
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի և Անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր միջև: Վեճը ծագելէ այն բանից հետո, երբ Արթուր Բաղդասարյանի եղբայրը «մտել է» Լևոն Սարգսյանի «բիզնես դաշտ» և սկսել է իրեն այնտեղ «լավ զգալ» (խոսքը համակարգչային տեխնիկայի ներկրման մասին է): Պատգամավորն էլ որոշել է պրոֆիլակտիկ ծեծի միջոցով վերահաստատել դիրքերը ոլորտում:
Անիմաստ արդարացում
«Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմը հստակ պարզաբանում տվել է. դա կարող է լինել պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով` ոչ թե ցեղասպանության փաստը վիճարկելու, այլ պատմական փաստերն ուսումնասիրելու համար»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«ՉԻ» - Պրն Շարմազանովն ակնհայտորեն չգիտի, որ «Քաչալ Հասանի» և «Հասան քաչալի» միջև որևէ էական տարբերություն չկա: Ենթադրենք` հայ և թուրք գիտնականները համատեղ հանձնաժողով են ստեղծում և ուսումնասիրում, թե, օրինակ, քանի հազար հայ է սպանվել այսինչ թվականին, այսինչ բնակավայրում, ու հանկարծ թուրք պատմաբանները հայտարարում են, որ նման բան ընդհանրապես չի եղել: Բանավեճը մեխանիկորեն տեղափոխվում է այլ հարթություն` եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, քանի դեռ որևէ երևույթի էության վերաբերյալ միասնական կարծիք չկա, «մանրամասները» ուսումնասիրելն անիմաստ է: Չեն կարող, չէ՞, երկու գիտնական համատեղ ջանքերով ուսումնասիրել, ասենք, նոր գալակտիկան, եթե գիտնականներից մեկը գտնում է, որ դա ոչ թե գալակտիկա է, այլ ձմերուկների կուտակում: Այնպես որ, քանի դեռ Թուրքիան ցեղասպանությունը չի ընդունել, «պատմական փաստերի համատեղ ուսումնասիրությունն» անիմաստ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել