HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միտքը» պահանջում է աշխատանքից հեռացնել արտգործնախարար Նալբանդյանին

«Միտք» վերլուծական կենտրոնը, մտահոգված լինելով վերջին օրերին հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող և համայն հայության համար ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձություններով, գտնում է. • Տարբեր շրջանակների կողմից շրջանառության մեջ դրվող և հայ հանրությանը մոլորության մեջ պահող այն հանգամանքը, թե իբր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են` չվնասելով հայկական կողմի շահերը, բացարձակորեն հեռու է իրականությունից: • Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում երբեք չի հրաժարվել և չի հրաժարվում իր հիմնական երեք նախապայմաններից, այն է` Կարսի 1921թ. պայմանագրի և այդպիսով` Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչում ՀՀ-ի կողմից, Արցախի հարցը ի նպաստ Ադրբեջանի լուծման նախապայմանների առաջադրում, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում և այդ ուղղությամբ տարվող քարոզչության դադարեցում: Հարկ ենք համարում հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման կողմնակիցներին հիշեցնել, որ թուրքական կողմի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն այս ամենի մասին բազմիցս հայտարարել ու հիմա էլ սկզբունքային կերպով հայտարարում են: • Հայոց Ցեղասպանության տարելիցի եւ դրա միջազգային ճանաչման նախաշեմին` ապրիլի 22-ին, Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության ստորագրումը ԱՄՆ-ի կողմից նախապատրաստված թուրք-ամերիկյան դիվանագիտության հաղթանակն էր, որը բացառել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հայության կողմից «խոստմնազանց» անվանելու պարագան: Հայտարարությունը կոտրեց աշխարհասփյուռ հայության կողմից հանուն արդարության վերականգնման համար տարվող պայքարի ոգին: Այն անտեսեց ամբողջ աշխարհի և հատկապես` ԱՄՆ Հայ Դատի գրասենյակների ու հանձնախմբերի տարած քրտնաջան աշխատանքը: Կարճ ասած` հայտարարությունն իմաստազրկեց հայության սուրբ պայքարի արդյունքները` շարունակելով պահել հայ հանրությանը բարոյազրկված ու շփոթված վիճակում: Եվ վերջապես` հայտարարությունը, զոհաբերելով համայն սփյուռքին, ապացուցեց ՀՀ իշխանությունների և սփյուռքի միջև առկա խոր անջրպետը: • Իբր մշակման փուլում գտնվող և հասարակությունից գաղտնի պահվող այսպես կոչված «ճանապարհային քարտեզն» իր էությամբ արժեք չի ներկայացնում, քանի դեռ Թուրքիան իր սկզբունքներում մնում է անսասան: «Քարտեզի» գաղտնի կերպով ընդունումն ու ստորագրումը վկայում է այն իրողությունը, որ հայկական կողմը գնում է հերթական զիջումների, որոնք անդառնալի ու կործանարար հետևանք են ունենալու համայն հայության ապագայի համար: • Հայ հանրությանն այլևս հավատ չեն կարող ներշնչել ՀՀ նախագահի հավաստիացումներն առ այն, որ հայ-թուրքական հարաբերություններում չի քննարկվում Արցախի հարցը, «ճանապարհային քարտեզն» իբր «դուր կգա» հայ ժողովրդին և այլն: Ինչ վերաբերում է միջազգային հանրության և լրատվամիջոցների արձագանքին, ապա ուզում ենք նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման պատրանքի պայմաններում Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրության արձագանքների լայն թափ ստանալը դեռ չի նշանակում այդ հարցի հայանպաստ լուծում: Հայոց Ցեղասպանության իրողությունն աշխարհի կողմից ճանաչված փաստ է այլևս, և միջազգային հանրության` այս հողի վրա արձագանքների ավելացումը բնավ չպետք է լինի հայության կողմից արված զիջումների գնով հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» հաշվին: • Հայաստանի Հանրապետությունը հայոց հայրենիքի արևելյան հատվածի վրա ստեղծված պետություն է, որի ներկայացուցիչներն իրենց բարոյական իրավունքը չունեն Ցեղասպանության հետևանքով իրենց պատմական հայրենիքը` Արևմտահայաստանը կորցրած բազմամիլիոն սփյուռքահայերի կամքից անկախ բարիդրացիական հարաբերություններ հաստատել դահիճ Թուրքիայի հետ: • Անհնար է բարեկամությունը մի պետության հետ, որը չի ընդունում և խոստովանում մեր ժողովրդի մեծագույն մասին ցեղասպանելու, մեր պատմական հայրենիքի մեծագույն հատվածը բռնազավթված պահելու, մեր ժողովրդի հոգևոր ժառանգության մեծագույն մասը ոչնչացնելու, մեր ժողովրդի մեծագույն մասին տասնամյակներով հայրենազուրկ պահելու փաստերը, ինչպես նաև հայրենի Արցախը Ադրբեջանին հանձնելուն ուղղված իր քայլերը: • ՀՀ ժողովրդի բարեկեցիկ ապրուստը կախված չէ Թուրքիայից: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փոխարեն կարելի է, օրինակ, բնակեցնել Արցախի ազատագրված տարածքները, ՀՀ-ում ստեղծել իրավահավասար պայմաններ և այլն: Ելնելով այս ամենից` պահանջում ենք. • Իր կատարած անմտածված քայլի համար աշխատանքից հեռացնել ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին: • Անհապաղ հրապարակել և հասարակության դատին ներկայացնել այդ խորհրդավոր «ճանապարհային քարտեզ» կոչվածը, որն անթույլատրելի է ստորագրել գաղտնի պայմաններում: • Ելնելով Թուրքիայի` մինչ օրս անզիջող, իսկ Արցախի հարցում նաև լկտի պահվածքից` հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմից Թուրքիայի առաջ դնել նախապայմաններ: Հիշեցնենք, որ այդ նախապայմանները մենք մինչ օրս առաջադրել ենք անուղղակի, ոչ իրավական հարթության վրա, ինչը հայրենի իշխանություններին հնարավորություն է ընձեռել ներկայիս բանակցություններում վարվելու սեփական քմահաճույքներից ելնելով: Միևնույն ժամանակ «Միտք» վերլուծական կենտրոնը ողջունում է հայ-թուրքական հարաբերություններում իրենց անզիջող պահող անհատների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, մասնավորաբար` կոալիցիայի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերը: «Միտք» վերլուծական կենտրոն և գաղափարակից հասարակական կազմակերպություններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter