Արմեն Աշոտյան. «Հայ-թուրքական հարաբերությունները կոալիցիայից դուրս գալու առիթ էր, ոչ թե պատճառ»
Դաշնակցության` Կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունից դեռևս երկու ժամ առաջ նրանց «կոալիցիոն նախկին գործընկերներ» անվանելով` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեք հիմնական խնդրով պայմանավորեց ՀՅԴ-ի` Կոալիցիայից հեռանալը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորը կարծիք հայտնեց, որ առաջին պատճառը կուսակցության վրա սփյուռքահայության ճնշումն ու տարակուսանքն է` հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի հետ կապված, ինչի պատճառն, ըստ նրա, թերինֆորմացվածությունն է, որի «դեմը ՀՅԴ-ն կա´մ չկարողացավ, կա´մ չցանկացավ առնել»:
Թեև ՀՅԴ-ն կոալիցիան լքելը պատճառաբանում է իբրև արտաքին քաղաքականության փոփոխության հետևանք, սակայն Ա. Աշոտյանը համոզված է, որ վերջին ամիսներին փոփոխություն չի եղել: Պարզապես Դաշնակցությունը չի կիսում ամերիկյան վեկտորի ուժեղացումը Հայաստանում:
«Եվ երրորդ` կարծում եմ` ակնհայտ է, որ Դաշնակցությունն իշխանության մեջ գտնվելու գրեթե ողջ ընթացքում պարբերաբար նման մոտեցումներ ցուցաբերել է. կոալիցիայից դուրս գալու մասին ակնարկներ եղել են: Նրանք փորձում են պոզիտիվ կերպով դուրս գալ իշխանությունից` մինչև հաջորդ ընտրությունները, որպեսզի այս երեք տարիների ընթացքում փորձեն իրենց իմիջից մաքրել իշխանական կուսակցության կերպարը և 2012 թ. հանդես գան որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Հայ-թուրքական հարաբերությունները լավ առիթ էր ոչ թէ ներքաղաքական, պաշտոնների չբավարարված բաժանման պատճառով դուրս գալու, այլ ազգային-գաղափարական, հետևաբար` ավելի դրական երևալու»,- ասաց Աշոտյանը:
Սակայն պատգամավորը համոզված է, որ Դաշնակցության համար դժվար կլինի «ապաիշխանականացվել», քանի որ, նրա համոզմամբ, դեռևս 1999 թ.-ից Դաշնակցությունը ոչ ֆորմալ իշխանություն էր: «Սա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ ՀՅԴ-ի այս քայլի համար հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ առիթ են, քան թե խորը պատճառ»:
Դաշնակցության` ընդդիմադիր կեցվածք ընդունելն, Արմեն Աշոտյանի կարծիքով, նոր ու հետաքրքիր իրավիճակ կստեղծի նաև ընդդիմադիր դաշտում: Ըստ նրա` Դաշնակցությունը ՀԱԿ-ին կզրկի գրեթե մենաշնորհային դիրքից ընդդիմության դաշտում, իսկ «ժառանգությանը»` միակ խորհրդարանական ընդդիմությունը լինելուց: «Ու, բնականաբար, «Ժառանգությունը» կհայտնվի ավելի բարդ մրցակցային պայմանններում, որովհետ քանակապես և´ ավելի քիչ է ՀՅԴ-ից, և´ քաղաքականության մեջ ավելի սկսնակ են: Եվ այս ամենից էլ ավելի կբարձրանա հայոց խորհրդարանի դերը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին` Հայոց Ցեղասպանության հետ կապված: Նա նշեց, որ այն տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Սակայն ինքը կիսում է այն կարծիքը, որ Օբամայի հայտարարությունը մի քայլ առաջ էր` նախորդ բոլոր նախագահների հայտարարությունների համեմատ:
«Եվ պետք է խոստովանել, որ նա բավականին կրեատիվ մոտեցում է ցուցաբերել` չարտաբերելով ցեղասպանություն բառը: Միաժամանակ ասել է հոմանիշը հայերենով և հայտարարել է, որ մնում է իր հին կարծիքին, այն է`ցեղասպանության ճանաչումը: Եվ պատահական չէ, որ Օբամայի հայտարարությունից դժգոհ են թե' ԱՄՆ-ի հայերը, թե' հայաստանյան որոշ շրջանակներ և թե' թուրքական մամուլը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հայկական ԶԼՄ-ների մեկնաբանություններից ավելի ճիշտ էր այն մոտեցումը, որ Օբաման արտասանեց ցեղասպանություն բառը հայերեն, քան այն, թե Օբաման հերթական անգամ խաբեց հայերին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի շաղկապվածության մասին, Ա. Աշոտյանը նշեց, որ Թուրքիան 1993 թ.-ից Ղարաբաղում տեղի ունեցող գոծընթացների պատճառով փակելով սահմանը` ցույց է տվել, որ նա կողմ է Ղարաբաղյան խնդրին: Հիմա, սակայն, ըստ պատգամավորի, Հայաստանի դիվանագիտական հաջողությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները զանազանվում են ԼՂ խնդրից:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նման հիստերիկ պահվածքը` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, վկայում է, որ Ադրբեջանն ինքնաբավ ռազմական, քաղաքական, տնտեսական լծակներ չունի ԼՂՀ-ում` անգամ ներկայիս ստատուս քվոն պահպանելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների դրական ընթացքը լավ կանդրադառնա ԼՂ հարցի վրա»,- ասաց Աշոտյանը` հավաստիացնելով, որ իրենք չեն ուրանում ցեղասպանությունը և հետամուտ են լինելու դրա ճանաչման հարցին:
«Եվ հետո,Արցախի հարցը կարող է լուծվել միայն Մինսկի խմբի շրջանակներում ու միայն միջազգային իրավական նորմերի հիման վրա, և որևէ իրավական շաղկապվածություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նատաշա Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել