Տիգրան Կարապետյան. «Օբաման սևացրեց ցեղասպանության հարցը»
«Հայ-թուրքական համաձայնագրի նկատմամբ իմ դիրքորոշումը բացասական է, ես արդեն դատապարտել եմ այն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ասելով, որ իր կարծիքով` հայ-թուրքական համաձայնագրի շրջանակներում երկու խնդիր կա` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություն ստեղծելու:
«Դիմացը դված է երկու հարց, մեկը Կարսի պայմանագիրը, որը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և երկրորդը` դիվանագիտական հարաբերություններն են, որի դիմաց դրված է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որը ճշտելու է ցեղասպանության ծավալները»,- ասաց նա:
Տ. Կարապետյանի կարծիքով` չենք կարող լեգիտիմացնել Կարսի պայմանագիրը, որովհետև այն եղել է անօրինական: «Այն ժամանակ, երբ այդ պայմանագիրը ստորագրել են, մենք դեռ չենք ունեցել ԽՍՀՄ հանրապետություն, իսկ այնտեղ դրված է այդպիսի ստորագրություն: Փաստորեն դա ստորագրված է 1921թ-ին, իսկ ԽՍՀՄ հանրապետություն ունեցել ենք 1922-ից»,-ասաց նա` հավելելով, որ եթե Թուրքիան կարծում է, որ Կարսի պայմանագիրը վավերացնելով` ինքն աշխարհում էլ խնդիր չի ունենա, սխալվում է, որովհետև ցեղասպանության մասին գիտեն բոլորը:
Անդրադառնալով դաշնակցության` կոալիցիայից հեռանալուն, Տ. Կարապետյանը նշեց, որ դաշնակցության պլատֆորմը հենց զուտ ազգային է` հայ դատն է, Թուրքիայի տարածքների վերաբերյալ խնդիրները և ցեղասպանությունը: Ըստ նրա` եթե դաշնակցությունը այսօր քայլեր չաներ, ուղղակի կվերանար որպես կուսակցություն: «Քաղաքական դաշտում գուցե դա մի քիչ հարմար չի լինի հայ ազգային կոնգրեսին, որովհետև դաշնակցությունը ընդդիմության դաշտում կսկսի աշխատել»,- ասաց նա:
Լրագրողների հարցին ի պատասխան., թե հնարավո՞ր է ադյոք, որ դաշնակցությունը միանա հայ ազգային կոնգրեսին կամ հնչակյաններին, որոնց հետ միշտ բախումներ են ունեցել, Տ. Կարապետյանը նշեց, որ քաղաքականությունը չունի այդպիսի կոմպլեքսներ: «Դա կոպիտ ասած օձեր են, որոնք կարող են խճճվել ոչ թե գարնանը, այլ տարվա յուրաքանչյուր ժամանակ: Տեսեք, բոլոր քաղաքական միավորները, որոնք հայհոյում էին իշխանությանը, այսօր իշխանուիթյան հանրային խորհրդում են: Յուրաքանչյուր ժամանակ էլ, ելնելով քաղաքական շահերից, կարող են միանալ իրար»,- ասաց նա:
Ցեղասպանության վերաբերյալ իր ուղերձում ԱՄՆ նախագահ Օբաման ճանաչե՞ց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Տ. Կարապետյանի կարծիքով, չի ճանաչվել: Ավելին, քաղաքական գործիչը համոզված է, որ Օբաման իր ելույթով մեր ցեղասպանության ճանաչման գործը որոշակորեն սևացրեց: «Իր նման սև երանգ տվեց, իր գույներով ներկեց: Փաստորեն Օբաման ռազմավարական առումով համարում է, որ Թուրքիան տարածաշրջանում անհրաժեշտ է ԱՄՆ-ին: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ էր խոստում տալիս: Մարդիկ ակնկալում էին հենց այդ բառը, քանի որ այլ ազգերը ընդունել են գենոցիդ բառը և ոչ թե մեծ եղեռն: Դա ուղղակի խորամանկություն էր: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է խորհուրդ տվել ասել մեծ եղեռն»,- կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով առաջիկա քաղաքապետի ընտրություններին` Տ. Կարապետյանն ասաց, որ որպես Երևանի քաղաքապետի գործոն պետք է լինի Երևանի սերը, հյուրասիրությունը, որ մարդիկ գան Երևան ու այն համարեն իրենց համար ապաստան: «Ամոթ էլ է հայության մակարդակը կապել միայն աղբահանության հետ: Եթե որև մեկը մտածում է, որ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը պետք է միայն աղբահանությանբ զբաղվի, սխալվում է: Իսկ ի՞նչ անի այն հինգ վարչությունը: Երևանն ունի հինգ վարչություն: Դե թող միանգամից անեին աղբահանության վարչություն ու դրանով ավարտեին ամեն ինչ»,- ասաց նա: Ընտրություններում հայ ազգային կոնգրեսի շանսերը Տ. Կարապետյանն այնքան էլ բարձր չի գնահատում: Նրա կարծիքով` տոկոսը շատ մեծ չի լինի: «Եթե նախագահական ընտրություններին կամ-կամի խնդիր կար, այսինքն`ամեն ինչ անել, որ այս իշխանություններին քշեն այստեղից, ապա այսօր դա չկա, որովհետև Երևանի ընտրություններ են: Բացի այդ, ես կարծում եմ, որ մինիմում հինգ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի էլէկտորատը նվազել է, եթե ոչ տասն անգամ: Դա երևում է հանրահավաքներից: Ժամանակին չգիտեմ ով էր նախագահին խորհրուրդ տվել հրապարակում ևս հանրապետականի հանրահավաք անել, ու բոլորն էդտեղից փախան, եկան Լևոնի մոտ: Իսկ այսօրվա հանրահավաքները համեստ են»,- ասաց «ԺԿ» նախագահը:
Նատաշա Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել