
«Հետայսու Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր` ընդդիմադիր ուժի կարգավիճակով: Մեր հիմնական առաջնահերթությունները լինելու են` դառնալ իշխանության լիարժեք այլընտրանք` բոլոր հիմնահարցերի վերաբերյալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ հայտարարությունը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ըստ հայտարարության` ՀՅԴ-ն ստանձնելու է իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու եւ զսպելու դերակատարությունը, իրականացնելու է անհրաժեշտ գործառույթներ` քաղաքական դաշտի առողջացման եւ բյուրեղացման, իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորման, սոցիալական արդարության հաստատման եւ ժողովրդավարության ամրապնդման նպատակով, ծավալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունեություն` դրսեւորելով ՀՅԴ-ի գաղափարաքաղաքական ինքնատիպությունը, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի հակամարտության կարգավորմնան գործընթացներում առաջնորդվելով բացառապես ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայությամբ:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ կուսակցության բոլոր պաշտոնյաները ներկայացնում են իրենց հրաժարականի դիմումները, գործընթացն էլ արդեն սկսված է` խոսքը վերաբերում է թե գործադիր, թե օրենսդիր պաշտոններին, նաեւ փոխնախարարներ, մարզպետ, փոխմարզպետներ. «Սա է, որովհետեւ դա է եղել մեր ընդհանուր ձեւաչափը, որով մենք մասնակցել ենք իշխանական գործունեությանը»:
Արմեն Ռուստամյանը պարզաբանեց, որ հիմնական խնդիրը քաղաքական ուղեգծի հետ կուսակցության անհամաձայնությունն է. «Ի սկզբանե հայտնի էր, որ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի, նաեւ բաղկացած է երկու կարեւորագույն հարցերից, պետք է իրականացվի այդ հարցերի վերաբերյալ հստակ հայեցակարգված մոտեցումներով, դա հայ-թուրքական հարաբերություններն են եւ Ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը»:
Ըստ Ա. Ռուստամյանի` Թուրքիան չի հրաժարվել նախապայմաններով խոսել, պարզապես դրանց բնույթն է փոխվում. «Մենք պետք է թույլ չտանք նախապայմանների կիրառման տրամաբանությունը, այսօր Հայաստանը նախապայմանների հետ կապված շատ լուրջ անելիքներ ունի, եթե կա նախապայմաններով խոսելու հնարավորություն, դրա իրավունքը ունի միայն Հայաստանը»:
Տարաձայնությունները կոալիցիայի ներսում, ինչպես վկայեց բանախոսը, միշտ էլ գրեթե եղել են, որոնց մասին պարբերաբար խոսել են. «Միշտ էլ դրա մասին խոսել ենք, ոմանց ջղերի վրա դա շատ է ազդել, ոմանք փորձել են պոռոտախոսություն անվանել կամ հոխորտանք, կամ քարոզչական հնարք, որ Դաշնակցությունը բանեցնում է ընտրություններից առաջ: Ես կարծում եմ` այս փաստը շատ հստակ ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն իր տեսակը չփոխելու խնդիր միշտ ունեցել է եւ ունի, ՀՅԴ-ին ճանաչում են մի քանի կոնկրետ հարցերով` ազգային հարցերով, մյուս գաղափարական մոտեցումներով, այդ հարցերը մեզ համար սրբության սրբոցն են, ուստի սրանց հետ կապված փոփոխություն ՀՅԴ-ն թույլ չի տվել եւ թույլ չի տա»:
Ղարաբաղի հարցում էլ ՀՅԴ-ն տարաձայնություններ ունի եւ շատ լուրջ, բայց «քանի դեռ այդ հարցը չի վերածվել կոնկրետ քայլերի, որը կարող է վտանգել նաեւ այս ազգային հարցը, մենք այդ տարաձայնությունները չենք համարել անհաղթահարելի, այլ համարել ենք, որ դրանք հնարավորություն են տալիս գտնել օպտիմալ լուծումներ»:
ՀՅԴ-ն կոալիցիոն ձեւաչափով չի կարող իրականացնել այն խնդիրների լուծումը, որը կարեւորում է. «ՀՅԴ-ն ունի լուրջ կարիք հասարակության լայն շրջանակների աջակցության, եթե չասեմ` համայն հայության»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել