HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գարնան սիբեխը թեթեւացնում է գյուղացու կյանքը. տնտեսական ճգնաժամը հասել է գյուղացուն

Տնտեսական ճգնաժամը դժվար կացության մեջ է դրել նաեւ կաքավաբերդցի տիկին Սիրուշի ընտանիքին: Նրա տղաներն էլ չեն գնացել Ռուսաստան, գործ չկա: Տիկին Սիրուշին համագյուղացի երեք կանանց հետ հանդիպեցինք Կաքավաձոր գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող դաշտում: Սիբեխ էին հավաքում, բայց ոչ թե վաճառելու, այլ իրենց օրվա ճաշի համար. «Կարտոլ, մակարոն ուտելով զզվել ենք»,- ասում է Սիրուշը:

Նա բազմազավակ մայր է` հինգ երեխա ունի, որոնցից երեք տղաները արդեն ընտանիք են կազմել, սակայն շարունակում են բնակվել մի տանիքի տակ. «Ով է օգնում, ով է հաշվի առնում, որ բազմազավակ իմ, ինչից եմ օգտվել, պետության ոչ մի բանից չեմ օգտվել, մեր դառը քրտինքով աշխատում ենք, բայց տուն չենք կարողանում շինիլ, ինչ անինք: Մերոնք էլ դեռ խոպան չեն գնացել, վատ է, չեն կրնա դուրս գնալ»: 27_04-antaram

Ի տարբերություն Սիրուշի, կանանցից մյուսը` տիկին Անթառամը, դժգոհում է, որ ամուսինը ամեն տարի գնում է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Բրյանսկ քաղաք, եւ տան բոլոր հոգսերը մնում են իր ուսերին. «Այո, ամուսինս խոպան է` շոֆերություն է անում, ամեն տարի գնում ա:  Շատ դժվար է, բայց երեք երեխաներիս պահանջներն ապահովելու համար յոլա եմ տանում. ուզում ես համ երեխադ լավ ապրի, համ էլ ամուսինդ տանը լինի, չէ, էդ ստացվող բան չի»,- նշում է նա: 27_04-sirush

Սիրուշն էլ հակաճառում է, թե հնարավոր է, եթե «կամիսիոն» (խանութ) ունես. «Մեր գյուղում կարելի է ապրիլ, այ մի քանի հոգի կապրին, ով կամիսիոն ունի եւ գյուղապետարանում կաշխատի, ով ռոճիկավոր է, դրանք էլ կապրին»,- ամփոփում է տիկին Սիրուշը: Թամարան էլ լսելով խոսակցությունը` հակադրվում է. «Մենք էլ մի թեթեւ կամիսիոն ունեինք, էն էլ փակեցինք, ոչ էլ աշխատեցինք: Փակեցինք, որովհետեւ հարկայինը չթողեց, հետո էլ սաղ պարտք տարան, ոչ էլ վերադարձրեցին»: Կանայք հիշում են ոչ վաղ անցյալը, երբ գյուղում թութուն էին մշակում, հանձնում, երբ կոլխոզ էր, կարի ֆաբրիկա, լիմոնադի ցեխ կար. «Ես էն ժամանակ թութուն էի մշակում, իսկ հիմա հավաքարար էլ կաշխատեմ, չնայած գեղարվեստի դպրոցն եմ սովորել, բայց հիմա էս սարերի քյալեն ոչ մի աշխատանք, ոչ մի բան»,- դառնացած ասում է Սիրուշը: Երբ հրաժեշտ տվեցինք, Անթառամը Սիրուշին ասաց, թե իզուր չէ, որ եկել են բանջար հավաքելու. «Ըսել, խոսելն էլ պետք է, տեսար` եկանք բանջար հանելու, խոսեցինք,  ցվրվեցինք»: Հետո առաջարկեցին մի տոպրակ իրենց հավաքած սիբեխից վերցնենք հետներս: Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղն ունի 1200 բնակիչ: Կաքացվաձորցիների նախնիները Սասունի քսաներկու գյուղերից այստեղ են տեղափոխվել Մեծ Եղեռնից հետո: Կաքավաձորցիներն ավանդապաշտ են, իրենց նախնիների ավանդույթներն ու սովորույթները սրբորեն պահպանում են, պարում են Յարխուշտա, նաեւ վստահեցնում են, որ գյուղում չկա մեկը, ով երգել չիմանա: Սակայն պարելու եւ երգելու առիթները քիչ են, փոխարենն ավելանում են դժվարությունները: 27_04-seryoja

Գյուղապետ Սերյոժա Մուրադյանը թվարկում է. «Աշխատանք չկա, ոռոգման ջուր չունենք, մեր գյուղը սակավահող է` 850 հա վարչական տարածքն է, որից 184 հա է վարելահող: Ոռոգելի են միայն տնամերձ տարածքները, խմելու ջուրը հատկապես ձմռանը չի հերիքում, քանի որ գծերը սառում են եւ վայրկյանում մի լիտր ջուր է գալիս»: Նախկինում գյուղը ուներ Արզնի-Շամիրամից սնվող, վայրկյանում 100 լիտր ջուր ապահովող ոռոգման ջրագիծ, որը պոմպակայանի սարքերի հետ միասին լիովին թալանվել է դեռեւս խորհրդային տարիներին: Գյուղապետն ասում է, որ նոր ջրագծի համար «թակել են բոլոր փակ դռները», սակայն պատասխան չեն ստացել. «150 հազար դոլար է պետք ջրագիծ ունենալու համար, Արզնի-Շամիրամից պետք է քաշվի ջրագիծը: Դա որ լինի, նորմալ գյուղ կդառնա, 450 հա կոռոգվի: Հողային աշխատանքը կարող են իրենց վրա վերցնել գյուղացիները»: 27_04-hayk

Կաքավաձորցի Հայկը վստահեցնում է, որ եթե գյուղում ոռոգման ջուր լինի, ամեն ինչ էլ կաճի ու իենց կյանքում շատ բան կարող են փոխել.  «Այսօր հիմնականում գարի եւ ցորեն են ցանում գյուղացիները, սակայն հույսը անձրեւն է»,- ասում է Հայկը: Գյուղացիների ապրուստի հիմական միջոցը դարձել է անասնապահությունը, սակայն Կառավարության որոշումը, ըստ որի գյուղի 700 գլուխ անասունի արոտը համայնքին կից չլինելու պատճառով պետք է կցվի այլ համայնքի, դարձել է հերթական մտահոգության պատճառ: «1200 բնակիչ ունեցող գյուղից տարածքը վերցնում են, տան հարեւան եզդիաբնակ գուղին, դա անելու բան չի»,- ասում է գյուղապետը: Կաքավաձորի հարեւանությամբ եզդիների Բայսզ գյուղն է` 15 տնով: Վերջիններս այդ տարածքում հայտնվել են սասունցիներից հարյուր տարի վաղ, սա է պատճառը, որ նրանց տարածքում է գտնվում նաեւ հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին: «Եկեղեցին 13-րդ դարի է, եղել է գյուղի թաղամասերից մեկը: Եզդիները իրենց գյուղն անվանակոչել են Բայսզ, ինչը նշանակում է առանց գլխի, քանի որ եկեղեցու գմբեթը չի եղել»,- ասում է Սերյոժա Մուրադյանը եւ նշում, որ եկեղեցին բարերարի միջոցներով 90 տոկոսով վերանորոգվել է: Բյուջեի հաշվին 2004 թ. վերանորոգվել է գյուղի դպրոցը, որը, սակայն, գույքի կարիք ունի: Դպրոցականների թիվը տարեցտարի նվազում է: 27_04-valeri

40 տարվա մանկավարժ Վալերի Խաչատրյանը միանգամից բացատրում է. «Երեխաների թիվը պակասում է, որովհետեւ ողջ ջահելությունը արտագնա աշխատանքի է գնում Ռուսաստան: Աճ որտեղից լինի. գնում են, ամուսնանում, մնում դրսում»: Անցած տարի 160 գյուղացի է գնացել Ռուսաստան, նրանցից 10-ը չի վերադարձել: Գյուղապետն ասում է, որ այս տարի գնացողները շատ քիչ են, քանի որ աշխատանք չկա: Արմենը, որ մի քանի  տարի արտագնա աշխատանքի է գնացել, այս տարի դեռեւս չի մեկնել: «Անցած տարի Մոսկվայում դպրոցի շինարարության վրա ենք աշխատել, այս տարի դեռ գործ չկա, սպասում եմ, որ լինի` զգուշացնելու են»,- ասում է Արմենը:

«Ոչխարները լավ ին, ոչխար պահողները հոմ լավ չին»

Գյուղի ներքեւի արոտայրում հովիվները ոչխարներն էին արածացնում: -Էս ինչ լավ, չաղ ոչխարներ են,- նկատում ենք: -Ոչխարները լավ ին, ոչխար պահողները հոմ լավ չին,- պատասխանում է հովիվ Լեւոնը: 27_04-harut Վերջինս Արտակի եւ նրա եղբորորդու` Հարութի հետ նստած են քարին: Գյուղում հերթով են հոտը բերում արածացնելու` մի հատ ոչխարին` մի օր. «Ես տասը հատ ոչխար ունեմ, տարեկան 10 անգամ բերում եմ»,- բացատրում է Արտակը: Չնայած խոսում են մեզ հետ, բայց ուշի-ուշով հետեւում են, որ իրենց հոտերը չխառնվեն. «Եթե խառնվին, պիտի ընկնենք հետո գտնենք, հենց գնաց գեղի մեջ, տեր չիս, կմորթեն կուտեն»,- ասում է Լեւոնը: Սակայն եթե նույնիսկ մորթեն ու ուտեն, Լեւոնը կհասկանա, քանի որ. «էս սարերի, էս քարերի մեջ գյուղացին ոնց պիտի ապրի: Ես էլ անասուն կպահիմ, բայց ինչ օգուտ. տեղ չկա արածացնելու, գյուղից մինչեւ ստեղ երկար ճանապարհ է: Մի ամիս հետո էս խոտն էլ չկա, ես էլ երեք երեխա ունեմ, զոռով-շառով կպահիմ»: Արտակն էլ ավելացնում է. «Բոլորը անձրեւի հույսին են էս գյուղում, ժողովուրդը ցորենը ցանեց, խեղճ ժողովուրդն ինչ անի, հենց կարկուտ եղավ, դրա տերն էլ չի»: Արտակը երեք եղբայր ունի, իսկ նրանց սեփականաշնորհած հողը ընդամենը հեկտարուկես է.  «Դե արի մի հեկտար ու կեսով 3 ընտանիք պահի: Արարատյան դաշտավայրի հողը չի ստեղ, որ կես հա վարես, փող հանես: Անցյալ տարի էս գյուղի տարածքից մի ցորենի ճյուղ չի քաղվել.  ջուր չկա, անձրեւ չկա»,- դժգոհում է եւ երանի տալիս հարեւան եզդիներին, որ գիտեն իրենց ապրելու ձեւը: 27_04-artak

«Մի եզդի գիտեմ` 400 գառ ունի, հարցրեցի, թե ինչու չի ծախում, ասաց` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մի հատը 100 դոլարով կվաճառի: Հայերս խեղճ ենք. ես ունեմ երկու երեխա, եզդին ունի` 10-20, ամեն մեկին ասում է, թե` Չալո', դու սրա հետեւ գնա, Բեշո', դու դրա հետեւ գնա, ապրում ա, էլի, եզդին հայ չի, գիտի իր ապրելու ձեւը»,- ասում է Արտակը: Լեւոնն էլ հակաճառում է, թե «առաջներում լավ էին ապրում, կեսը զավոդում էր աշխատում, կեսը քարհանքում էր, կեսը` ֆերմաներում, պարապ մարդ չկար»: Այսօր, սակայն, գյուղի քարհանքերում աշխատում են 4-5 մարդ` ծանր աշխատանքի դիմաց ստանալով փոքր աշխատավարձ: Այժմ հովիվների հույսը նոր գործարանն է. «Նոր են դրել, քարի ստանոկների զուբեր ենք պատրաստում, ես էլ եմ աշխատում, դեռ 4 բանվոր ենք: Երեւանից մի տղա է եկել գործարանը բացել, ինքն անծանոթ է գյուղին, բայց ինչ-որ մի ծանոթ ուներ Հրանտ անունով, բերեց էդ տղային, սա էլ Երեւանի առաջվա «Օրբիտա» մայր գործարանի մասնաճյուղի տերիտորիան առավ»,-պատմեց Արտակը: 27_04-levon

Լեւոնն էլ չգիտի, թե ով պետք է բարելավի իրենց կյանքն ու հրաժարվում է խորհուրդներ տալ նախագահ Սերժ Սարգսյանին, չնայած նրան է ընտրել: «Պրեզիդենտ եղել է, պիտի ինքը գիտնա` ինչ անիլ, ես շատ գիտնամ, որ ասեմ մածունը սեւ է, կդառնա սեւ: Չի դառնա»,- հուսալքված ասում է Լեւոնը: Լուս.` Հակոբ Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter