HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցներից կախվածության վերականգնողական կենտրոնը սկսեց գործել

27_04-tmranyutՀարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի (ՀԿԹՀԾ) 5-րդ փուլի շրջանակներում այսօր Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» նարկոլոգիական կլինիկայում պաշտոնապես բացվել է Թմրամիջոցներից կախվածության վերականգնողական կենտրոնը: Կենտրոնը վերանորոգվել, կահավորվել և հագեցվել է սարքավորումներով ՀԿԹՀԾ-ի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրամիության (ԵՄ) և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կենտրոնի շնորհիվ թմրամիջոցներից կախված անձանց համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն` ստանալու հետբուժական սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցություն: Նախատեսվում է, որ կենտրոնն ինչպես անհատական, այնպես էլ խմբային խորհրդատվություն կտրամադրի ծայրահեղ վիճակում գտնվող այնպիսի հիվանդներին, ինչպիսիք են ներարկային թմրամիջոցներ գործածողները: Միևնույն ժամանակ, նարկոլոգիական կլինիկայում բուժվող հիվանդների համար հասու կլինեն տեղեկատվական-կրթական կենտրոնը, գրադարանը, և մի շարք այլ հնարավորություններ: Ելույթ ունենալով կենտրոնի բացման արարողությանը` ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն. Կոնսուելո Վիդալը նշել է. «Թմրամոլությունը հիվանդություն է, որը կարելի է կանխարգելել և բուժել: Հիվանդների վաղ հայտնաբերումը, ավելի լայնածավալ կանխարգելիչ ծրագրերը, կախվածության ավելի արդյունավետ բուժումը, և այդ բուժման ներառումը հանրային առողջապահական և սոցիալական ծառայություններում, կարող են հիվանդ մարդկանց ձերբազատել թմրամոլության մղձավանջցից: Թմրամիջոցներից կախվածությամբ տառապող անձանց բուժումը նույնպիսի ներդրում է հայ ժողովրդի առողջության պահպանման գործում, ինչպիսին է ՄԻԱՎ-ի, դիաբետի, հեպատիտների կամ տուբերկուլյոզի բուժումը»: Կենտրոնի հիմնումը ՄԱԶԾ-ի, Եվրամիության և առողջապահության նախարարության միջև արդյունավետ համագործակցության և գործընկերության հերթական օրինակներից է: 2006 թ. ՀԿԹՀԾ 4-րդ փուլի օժանդակությամբ Նարկոլոգիական կլինիկայում ստեղծվեց թմրամիջոցներից ապաթունավորման (դետոքսիկացիայի) կենտրոն, որը ներկայում բուժում է տրամադրում օփիոիդներից կախվածություն ունեցող անձանց: ՀԿԹՀԾ 5-րդ փուլի համընդհանուր նպատակն է թմրամիջոցներին առնչվող քաղաքականության ոլորտում նպաստել Հարավային Կովկասի շահառու մարմինների կողմից Եվրամիության լավագույն փորձի աստիճանական ընդունմանը: 2007-09 թթ. ընթացքում ՀԿԹՀԾ-ն օժանդակել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններին Եվրամիության լավագույն փորձի ընդունմանը հետևյալ հինգ առանցքային ոլորտներում` իրավական օժանդակության, թմրամիջոցներին առնչվող համաճարակաբանության և տեղեկատվության, թմրամիջոցների գործածման կանխարգելման, թմրամիջոցներից կախվածությամբ անձանց բուժման, և իրավապահ մարմինների տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված ոլորտներում: Ծրագիրը աշխատանքներ  է իրականացնում ինչպես ապօրինի թմրամիջոցների առաջարկի, այնպես էլ պահանջարկի նվազեցման ուղղությամբ և նպաստում է Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի թմրամիջոցներին առնչվող բաղադրիչների իրականացմանը: ՀԿԹՀԾ-ի հիմքում ընկած է Եվրամիության թմրամիջոցների հակազդման 2005-2012 թթ. ռազմավարությունը, որն իր հերթին հիմնված է Եվրամիությունում գործող հիմնարար սկզբունքների, նորմերի և արժեքային համակարգի վրա, որոնք հիմնված են մարդկային արժանապատվության հարգանքի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա: Ծրագիրն ուղղված է հանրային առողջության պաշտպանությանը և թմրամիջոցներին վերաբերող խնդիրների համալիր լուծմանը: ՀԿԹՀԾ-ն նաև իրականացնում է թմրամիջոցների համաճարակաբանության վերաբերյալ հետազոտություններ և թմրամիջոցների տեղեկատվական համակարգի ձևավորում, բուժական նոր մեթոդների և վնասի նվազեցման վերաբերյալ դասընթացներ թմրամոլության բուժման ոլորտի մասնագետների համար, իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց տարածաշրջանային համագործակցության խթանող միջոցառումներ, թմրամոլության առաջնային կանխարգելմանը վերաբերող դասընթացներ կրթության ոլորտի, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների համար: ՀԿԹՀԾ-ն նաև տեխնիկական օժանդակություն է տրամադրում բուժհաստատություններին և դատափորձագիտական հիմնարկներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter