HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Եթե մրցավարն իմ ներկայությամբ սխալ է գործում, նրան հերոսի կոչում կարելի է տալ»,- «Փյունիկ»- «Գանձասար» խաղից հետո ասաց ՀՖՖ նախագահը

27_04-futbolԵրեկ Կապանի մարզադաշտում  նախատեսված ժամից մի փոքր ուշացումով ակսեց «Փյունիկ»- «Գանձասար» խաղը: Անբարենպաստ եղանակի պատճառով փյունիկցիները Սիսիանի բարձունքում ձնաբքի մեջ էին մնացել, սակայն դա չէր ազդել նրանց մարտական տրամադրության վրա:  Խաղի մեկնարկից 30 րոպե անց «Փյունիկ»ից Հենրիխ Մխիթարյանը  բացեց խաղի հաշիվը, իսկ մինչեւ ընդմիջում Գեւորգ Ղազարյանը 2-րդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը` գործնականում վճռելով խաղի ելքը: Չնայած կապանցիների գործադրած ջանքերին` առաջին խաղակեսն ավարտվեց 0:2 հաշվով: 2-րդ կեսում խաղի պատկերը չփոխվեց: Դարձյալ ավելի արդյունավետ էին գրոհում չեմպիոնի խաղացողները, որոնք եւս 2 անգամ ստիպեցին «Գանձասարի» խաղը սկսել կենտրոնից: Նորից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը այս խաղում խփելով 3 գնդակ դարձավ` հեթ-տրիկի հեղինակ: Փյունիկը 5-րդ խաղում անընդմեջ հաղթանակ տոնեց եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում, իսկ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարը» կրկին պարտվեց եւ 0 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: «Գանձասարի» ավագ մարզիչ Ավետիք Սարգսյանը պարտության պատճառը վերագրում է թիմի կազմի թերի համալրվածությանն ու խաղացողներից մի քանիսի մեծ տարիքին: Հիշեցնենք, որ «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը թիմի 3-րդ պարտությունից հետո գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից: Բացի գլխավոր մարզչից ազատվել էին նրա օգնականն ու ևս 6 խաղացող:  «Գանձասարի» հիմնական կազմում այժմ 11 խաղացող կա: «Առաջին խմբից տղաներ ենք ընդգրկել հիմնական թիմի կազմում: Մեր թիմի տարրական սխալից հետո կոտրվեց ամեն ինչ, տղաները կորցրին զգոնությունը: «Փյունիկը» ուներ առավելություն:  ՈՒԵՖԱ-Ի գավաթի խաղարակությանը նախապատրաստելու համար նոր խաղացողներ են պետք:  Ու հետո   թիմը պիտի երիտասարդացնենք. 30-ն անց տղաներ կան  թիմում: Կարծում եմ`  կմնան նրանք, ովքեր ցավում են  Կապանի համար, ովքեր ուզում են  խաղալ, իսկ ովքեր միայն փող ստանալու համար են`  կհեռացվեն թիմից»,-ասաց Ա Սարգսյանը: Չնայած  «Գանձասարի» կրած նման խայտառակ պարտությանը` նրան համառ մրցակից է համարում  «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: ««Գանձասարը» ինչ վիճակում էլ լինի, միշտ ագրեսիվ է խաղում, ու ես ֆուտբոլիստներին ասել էի, որ դժվար է լինելու 3 միավոր վաստակելը: Առաջին րոպեներին «Գանձասարը»  լավ սկսեց, նույնիսկ շատ  ագրեսիվ: Բայց  մենք  դիմակայեցինք ու լավ է, որ հենց առաջին խաղակեսում 2 գոլ խփեցինք»,-ասաց Վ. Մինասյանը: Ըստ վերլուծաբանների, «Գանձասարի» պարտությանը նպաստեց նաեւ գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի թույլ տված սխալները: Սակայն, խաղին հետևող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀԵՏՔ-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը պատրաստ է բանավիճել այդ վերլուծաբանի հետ: 27_04-r_hayrapetyan«Մրցավարը սխալ չի գործել, ու եթե նա համարձակվել է  իմ ներկայությամբ սխալ դատել, ուրեմն նրան  պետք է հերոսի կոչում տանք»,-ասաց Ռ. Հայրապետյանը: Իսկ ինչու հենց «Փյունիկի» հետ խաղին է նախընտրել մասնակցել Ռ. Հայրապետյանը. «Խաղի պատճառով չեմ ես այստեղ, երևի տեղյակ եք, որ վերջին օրերին լինում եմ մարզերում, անցած 2 օր Արցախում էի ու այնտեղից եմ եկել Կապան:  «Գանձասար» Ֆ/Ա նախագահ  Մաքսիմ Հակոբյանի հետ ունեի պայմանավորվածություն, եկա Սյունիք, Կապան` քննարկելու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը»,- ասաց Ռ.հայրապետյանը: Բացի սրանից, քննարկվել են նաեւ Կապանում մարզադաշտ կառուցելու հարցերը, ու ըստ ՀՖՖ նախագահի, ինքը տեսել է  նախագծի մակետը, ու կառուցվելիք մարզադաշտը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ռ. Հայրապետյանը այսուհետ  հաճախ է լինելու Սյունիքում, մասնավորապես  Կապանում, ու իր անմիջական հսկողության տակ է վերցնելու ֆուտբոլի զարգացման ծրագիրը: ««Գանձասարը»  կունենա նոր մարզիչ, բարձր որակի մարզիչ,  թիմը կհամալրենք նոր խաղացողներով: Ժամանակի ընթացքում համոզված եմ լավ թիմ կդառնա ու ես մի օր այստեղ կգամ, որպեսզի ոսկե մեդալներ հանձնեմ գանձասարցիներին»,-ասաց Ռ. Հայրապետյանը: Վերջինս նկատեց, որ խաղի սկզբում գրեթե  հավասար պայքար էր ընթանում, նույնիսկ առավելություն ուներ «Փյունիկի» նկատմամբ: «20 րոպե խաղալուց հետո հոգնեցին գանձասարցիները ու տեղի տվեցին: Ես զարմանում եմ, որ այսքան ժամանակ ենք կորցրել: Նախկին մարզիչը թե ինչով է զբաղված եղել ամբողջ ձմռանը` ինձ համար պարզ չէ: Ես շատ եմ հուզվում ու տխրում, նախկին մարզիչն ուներ լավ պոտենցիալ, թե ինչու՞ է թիմը բարձիթողի վիճակում`  չեմ կարող ասել: Ցավալին այն է, որ ակումբի ղեկավարությունը տրամադրել է անհրաժեշտ ֆինանսները, բայց արդյունք չկա»,-մտահոգ ասաց ՀՖՖ նախագահը: 27_04-m_hakobyan«Գանձասար» Ֆ/Ա-ի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նույնպես բարձր է գնահատում թիմի նախկին գլխավոր մարզչի պատրաստականությունը: «Նախկին մարզիչը  էմոցիանալ մարդ  էր: Եթե կարողանար ինքն իրեն տիրապետեր` վատ մարզիչ չէր: Նրա պահանջներն ու պայմաններն անհասկանալի էին: Ֆուտբոլը թիմային խաղ է, ոչ միայն ֆուտբոլիստներով, այլ ֆուտբոլի հետ կապված մարդկանցով, մարզիչ-ակումբի տնօրեն-նախագահ և այլն: Նախանցած տարի Լատինական Ամերիկայից ֆուտբոլիստներ բերեցինք, բայց այդպես էլ դաշտ չմտան: Ինչ ասել` արել ենք, դեմ չենք գնացել: Այո, դժգոհել եմ, որ պրոֆեսիոնալ պահանջներ քիչ էր դնում»,-ասաց Մ. Հակոբյանը: Վերջինիս նաև փաստեց, որ Ռ. Հայրապետյանի հետ քննարկել է պրոֆեսիոնալիության հարցը, մասնավորապես, ինչ պետք է անել, որպեսզի Սյունիքում ֆուտբոլը զարգանա: «Ես ֆուտբոլից քիչ բան եմ հասկանում, մասնագետ չեմ, բայց ճշգրիտ պրոֆեսիոնալ պահանջները կարող եմ ապահովել: Որպես ակումբի նախագահ երբեք չեմ փորձել միջամտել մարզչի գործերին.  պատրաստակամ բավարարել եմ բոլոր հարցերը, մնացած դեպքերւոմ մեր միջնորդությունը ավելորդ կլիներ: Ասեմ նաև, որ  Հայաստանում շատ քիչ թիմեր կան, որ ֆինանսների խնդիր չունեն, ու դրանցից մեկը «Գանձասարն» է»,-ասաց Մ. Հակոբյանը: Ակումբի ղեկավարությունը նոր մարզչի փնտրտուքների մեջ է, հնարավոր է արտասահմանից հրավիրեն: «Ֆուտբոլը Կապանում հարգի է, հուսախաբ չպետք է անենք կապանցիներին, հիշում եմ,  ինչպիսի տոնական օր էր, երբ 3-րդ տեղը գրավեցինք, ցանկանում եմ միշտ հաղթող լինենք:Շատ Երկրապագուներ ունենք, պիտի էնպես անենք, որ նրանց տրամադրությունը չընկնի, ինչպես օրինակ ցուրտ ու անձրևոտ եղանակին, մարզադաշտ են եկել»,- ասաց Մ. Հակոբյանը: Չնայած պարտությանը, «Գանձասարի» երկրպագուները վերջում շնորհավորեցին միմյանց ու ֆուտբոլիստներին համբերություն մաղթեցին: Իսկ ավանդույթի համաձայն Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը կրկին մրցանակներ էր սահմանել երկու թիմերի լավագույն խաղացողների համար: Այս անգամ լավագույն խաղացողներ ճանաչվեցին «Փյունիկից» Հենրիկ Մխիթարյանը, «Գանձասարից»՝ Բենիամին Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter