կայսրության կողմից պատերազի հայտարարումից հետո, միաժամանակ հայերը թուրքերի համար վերածվում են կենսական սպառնալիքի: 1909 թ. այս գործընթացին թափ չի հաղորդվում: Եթե հնարավոր լիներ կանխազգալ բնաջնջման սպառնալիքը` հայկական համայնքի լիազոր ներկայացուցիչներն անկարող կլինեին այն կանխել: Այլընտրանքը պարզունակ է և նույնն է այն բոլոր քաղաքացիների համար, որոնք սոսկում են դառնալու ամբողջատիրական պետության զոհերը` ճամպրուկ կամ դագաղ. վատատեսները դառնում են վտարանդի, լավատեսները` մնում տեղում: Սակայն, եթե համիդյան կոտորածները տեղիք էին տվել վտարանդիության ալիքի, Կիլիկիայի կոտորածները չեն ունեցել միևնույն ազդեցությունը: Վտարանդի դառնալն այն ժամանակ, այդուհանդերձ, հայի համար խուսափելու միակ միջոցն էր 1915 թ. ցեղասպանությունից: XX դարում այլ վայրերում և տարբեր հենքի վրա իրականացված երկու ցեղասպանության հետ համեմատությունն ընդգծում է ապագա զոհի համար ցեղասպանության սպառնալիքը կանխազգալու բարդությունը, այն դեպքում, երբ հանցագործ պետությունը դեռևս չի պատկերացրել, առավել ևս չի հղացել «վերջնական լուծումը» մի հարցի, գաղափարական և (կամ) քաղաքական, որն առաջադրում է փոքրամասնությունը: 1933 թ. մինչև 1939 թ. Գերմանիայի հրեաները, մեծ մասամբ հասարակության մեջ ինտեգրված քաղաքացիները, աստիճանաբար ավելի բազում դարձող հակասեմիտական գործողությունների և խտրականության հիման վրա տեղի ունեցող միջոցառումների ու հարաճուն վտարումների զոհերն են: Գերմանական «սոցիալական կորպուսը» նրանց կամաց-կամաց վանում է: Ոմանք դառնում են վտարանդի, այլք ինքնասպան լինում, մեծամասնությունը մնում է տեղում: Նախքան Հիտլերի մարգարեությունը, որը հայտնում է, թե պատերազմի բռնկման պարագայում համաշխարհային հուդայականությունը կբնաջնջվի, նախքան Երկրորդ աշխարհամարտը, ոչինչ թույլ չի տալիս, այսպիսով, երկյուղելու, նույնիսկ 1938 թ. նոյեմբերի Բյուրեղապակե գիշերվանից հետո(12) , ցեղասպանության վրա հասնելուց: 1959 թ. տուտսիների կոտորածների առաջին ալիքն ամայացնում է Ռուանդան. բելգիական գաղութատիրությունը ռուանդական հասարակությունն արհեստականորեն բաժանել էր էթնիկական երկու խմբի. հուտուների մեծամասնությունը կրքոտաբար ձգտում էր վրեժխնդիր լինել տուտսիների փոքրամասնությունից, որը ներկայացված էր իբրև ղեկավարող վերնախավ: Այս առաջին ալիքը, ինչպես և հաջորդները` մինչև 1990 թ., զարկ են տալիս վտարանդիությանը: Սկսած այս պահից և ի տարբերություն երկու նախորդ իրավիճակների, ապագա զոհերը` տուտսիները, գիտակցում են ցեղասպանության անխուսափելի սպառնալիքը, իսկ 1994 թ. հունվարից ի վեր իրազեկված միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկում այս վտանգը կանխելու համար: Եզրափակենք. 1909 թ. Կիլիկիայում բռնությունը հատել է սովորական սահմանը. ավանդական կրոնական ատելությունը զուգակցվում է սոցիալական հիշաչարությանը: Բացի դրանից, կոտորածները վրա են հասնում այն ժամանակ, երբ գործող իշխանությունը վճռել է ստեղծել ազգային պետություն, որտեղ հայերը չունեն իրենց տեղն իբրև այդպիսիք, ինչը չի համապատասխանում 1895 թ. պարագային, երբ սուլթանը ցանկանում էր միայն դաս տալ հայերին մի կայսրությունում, որտեղ նրանք կարող էին ապրել իբրև փոքրամասնություն: Սակայն, եթե ՄԱԿ-ը չէ, որ կյանքի է կոչել բռնության այս սանձազերծումը, նա դրա մասնակիցն է դարձել տեղական մակարդակի վրա: 1909 թ. մահմեդական բնակչությունն, այսպիսով, պատրաստ է, ինչպիսին և եղել է 1895 թ., կոտորելու քրիստոնյաներին, եթե նրան այդպիսի հրաման տրվի (ջիհադի) կամ եթե նրա սանձերը բաց թողնեն: Այդուհանդերձ, ՄԱԿ-ի դիրքորոշումը կոտորածներից հետո թույլատրում է որոշ հույսեր տածել օսմանյան փոքրամասնությունների ճակատագրի բարելավման համար, հույս, որը կչքանա 1913 թ.: Մեկ դար անց, կարելի է 1909 թ. կոտորածները կանխազգալ իբրև 1915 թ. ցեղասպանության նախերգանք, այն դեպքում, երբ 1909 թ. ոչ ապագա մարդասպանը և ոչ ապագա զոհը չէին կարող անգամ ըմբռնել հանցագործ իրավախախտումը, որի առանձնահատկությունը նույնիսկ չէր ճշգրտվել:

Ֆրանսերենից թարգմանեց` Վարուժան Պողոսյանը 1Woods H. Charles, La Turquie et ses voisins, Paris, 1909, p. 149.

2.Թուրքերի այս դատապարտումը հանկարծակիի է բերում Ադանայի թուրքերին, որոնք համոզված էին, որ օգտվելու էին անպատժելիության արտոնությունից:

3.Եվրոպացիների վկայությունները հստակ են. նախճիրը կանխամտածված էր և կազմակերպված` նվազագույնը տեղական մակարդակով, կառավարության պատասխանատու պաշտոնյաների կողմից, որոնք աչքի են ընկել ամբարտավանությամբ և երկերեսանիությամբ: Մերսինում գտնվող ռազմածովային դիվիզիաների սպաներն իսկույն ևեթ հեռագրում էին իրենց կառավարությանը, որ կոտորածները կանխելու համար Ադանա ուղարկված զորքերը մասնակցել են դրանց վերսկսմանը: Մայիսի 17-ին պատգամավորների պալատում արտաքին գործերի նախարար Ստեֆան Պիշոնի միջամտությունը, ըստ որի` «հանցափորձերը կանխելու և ճնշելու համար ուղարկված» զորքերը սպանել են, վճռորոշ էր` համոզելու համար Դռանն ընկրկելու:

4. Պապիկյանը վախճանվել է օգոստոսի 1-ին, այն օրվա նախօրեին, երբ պետք է տպագրեր իր տեղեկագիրը: Այս մահը, որն ըստ հանգամանքների` երկմտանքների տեղիք է տվել, անկասկած, բնական էր: Նրա տեղեկագիրը տպագրվել է միայն 1912 թ.: Յուսուֆ Քեմալի տեղեկագիրը երբևէ չի տպագրվել: 5. Ջեմալ բեյն ապագա Ռազմածովային նախարարն է և պատերազմի ժամանակ 4-րդ բանակի հրամանատարը: 6. La Cilicie (1909-1921). Des massacres d’Adana au mandat franջais, Revue d’histoire armռnienne contemporaine, Tome III, 1999. (PremiՌre partie :

7. Les massacres de Cilicie d’avril 1909, Raymond Kռvorkian, avec kla collaboration de Paul B. Paboudjian), citation, p. 179-180. * Դհիմի – քրիստոնյա կամ հրեա հպատակ, որի հանդեպ դրսևորվում է խտրականություն: – Ծ. թ.: Նույն տեղում, էջ 7-11:

8. Mgr Mouchegh, Les vՍpres ciliciennes. Les responsabilitռs. Faits et documents, Alexandrie, 1909, p. 61. Նրա հոդվածները լույս են տեսել ՙՖիգարոյում՝ 1909 թ. մայիսի 30-ին և «Լո Կուրիե դ’Օրոպում»:

9.R. Kevorkian, նշվ. աշխ., էջ 127: 10. Նույն տեղում, էջ 128: [Տես նաև «Բյուզանդիոն» 1909, թիվ 3924:] – Ծ. թ.: 11.R. Kevorkian, նշվ. աշխ., էջ 141: 12. 1938 թ. նոյեմբերին, Փարիզում մի հրեայի կողմից երմանիայի դեսպանության խորհրդականի սպանությունից հետո, նացիստների ամբոխը կողոպտում է հրեաների խանութները և հրկիզում սինագոգաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter