
«Ես հիմնավոր պատճառներ չեմ տեսնում, որոնց պատճառով Դաշնակցություն կուսակցությունը կարող էր դուրս գալ, իշխանություններն այսօր գնում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, և հետագայում էլ շարունակվելու է այդ բարելավումը` ի նպաստ Հայաստանի: Սա շատ կնճռոտ խնդիրների լուծման սկիզբ է միայն և նախօրոք հայտարարել, որ դրանք կարող են վնաս բերել Հայաստանին, հիմնավորված չէ»,- կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ափսոսանք է հայտնում, որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից, քանի որ այս մի տարվա համագործակցությունը դրական է եղել. «Իհարկե, նրանք ղեկավարվում են իրենց գաղափարախոսությամբ, իրենց ծրագրերով և արտաքին քաղաքականության մեջ, կոնկրետ հայ-թուրքական հարաբերություններում չեն կիսում այսօրվա իշխանություների կարծիքը և, բնականաբար, իրենց դուրս հայտարարեցին կոալիցիայից»:
Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով` մինչ այդ անհամաձայնությունը իրենք Դաշնակցության հետ տարաձայնություններ այլ հարցերում չեն ունեցել:
«Նրանք հայտարարել են, որ լինելու են այլընտրանքային ընդդիմություն և ՀԱԿ-ին չեն միանալու, պարզապես ես կցանկանայի, որ Դաշնակցությունը, լինելով ընդդիմություն, լիներ կառուցողական և նպաստեր Հայաստանի բարգավաճմանը»,- ասաց նա::
«Հնարավոր է կոալիցիան փլուզվի» մեր հացին Ռազմիկ Զոհրաբյանն արձագանքեց. «Մի անդամով պակասեց կոալիցիան, իհարկե, որոշակի դժվարություններ կլինեն առանց Դաշնակցության, քանի որ Դաշնակցությունն իր ետևից տանում է 100,000 ընտրող, այժմ իրենք ընդդիմադիր են և իրենց ընտրողներն էլ կդառնան մեծ մասամբ ընդդիմադիր, բայց կոալիցիայում դեռ 3 անդամներ կան, ու մենք շարունակելու ենք մեր ծրագիրը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել