HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Լեւոն Հայրիյան. «Որեւէ կորուստ չունենալու համար Ղարաբաղում Դաշնակցությունը պետք է մնա իշխանության կողքին»

«Նախ, ասեմ, որ ինքս այն դաշնակցականներից եմ, որոնք պնդել  են, որ կոալիցիա մտնել չարժե, որովհետեւ քաղաքական, ազգային հարցերի լուծման ասպարեզում կոալիցիայից ոչինչ լավ չեմ սպասում ու չէի սպասում: Ինչ վերաբերում է ներքին կյանքում կոռուպցիայի պայքարին եւ Դաշնակցության սոցիալիստական գաղափարախոսությանը, այս առումով նույնպես Դաշնակցությունն այդ կոալիցիայում ի սկզբանե անելիք չուներ:Սակայն, ինչպես գիտեք, հետընտրական պայքարի թոհուբոհի մեջ Հայաստանին սպառնացող վտանգներից խույս տալու համար ՀՅԴ-ն իր զորակցությունը հայտնեց եւ միացավ իշխող կոալիցիային, որը ազգային հարցերի լուծմանը ձգտելու տեսանկյունից գուցեեւ ճիշտ է, սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ կոալիցիայի հետ որեւէ ազգային ուղղվածություն ունեցող ուժ, ինչպես նաեւ` ՀՅԴ-ն, անելիք չունի, քանի որ կոալիցիա կազմող ուժերը, բացի ՀՅԴ-ից, երբեւիցե իրենց կյանքում որեւէ ազգային նպատակ չեն հետապնդել, ղեկավարվել  են միայն անձնական եւ կուսակցական, որոշ դեպքերում, կարելի է ասել, կլանային շահերով: Ուստի տրամաբանորեն եւ ազգային ռազմավարական առաջնահերթություններից ելնելով ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլը պետք է համարել ճիշտ, ինչու չէ նաեւ ինչ-որ տեղ ուշացած»,-այսպես է Հետքին տված հարցազրույցում ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլը մեկնաբանել ՀՅԴ անդամ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Հայրիյանը։ Նրա կարծիքով, եթե մի քիչ շուտ լիներ այդ քայլը, «միգուցե չլիներ ապրիլի 22-ի այդ տխրահռչակ հայտարարությունը», որի բացասական հետեւանքները, ըստ նրա, հայերը դեռ երկար ժամանակ պետք է զգան:

Նա միաժամանակ ընդգծել է այն միտքը, որ, ամեն դեպքում, դա Հայաստանի մարմնի որոշումն է, իսկ Ղարաբաղի կառույցն էլ իր համար կարող է որոշում ընդունել: Իսկ ինչ պետք է անի այստեղի կառույցը, հարցին ի պատասխան Լ.Հայրիյանը հիշեցրեց, որ  կար մի ժամանակ, երբ Հայաստանում Դաշնակցությունն իշխանություն էր, իսկ Ղարաբաղում` ընդդիմություն, ինչը հստակ խոսում է դաշնակցության սկզբունքներից մեկի` ապակենտրոնացման սկզբունքի մասին:

«Դաշնակցությունն իր բոլոր կառույցներով եւ իր ապակենտրոն քաղաքականությամբ, այնուամենայնիվ, մնում է որպես մի մարմին եւ ոգի: Եթե ազգային որեւէ հարցի լուծման համար ժամանակ առ ժամանակ պարտադրված է լինում տարբեր տեղերում  վարվել արտաքուստ թվացող տարբեր քաղաքականություն, ապա մի բան պարզ է եւ հստակ` հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի մասով ՀՅԴ-ն միշտ միաձույլ է, եւ այս հարցում նրան չեն կարող մասնատել ոչ թշնամիները, եւ, ընդգծում եմ,  ոչ անգամ բարեկամները: Ինձ թվում է, այսօրվա իրողություններով եւ սպասվող վտանգերի հետեւանքով որեւէ կորուստ չունենալու համար Ղարաբաղում դաշնակցությունը պետք է մնա իշխանության կողքին: Սա, իմ կարծիքով, անհրաժեշտություն է: Սակայն, վերջնական որոշումը ՀՅԴ ղեկավար մարմնի որոշումն է, որի վրա բացի դաշնակցությունից որեւէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ինչպես արդեն քանիցս ասել եմ, դաշնակցությունն իր որոշումների ժամանակ ելնում է միայն ու միայն մի ելակետից, որն է` ազգային շահը: Այսպես եղել է 119 տարի եւ կլինի դեռ երկար»,-հավելել է ՀՅԴ անդամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter