HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չնայած բյուջեի սղությանը` Վանաձորի ավագանին զիջեց գույքահարկի մեծ պարտքը

Վանաձորի ավագանին, չնայած այս տարվա բյուջեի սղությանը, որոշեց ներել «Պրոմեթեւս Քիմպրոմի» պարտքերի մի մասը եւ «Հայաստանի էլցանցերին» նվիրել իրեն պատկանող կիսակառույց ենթակայաններից մեկը: Քիմիական համալիրը Վանաձորի տեղական բյուջեի ամենամեծ պարտատերն է, որի վերջին հինգ տարվա գույքահարկը եւ դրա չմարումից գոյացած տույժերը հասնում են 99 մլն դրամի:

Վանաձորի քաղաքապետարանն այս տարեսկզբին դիմել էր դատարան` իր պարտքը այս ճանապարհով բռնագանձելու համար, մինչդեռ երկու կողմերը փոխհամաձայնության էին եկել ու գործը փակվել էր: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը գործարանի տնօրինությանը խոստացել էր հարցը քննարկել ավագանու նիստում ու օրենսդրությամբ սահմանված կարգով ներել պարտքի տասը տոկոսը:

«Ավելի հեշտ է ընկերությանը սնանկացման տանելը, բայց մենք որոշեցինք այդ քայլին չդիմել, որովհետեւ մեր քաղաքացներին են այնտեղ աշխատում»,- իր առաջարկն արդարացնում է քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Ավագանին նիստի ընթացքում քննարկելով հարցը` որոշեց ներել քիմգործարանի պարտքի 10 %-ը` մոտ 8 մլն դրամ: Դեմ էր միայն ավագանու անդամ Արմեն Այվազյանը: Նա գտնում է, որ չկարողանալով մարել մայր գումարը` ընկերությունը, միեւնույն է, սրանից հետո էլ ի վիճակի չի լինելու փակել իր պարտքը: Արմեն Այվազյանը դեմ էր նաեւ մեկ այլ մասնավոր ընկերության` «Հայաստանի էլցանցերին» գույք նվիրելու որոշման ընդունմանը: Վանաձորի Տարոն թաղամասում կառուցված տների էլեկտրամատակարարման համար քաղաքապետը դիմել էր Էլցանցերին, որտեղից նրան առաջարկել էին էլեկտրասնուցման աշխատանքների իրականացման դիմաց իրենց հանձնել այդ թաղամասում գտնվող կիսակառույց ենթակայանը: Քաղաքապետն էլ ավագանուն առաջարկելով կիսակառույց ենթակայանը նվիրել Հայաստանի խոշոր հարկատուներից մեկին` Էլցանցերին, բացատրում էր դրա անհրաժեշտությունը. «Մենք պետք է կառուցեինք ու հանձնեինք էլցանցին, որպեսզի ապահովեր էլեկտրամատակարարումը, բայց նման գումար չունենք: Դրա համար ավելի ճիշտ է կիսակառույց ենթակայանը հանձնել նրանց, որի դիամց նրանք մնացած գործը կանեն»: «Որ ինքը կահավորի ու շահագործի, փող չպիտի աշխատի՞»,- հարցնում էր ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը: Չնայած նրա եւ ավագանու անդամ Արմեն Այվազյանի բողոքներին, ավագանին որոշեց կիսակառույց ենթակայանը նվիրել էլցանցերին: Մինչդեռ, ինչպես գտնում է ավագանու անդամ Արմեն Այվազյանը, տեղական ինքնակառավարման մարմինը նման իրավասություն չունի` «կարող էինք օտարել, թեկուզ անվճար, բայց ոչ նվիրել»: «Պոպուլեքս» փաստաբանական ընկերության փաստաբան Կարեն Թումանյանը եւս կարծում է, որ ավագանին իրավունք չունի առեւտրային կազմակերպություններին գույք նվիրել, դրանով խախտվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջը»,- ասում է նա` նշելով, թե համայնքը կարող է նվեր ստանալ, բայց առեւտրային կազմակերպությանը նվիրելու իրավունք չունի: Չնայած բյուջեի այս տարվա կրճատումներին, Վանաձորի ավագանին որոշեց նոր բաժին ու նոր կազմակերպություն ստեղծել: Ավագանու նիստում որոշվեց, որ Վանաձորի քաղաքապետարանի բաժինների թիվն ավելանալու է եւս մեկով. այն կկոչվի «Ապօրինաշինությունների օրինականացման բաժին»: Ավագանին հաստատեց նոր բաժնի հինգ հաստիքներն ու տեղական բյուջեից տարեկան նրանց հատկացվելիք 6 մլն դրամը: Ավագանու 14 անդամների մեծ մասը կողմ քվեարկելով՝ հավանություն տվին Վանաձորի քաղաքապետի այն հիմնավորմանը, թե նոր բաժնի միջոցով հնարավոր կլինի պայքարել ապօրինի շինությունների օրինականացման դեմ: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետական բաժինը, ըստ Վանաձորի քաղաքապետի, այդ աշխատանքը կատարելու հնարավորություն չունի: «Այդ բաժինն անցած 3-4 տարիներին շատ ծանրաբեռնված է աշխատում: Ճիշտ է, այս բնագավառում մեծ աշխատանք է կատարվել, բայց տեսնում ենք, որ շատ հարցեր կան, եւ ապօրինաշինության դեմ պայքարը կաղում է»,- ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետը կարծում է, որ եթե գործող բաժնում աշխատողների թիվն ավելացվեր, միեւնույն է, նրանք եւս անցնելով առօրյա գործերին՝ արդյունավետորեն չէին աշխատի ապօրինի շինությունների կառուցումը կանխելու, դրանց օրինականացման ոլորտում: Ուստի, ամենաճիշտ լուծումը նոր բաժին բացելն է, որի շնորհիվ քաղաքապետն ակնկալում է տեղական բյուջեն լցնել օրինականացման համար վճարվող գումարներով: Սամվել Դարբինյանի հետ բոլորովին համաձայն չէ ավագանու անդամ Արմեն Այվազյանը: Նա դեմ է քվեարկել նոր բաժին բացելու քաղաքապետի առաջարկին՝ այն բյուջեի համար լրացուցիչ բեռ համարելով: Ավագանու անդամը կարծում է, որ սրանով ընդամենը աշխատատեղ բացելու խնդիր է լուծվում, թե չէ` կարող էին գործող բաժնի աշխատողների վրա լրացուցիչ պատասխանատվություն դնել կամ էլ նոր աշխատող ընդունել: Արմեն Այվազյանն առանց այն էլ ուռճացված է համարում քաղաքապետարանի հաստիքացուցակը` 156 աշխատող, որոնց մի մասի աշխատանքն, ըստ նրա, անարդյունավետ է: «Մի տեղից կրճատումներ ենք անում, մյուս տեղում` ավելացնում»,- ասում է Արմեն Այվազյանը: Քաղաքապետի մեկ այլ առաջարկով ավագանին որոշեց կրճատումներ անել հաշվապահների շրջանում: Մեկ այլ որոշմամբ ավագանին ձեւավորեց «Հաշվապահ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն: Նորաստեղծ կազմակերպությամբ քաղաքապետարանի ու համայնքային ենթակայության հիմնարկների 64 հաշվապահից աշխատանքը կպահպանի 10-ը: Հաշվապահների կրճատման իմաստը ոչ միայն խնայողություններ անելն է, այլեւ գոյություն ունեցող հաստիքների գերակշիռ մասի անարդյունավետությունը: Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար Գագիկ Սիմոնյանը նոր կազմակերպության անհրաժեշտությունը ավագանու անդամներին բացատրելով՝ նշեց, թե հաշվապահների մեծ մասը համատեղությամբ է աշխատում`«այսպես փող կտնտեսենք»: «Հաշվապահ» նորաստեղծ կազմակերպությամբ տեղական բյուջեն տարեկան կտնտեսի 10-15 մլն դրամ՝ ներկայիս 30 մլն դրամ ծախսի փոխարեն: Տնտեսումների քաղաքականությամբ առաջնորդվող քաղաքապետարանն ու Վանաձորի ավագանին փոփոխություն կատարելով 2009 թ. բյուջեում՝ որոշեցին 60 մլն դրամ հատկացնել համայնքային ենթակայության հիմնարկներում ահազանգային համակարգերի ներդրման համար: Այդ կերպ տարեկան տեղական բյուջեից պահակային ծառայության վրա կծախսվի 10-12 մլն դրամ: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանի հաշվարկներով՝ մի անգամ ծախսելով ավելի քան 60 մլն դրամ, տարեկան կտնտեսվի 90-100 մլն դրամ: Այդքան գումար մինչ այդ քաղաքապետարանը ծախսել է պահակային ծառայությանը վճարելու համար: Վանաձորի ավագանին, ընդունելով 2009 թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը, արձանագրեց, որ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ եկամուտների հավաքագրման ցուցանիշների անկում է գրանցվել: Այս տարվա առաջին եռամսյակի եկամուտները հավաքագրվել են 67.1 %-ով՝ 587 մլն-ի փոխարեն հավաքագրվել է 387 մլն դրամ: Արթուր Սուքիասյանը նշեց, որ այս ցուցանիշը 36 մլն դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ա. Սուքիասյանը եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշի պատճառ է մատնանշում ֆոնդային բյուջեի գծով եկամուտների կատարման ցածր մակարդակը՝ 13.9 %: Այսինքն, ֆոնդային բյուջե 143 մլն-ի դիմաց մուտք է արվել 20 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից պակաս է 111 մլն-ով: «Սա ինչ-որ տեղ բնական է, որովհետեւ գույքը օտարման տեսակետից սահմանափակ ռեսուրս է, աստիճանաբար պակասելու է, այդ եկամուտներն էլ հետն են պակասելու»,- նշում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետը: Միեւնույն ժամանակ, առաջին եռամսյակում եկամուտների հավաքագրման նվազեցումը քաղաքապետարանում պայմանավորում են նաեւ հանրապետությունում առկա ֆինանսական իրավիճակով: Վարչական բյուջեի եկամուտների հավաքագրումը կատարվել է 84.5 %-ով, 428 մլն-ի դիմաց 122 մլն է հավաքագրվել: Այս ցուցանիշը 82.5 մլն-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Վանաձորի քաղաքապետարանն առաջին եռամսյակում ավելի շատ ծախսել է, քան հավաքագրել: Եկամուտների 67.1 % հավաքագրման դիմաց ծախսերը կազմել են 79 %: Նախորդ տարվա աշխատավարձի, քաղաքային տնտեսության ոլորտներին ուղղված 106 մլն պարտքից մնացել է 96 մլն-ը: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետը սա համարում է դրական միտում՝ հավաստիացնելով, թե տարվա ընթացքում կհասցնեն այն մարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter