Երբեւիցե կվերականգնվե՞ն Վարդենիսի քաղաքապետարանում արձանագրված շուրջ 43 մլն դրամի կորուստները
Լուսինե Թոփլաղալցյան
2008 թ. տարեվերջին ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) Վարդենիսի քաղաքապետարանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեց 42-45 մլն դրամի խախտումներ: Վարդենիսի քաղաքապետարանում հայտնաբերված օրինախախտումների առնչությամբ 2008 թ. դեկտեմբերի 10-ին Վերահսկիչ պալատի խորհրդի` Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած արտագնա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ՎՊ խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ նախկին քաղաքապետին հնարավորություն է տրվել դրամական կորուստները վերականգնելու ժամանակացույց ներկայացնել, սակայն վերջինս չի ներկայացրել:
«Այդ իսկ պատճառով գործն ուղարկվելու է դատախազություն, որովհետեւ այդ գումարներն անպայմանորեն պետք է վերադարձվեն պետբյուջե»,- հաստատակամորեն ասաց Իշխան Զաքարյանը: Վարդենիսի քաղաքապետարանն անարձագանք չի թողել իրենց գործունեությանն առնչվող հաշվետվությունը: 2009 թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության գրությունը ստանալուց մոտ մեկ ամիս հետո քաղաքապետարանը ՀՀ Վերահսկիչ պալատին իր նկատառումներն է ներկայացրել արձանագրված խախտումների արդյունքում գումարի վերականգնման ժամանակացույցի վերաբերյալ: Այս գրությունից կարելի է հասկանալ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կասեցրել է Վարդենիսի քաղաքապետարանի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման հարցերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը: Վարդենիսի քաղաքապետարանը, իր նկատառումները ներկայացնելուց հետո, խնդրել է ՎՊ միջնորդությունը շուրջ 43 մլն դրամը համայնքային բյուջե մուտքագրելու հարցում: Սակայն փաստն այն է, որ այսօր արձանագրված խախտումները չեն վերականգնվել, եւ գումարի վերադարձ գրեթե տեղի չի ունեցել: Վարդենիսի քաղաքապետարանը, ըստ էության, պարտավորվել է վերականգնել արձանագրված գումարի մոտ 2 %-ը միայն` 2006 թ. հունվարից սկսած չհաշվարկված եւ չգանձված հողի վարձակալության վճարից հաշվարկված 878 հազար դրամ տույժերը: Սակայն խնդիրն այն է, որ արձանագրված ամբողջ գումարը ներառվել է 2009 թ. համայնքի բյուջեում, ինչը կարող է հանգեցնել բյուջեի թերակատարման: Մինչդեռ արձանագրված շուրջ 44 մլն դրամի վերականգնումը հիմնականում դուրս է համայնքապետարանի իրավասությունից, հետեւապես դրա գանձումը իրավասու կառույցներից տեւական ու հետեւողական աշխատանք է պահանջում: Վերահսկիչ պալատը գումարային ամենամեծ խախտումներն արձանագրել էր 180 տ 720 մմ տրամաչափով խողովակների օտարման գործընթացում: Վարդենիսի քաղաքապետարանը կատարել է հաշվարկներ եւ տեղեկացրել Վերահսկիչ պալատին, որ դեռեւս մուտքագրված չէ 22 մլն դրամը գերազանցող գումարը, որտեղ հաշվարկված չեն համապատասխան տույժերը: Սակայն այս գումարի գանձման հարցը դուրս է քաղաքապետարանի իրավասության շրջանակներից: Մյուս հարցը, սակայն, գտնվում է քաղաքապետարանի իրավասության ներքո: «Վարդենիսի ԲԿՏ» ԲԲԸ-ն դեռեւս համայնքի բյուջե չի վերադարձրել Վարդենիս քաղաքի փողոցների աղբահեռացման եւ սանիտարական մաքրման համար իրեն ավել վճարված 2352.6 հազ. դրամը, ինչի կապակցությամբ Վարդենիսի քաղաքապետարանը, ինչպես նշված է ՎՊ-ին հղված նամակում, բազմիցս գրավոր եւ բանավոր դիմել է ընկերությանը: Սակայն նկատենք, որ նման պարագայում քաղաքապետարանը պետք է հարցը լուծի դատական ճանապարհով, քանի որ որեւէ այլ կառույց, տվյալ պարագայում` ՎՊ-ն, պարտավոր չէ իրականացնել քաղաքապետարանի բաժին աշխատանքը: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ռուբեն Խլոյանը նշում է, որ Վերահսկիչ պալատի ստուգման ակտերում, ճիշտ է, նշված են գումարներ, սակայն իրենց պարզ չէ դրանց հաշվարկների հիմքը: Այսպես` ՎՊ հաշվետվությունում նշված է, որ Վարդենիս համայնքում 2006-2008 թթ.-ի 1-ին կիսամյակում ոչ բնակելի տարածքներից չի հաշվարկվել եւ չի գանձվել 1837.9 հազ. դրամ պայմանագրով նախատեսված տույժ: Սակայն քաղաքապետարանում գոյություն չունեն քաղաքացիների հետ կնքված համապատասխան պայմանագրեր եւ ապառքացուցակ, հետեւապես իրենք չգիտեն, թե ումից գանձեն նշված գումարը: Իրենց ունեցած պայմանագրերով` ոչ բնակելի տարածքների վարձակալներն ամբողջովին վճարել են գումարները: Նմանատիպ վիճակ է նաեւ հողի օտարման գործընթացի ժամանակ պակաս հաշվարկված եւ գանձված հողի կադաստրային արժեքի (968.9 հազ. դրամ) դեպքում: Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը նկատում է, որ գնորդը մեղավոր չէ սխալ հաշվարկի համար, իսկ հիմա իրենք չգիտեն` ումից գանձել պակաս հաշվարկված գումարը: Քաղաքապետարանի կողմից «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի խախտումների պատճառով կրկին առաջացել են պակաս վճարված գումարներ: Սակայն ներկայումս գրեթե բացակայում են գումարի վերականգնման հնարավորությունները: Դրույքաչափերի սխալ կիրառումը, ինչը հանգեցրել է պակաս գանձված գումարների, հնարավոր չէ վերագրել հարկատուներին: Եթե խոսքը վերաբերում է գումարներ գանձելուն, ապա այդ հարցում պետք է լինեն կոնկրետ հասցեատերեր: Իսկ այդպիսիք դեռեւս չկան: Հասցեատերեր չկան նաեւ գույքահարկի հաշվառումից դուրս մնացած սուբյեկտների համար: Ինչպես նշված է Վարդենիսի քաղաքապետարանի` ՎՊ-ին ուղղված գրության մեջ, «քաղաքապետարանում բացակայում է վճարող սուբյեկտների անվանացանկը»: Նույն գրության մեջ նկատառում է ներկայացված նաեւ հողի հարկի ապառքների նկատմամբ 2006 թ. հունվարից հաշվարկվելիք տույժերի մասին, որոնք կազմել են 4 մլն 215 հազար դրամ: «Այն չի հաշվարկվել եւ քաղաքացիներին ժամանակին չի ծանուցվել քաղաքապետարանի` տվյալ ճյուղի աշխատողների անգործության պատճառով»,- նշված է քաղաքապետարանի վերոհիշյալ գրության մեջ: Ինչպես կարելի է նկատել, միայն համայնքի ղեկավարի փոխվելու դեպքում է հնարավոր հանդիպել նման գնահատականի: Եթե հնարավորություն ունենայինք լսել համայնքի նախորդ ղեկավարին, վերջինս իր աշխատակազմի մասին դժվար թե այդքան խիստ արտահայտվեր: Սակայն, հատկապես հողի հարկի եւ գույքահարկի գանձման գործընթացները մեզանում առաջ են բերել անհասկանալի հողի հարկի եւ գույքահարկի բազաներ, տարբեր թվեր, քանի որ հողի հարկի եւ գույքահարկի գանձման իրավասությունը պետական կառավարման տարբեր մարմինների է տրված եղել: Հաճախ հարկատուների մուծած գումարներն ուղղվել են ոչ թե համայնքային, այլ պետական բյուջե: Ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Արծրուն Դավթյանը հայտնում է, որ 2000 թ. համայնքապետարաններում ստեղծվել են հողի հարկի հաշվառման գրանցամատյաններ, սակայն ոչ բոլոր վճարումներն են տեղ գտել դրանցում: Ֆինանսական բնագավառում, որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն, 2003 թ. սկսած` համայնքներին է փոխանցվել գույքահարկի եւ հողի հարկի գանձման իրավասությունը: Այս լիազորության լիարժեք իրականացումը դեռեւս ընթացքի մեջ է, չնայած կան որոշ դժվարություններ: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ռ. Խլոյանը նշում է, որ հողի հարկի բազան Վարդենիսի քաղաքապետարանին փոխանցվել է 2008 թ. նոյեմբերի 28-ին: Ներկայումս, իրենց ունեցած տվյալներով, հողի ապառքները կազմում են շուրջ 70 մլն դրամ, ինչպես նաեւ գոյացել են շուրջ 60 մլն դրամի տույժեր եւ տուգանքներ: Ֆինանսատնտեսագիտական բաժնի մասնագետ Արամ Շաբոյանը նշում է, որ Վարդենիս քաղաքի բնակիչներից մոտ 6 հազարը բացակայում է: Նրանցից գրեթե 4 հազար բնակիչներ հիմնական բացակայողներ են: Արդյունքում` շուրջ 1200 հարկատու վճարում չի կատարում: Գույքահարկի բազայում ունեն մինչեւ անգամ 1948 թ. արտադրության ավտոմեքենա, որը հաշվառումից հանված է եւ գոյություն չունի, սակայն այդ մեքենայի գույքահարկի ապառքը կազմում է 407 հազար դրամ: Գույքահարկի պարտքեր են առաջանում նաեւ նրանից, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու ժամանակ հաշվի չի առնվում, թե որքան է կազմում տվյալ տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտքը: Այս ամենը հանգեցնում է «կեղծ» ապառքների գոյացմանը: Դեռ պարզ չէ, թե երբեւիցե կվերականգնվե՞ն Վարդենիսի քաղաքապետարանում արձանագրված շուրջ 43 մլն դրամի կորուստները: Դրանք առաջացել են կոնկրետ ժամանակաշրջանում, կոնկրետ մարդկանց աշխատանքի արդյունքում: Կգտնվե՞ն այդ մարդիկ, թե՞ մեզանում բացակայում են նման խախտումներ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու իրական եւ իրավական երաշխիքները: Երբ կոչեր են հնչում, թե այդպիսի երաշխիքներ մեր երկրում կան, պարզապես անհրաժեշտ է դրանք գործով հիմնավորել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել