
«Թե Ազգային ժողովրդավարական կուսակցության, թե ՀԱԿ-ի տեսակետը հայ-թուրքական սահմանի բացման առումով այն է, որ մենք կողմ ենք հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը առանց նախապայմանների, այսինքն` ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության»,- այսօր Հայելի ակումբում ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, որ անընդունելի է կարգավորումը կապել Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, նաեւ` պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է անընդունելի. «Իշխանությունները մեկնաբանում են, թե նախապայման չկա Ճանապարհային քարտեզի առումով, սակայն անհասկանալի պատճառներով չի գաղտնազերծվում այդ քարտեզը: Ճիշտ կլինի որքան հնարավոր է արագ ներկայացվի բովանդակությունը»: Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելը կարող է կասեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Ըստ Ստեփան Դեմիրճյանի` մի քանի մարդ չեն կարող լուծել այս հարցը, քանի որ այն համազգային է. «Եթե ասում են, որ Ղարաբաղի հարցի մասին կետ չկա, ինչ է նշանակում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, որը կարգավորումը հստակ կապում է Ղարաբաղյան հարցի հետ»:
Նախագահ Օբամայի ելույթը գնահատելով` բանախոսը նշեց, որ Մեծ եղեռն եզրույթը օգտագործելու համար հիմք հանդիսացավ նաեւ համատեղ հայտարարությունը. «Ցեղասպանության ճանաչումն էլ կլինի այն դեպքում, երբ պետության կողմից պաշտոնապես ընդունվի»:
Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլով պայմանավորված ՀՅԴ-ի պահվածքը, ըստ բանախոսի, իրենց որոշելու հարցն է. «Ասեմ, որ իմ կարծիքով բավարար հիմքեր կան դուրս գալու համար, մնացածը իրենց որոշելու հարցն է»: Իսկ ՀԱԿ-ի` ՀՅԴ-ի հետ համագործակցությունը բանախոսը հնարավոր է համարում հանուն համազգային հարցերի լուծման:
Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչքանով էր կոռեկտ Ցեղասպանության օրը Ծիծեռնակաբերդի ճանապարհին վանկարկել Լեւոն` նախագահ եւ այլ կոչեր. «Այդ օրը քաղաքական կոչերը նպատակահարմար չեն»,- նշեց Դեմիրճյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել