HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը մերժել է ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումներ անցկացնելու թվով 11 հայտերը

Այսօր Հայ ազգային կոնգրեսը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների` ավագանու եւ քաղաքապետի ընտրարշավը դեռ չսկսված, վարչախումբը կատարեց իր հերթական ապօրինությունը: Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի` Հյուսիսային պողոտայում պաշտոնական ընտրարշավի օրերին ընտրողների հետ նախընտրական հանդիպումներ անցկացնելու թվով 11 հայտերը: Սրանով կոպտորեն խախտվում են ՀՀ Սահմանադրության` ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման գործում կուսակցությունների իրավունքի (հոդվ. 7), ընտրության հավասարության (հոդվ.4), խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության (հոդվ. 29) դրույթները: Սրանով կոպտորեն խախտվում են նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 2-րդ կետը, որն արգելում է պետեկան ծառայողներին` «իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցադրելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներ•ործելու նպատակով»: Կոպտորեն խախտվում է նույն օրենսգրքի 21.1 հոդվածի 1-ին կետը, ըստ որի`պետական պաշտոնյաներին «արգելվում է պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահում`ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»: Ընդ որում` այս բոլոր օրինախախտումները կատարում է հենց ներկայումս գործող քաղաքապետ եւ իշխանական Հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը` հօգուտ իրեն եւ ի վնաս իր միակ իրական հակառակորդ ընդդիմադիր ուժի: Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ վարչախմբի սկսած բացահայտ ապօրինությունները վկայում են մի կողմից` նրանց թուլությունն ու սեփական քաղաքական ռեսուրսների չգոյությունը, մյուս կողմից` ահագնացող համաժողովրդական կամքի առջեւ նրանց սարսափը: Անկախ իշխանական սադրանքներից ու հարուցած խոչընդոտներից, մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինական դաշտում եւ, հաղթելով Երեւանում, հասնելու ենք Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու մեր վերջնական նպատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter