HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի աջակցության պակասը չեն զգում

27_04-minsk-group«Ապրիլի 22-ին Հայաստանի, Ադրբեջանի և Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության համաձայն` սահմանվել է ճանապարհային քարտեզ` հետագա ձեռնարկվելիք ծրագիր, ինչպես կարող է դա ազդել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման գործընթացի վրա»,- այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հարցրին լրագրողները: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ասելով` իրենց կառավարությունները կարծում են, որ Հայաստանի և Թուրքայի միջև հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի համար օգտակար զարգացում կլինի: «Երկու երկրների համաձայնությունն արտացոլում է ամբողջ տարածաշրջանի դրական քաղաքական և դիվանագիտական էներգիան, և այդ դրական էներգիան առանձին ուղով նպաստում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը: Կարծում ենք, որ այս երկու գործընթացները կընթանան առանձին, միմյանց զուգահեռ, և միգուցե արագությունը տարբեր կլինի»,- ասաց ամերիկացի համանախագահը: Նա հավելեց, որ իր ասածը պայմանավորված է առկա զարգացումներով: «Այն ամենը, ինչ ուղղված է կայունացմանը, անվտանգությանը և հաղորդակցման ուժեղացմանը, կարող է միայն բարենպաստ ազդեցություն թողնել ողջ տարածաշրջանի վրա»,- հավելեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Համանախագահները չգիտեն` արդյոք ճանապարհային քարտեզը պարունակում է ինչ-որ դրույթներ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, թե ոչ: «Այդ հայտարարությունը նախանշում է մի գործընթացի սկիզբ, որի համար երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի իր կոնկրետ եզրահանգմանը հանգի, հույս կա առ այն, որ այդ գործընթացը նպաստավոր կլիմա կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, այն ժամանակը, որ կպահանջվի այդ փաստաթուղթը կոնկրետացնելու համար, մենք էլ զուգահեռաբար պետքէ ջանքեր գործադրենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված»,- ասաց Բ. Ֆասիեն: «Ինչպես են համանախագահները վերաբերվում Թուրքիայի այն հայտարարություններին, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման» հարցին ի պատասխան` ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն նախ հայտարարեց, որ իրենք չեն մեկնաբանում այն երկրների հայտարարությունները, ում հետ իրենց առաքելությունների շրջանակում չեն բանակցում, ապա հիշեցրեց, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից է և իրենք երբևէ «Թուրքիայի աջակցության պակասը չեն զգացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter